Լրահոս
Օրվա լրահոսը

Աննա Հակոբյանի կազմակերպած ընթրիքի գրեթե բոլոր մասնակիցներն ունեցել են կապ քրեական գործերի, կալանքների, անգամ՝ հետախուզումների հետ. «Ժողովուրդ»

Նոյեմբեր 05,2024 10:14

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի՝ «Հաջողակից՝ սկսնակին» ծրագրի շրջանակում կազմակերպված «Երիտասարդի երազանք» նախագծի բարեգործական ընթրիքին մասնակցել էր 62 հաջողակ տղամարդ գործարար, ինչի արդյունքում «Իմ քայլը» հիմնադրամը հավաքել է 62 մլն դրամ։ Հարկ է նշել նաեւ, որ երեկույթից առաջ շրջանառվող տեղեկության համաձայն՝ մասնակիցների նախնական թիվը 52-ն էր, իսկ մուտքավճարը՝ 1 մլն դրամ։ Արդյունքում, «Իմ քայլը» հիմնադրամը «շահեց» 10 մլն դրամ ավելի։ Այս մասին հայտնել են «Իմ քայլը» հիմնադրամից: Ուսումնասիրելով, թե ովքեր են «Իմ քայլը» հիմնադրամի նվիրատուները, հետաքրքիր փաստեր ենք արձանագրում. Աննա Հակոբյանի կազմակերպած ընթրիքին մասնակցել է Վարդան Ալեքսանյանը՝ Dignisi անշարժ գույքի գործակալության տնօրենը։ Նա անցնում է մի քրեական գործով, ըստ որի՝ նա խոշոր չափի վնաս է հասցրել երկու տասնյակից ավելի անձանց։ Բանն այն է, որ Վարդան Ալեքսանյանը «Հավերժ Մուսալեռ» ՍՊԸ-ի տնօրենն էր, որը ղեկավարում էր նաեւ «Ալեքսանյան ընդ փարթներս» եւ «ՌՎ» ՍՊ ընկերությունների գործունեությունը։ Նրա նկատմամբ 2010-ին ոստիկանության քննչական գլխավոր վարչությունում խարդախության փաստով քրեական գործ էր հարուցվել, խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը եւ հայտարարվել էր հետախուզում։

Հայտնի է դարձել նաեւ, որ նրան մեղադրանք է առաջադրվել Արմավիրի մարզի «Մուսալեռ» հուշահամալիրի հարեւանությամբ գտնվող հողատարածքները, առանց համատեղ սեփականատերերի իմացության, ՀՀ եւ օտարերկրյա քաղաքացիներին վաճառելու համար։ Ըստ ոստիկանության 2010 թ. հաղորդագրության՝ նա այդկերպ, 26 անձի վնաս պատճառելով, հափշտակել է 309 միլիոն 657 հազար դրամ:

Ընթրիքին մասնակցում էր նաեւ DIGNISI անշարժ գույքի գործակալության համահիմնադիր Կարեն Անախասյանը։

Աննա Հակոբյանի հետ ընթրելու էր եկել նաեւ «Նոր Զովք» սուպերմարկետների ցանցի փոխտնօրեն Ռաֆայել Խաչատրյանը։

Հիշեցնենք, որ դեռ 2023 թվականի մարտին ձերբակալվել էին «Նոր Զովք» ընկերության սեփականատեր Ա.Ա.-ն, տնօրեն Ռ.Ա.-ն, գլխավոր հաշվապահ Ս.Ս.-ն, ծրագրային ապահովման ոլորտում գործունեություն իրականացնող ՍՊԸ սեփականատեր Վ.Ս.-ն՝ «Նոր Զովքում» առերեւույթ հարկային չարաշահումներ կատարելու, տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ իրացման շրջանառությունն առանձնապես խոշոր չափերով նվազ ցույց տալու միջոցով հարկային պարտավորությունները չկատարելու համար։

Աննա Հակոբյանի հիմնադրամին գումար նվիրաբերելուց հետո՝ ՀՀ ՊԵԿ նախագահն արեց սպասված եւ ակնկալելի հայտարարություն. «Մոտավորապես 4.2 մլրդ գումար վերականգնվել է, եւ մեր օրենսդրությամբ նախատեսվում է, որ եթե հարկերն ու տույժերը վերականգնվում են պետական բյուջե, պետությանը պատճառման վնասը հատուցվում է, քրեական վարույթը ենթակա է կարճման»:

Ռուստամ Բադասյանն անդրադարձել էր նաեւ այն հանգամանքին, որ «Նոր Զովքի» սեփականատերերը մասնակցել են նաեւ ընթրիքին, սակայն Բադասյանը գործի կարճման պատճառը չհամարեց ընթրիքին մասնակցելը։

Այնինչ, գրեթե բոլոր մասնակիցներն ունեցել են առերեւույթ կապ քրեական գործերի, կալանքների, անգամ՝ հետախուզումների հետ։

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930