Լրահոս
Օրվա լրահոսը

Այս իշխանությունը կոմպետենտ չէ հարցեր լուծելու, առավել ևս՝ բարդ իրավիճակներում. Վիգեն Հակոբյան. «Փաստ»

Նոյեմբեր 05,2024 10:33

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Այն, ինչ տեղի ունեցավ և դեռևս տեղի է ունենալու Գյումրիում, դա Նիկոլ Փաշինյանի ժամանակաշրջանին բավականին տիպիկ գործելաոճ է: Այս իշխանությունը, որն իրեն համարում է ժողովրդավար իշխանություն և հայտարարում է, թե Հայաստանում այլևս ընտրություններ չեն կեղծում, ընտրել է բավականին յուրահատուկ մի մոդել»,- «Փաստի» հետ զրույցում նման կարծիք է հայտնում քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանն՝ անդրադառնալով Գյումրու քաղաքապետի հրաժարականին:

Կարծիքներ են շրջանառվում, որ գործող իշխանությունը ցանկանում է լիակատար քաղաքական ներկայություն ունենալ նաև Հայաստանի երկրորդ խոշոր քաղաքում, և սրանք նրա որոշակի գործողությունների հետևանքներն են: Քաղտեխնոլոգը կարծում է՝ ընտրությունների ընթացքը, բուն ընտրությունները, նույնիսկ արդյունքների հրապարակումը տեղի են ունենում առանց շատ տեսանելի կամ լուրջ ընտրախախտումների: «Բայց, ըստ էության, որևէ նշանակություն չունի՝ Հայաստանում ժողովրդավարական ընտրություններ են լինում, թե ոչ, իրենց ընթացակարագով կարող են և ժողովրդավար լինել, բայց եթե արդյունքը չի բավարարում իշխանություններին, ապա այն չեն ճանաչում, տարբեր ուժային մեթոդներով այն վերանայում են, եթե հաղթած թեկնածուն չի կոտրվում, ապա իրեն ձերբակալում են կամ ինչ-որ մեխանիզմներով՝ տարբեր տիպի կաշառքներով, վախեցնելով, փոխում են հարաբերակցությունն ավագանիի կազմում, և ընտրությունների արդյունքները փոխում են իրենց կողմ»,նշում է մեր զրուցակիցը:

Նրա խոսքով, ակնհայտ է, որ աշխարհաքաղաքական իրավիճակը ևս այսօր բավականին բարդ է: «Ընդ որում՝ այն այս կամ այն չափով առնչվում է Հայաստանի հետ: Մերձավոր Արևելքում հնարավոր պատերազմն ուղղակիորեն առնչվելու է Հայաստանի հետ, այն որպես տարածք ներգրավված է լինելու դրա մեջ: Հայաստանը դառնալու է փոխանցիկ դրոշ շահագրգիռ տարբեր ուժերի համար՝ որպես տարածք, գործոն և մանրադրամ: Չեմ կարծում, թե Վրաստանի մասով լուրջ զարգացումներ են սպասվում: Եթե ընտրություններից հետո ընդդիմությունը չի կարողացել այդքան ռեսուրս գեներացնել, որպեսզի վիճարկի ընտրությունների արդյունքները, եթե լուրջ աջակցություն այդ ընդդիմությունը չի ստացել Արևմուտքից, և փաստորեն չի ստացել, քանի որ հայտարարությունները բավականին մեղմ էին, և այլն, ուստի չեմ կարծում, որ այնտեղ հետընտրական զարգացումները նոր թափ կստանան: Այնտեղ ուժերի որոշակի բալանս կա, կարծում եմ՝ բավականին ակտիվ ընթանում են հետկուլիսային պրոցեսներ, բանակցություններ իշխանության, ընդդիմության մեկ կամ երկու բևեռի հետ: Կա նաև Արևմուտքի միջամտությունը, ինչ-որ կոնսենսուսի գալու են: Կա նաև ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների անորոշության գործոնը: Այդ նույն գործոնն ազդում է նաև Մերձավոր Արևել յան գործընթացների, մասնավորաբար՝ Իրանի և Իսրայելի միջև հնարավոր կոնֆրոնտացիայի էլ ավելի սրման վրա»,-նշում է մեր զրուցակիցը:

Կարծիք է հայտնում՝ այս իրավիճակում ինչպե՞ս Հայաստանի իշխանությունները զբաղվեն նույն տնտեսության զարգացմամբ, երբ կոմպետենտ չեն: «Քաղաքական առումով կապիտուլյանտական դիրքորոշում ունեն, իրենց համար չկա արժեք, որը չի կարելի հանձնել հանուն իշխանության: Կոմպետենտ չեն որևէ հարց լուծելու՝ թե՛ պրոֆեսիոնալ, թե՛ կամային, թե՛ մարդկային որակներով: Ադեկվատ չեն այսօր աշխարհում տեղի ունեցող զարգացումներին: Նույն տնտեսության պարագայում այսօր այն, ինչ ունենք, ինքնահոսով, անկախ իշխանությունների կամքից տեղի ունեցող գործընթացներ են: Այսօր տնտեսությունն անկման մեջ է: Արտաքին գործոնների վրա հիմնված իբր «տնտեսական աճն» ինչպես եկել է, այնպես էլ գնում է: Այս իշխանությունը կոմպետենտ չէ հարցեր լուծելու, առավել ևս՝ բարդ իրավիճակներում, քանի որ այսօրվա կառավարությունը պատահական մարդկանց հավաքածու է, որովհետև նրանց ընտրել են ոչ թե բանիմացության, այլ իշխանական այս կամ այն կլանին մոտիկ լինելու հանգամանքով»,եզրափակում է Վիգեն Հակոբյանը:

Լուսինե ԱՌԱՔԵԼՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930