Լրահոս
Օրվա լրահոսը

Հարիսը, Թրամփը, հայաթափված Արցախն ու ԱՄՆ-ի «պատմական» ընտրությունները

Նոյեմբեր 05,2024 10:04

Խիստ կարեւոր է, թե Հայաստանի իշխանական վերնախավն ինչ տեսլական ունի Հայաստանի ապագայի համար եւ որքանով է նախաձեռնողական գերտերության հետ հարաբերությունները կառուցելիս

Միացյալ Նահանգներում այսօր կորոշեն, թե ով է լինելու գերտերության 47-րդ առաջնորդը։

Դեմոկրատների նախագահի թեկնածուի՝ Քամալա Հարիսի եւ հանրապետականների թեկնածուի` Դոնալդ Թրամփի վարկանիշները վերջին օրերին գրեթե նույնն էին։

Թեժ մրցապայքարով հնարավոր արդյունքի դեպքում էլ այս ընտրությունները  շատերը «պատմական» էին անվանում` թե՛ Միացյալ Նահանգների համար, թե՛ աշխարհի տարածաշրջանում հակամարտությունների հնարավոր զարգացումների տեսանկյունից, սկսած` Ուկրաինայում պատերազմից, մինչեւ` Մերձավոր Արեւելքի խնդիրներ:

Հարավային Կովկասի երկրների, Իրանի նկատմամբ քաղաքական գծի վերաբերյալ Վաշինգտոնի հետագա վերաբերմունքն ու գործողությունները նույնպես կապվում են այս կամ այն թեկնածուի ընտրության հետ: Հայաստան-Ադրբեջան խնդիրների կարգավորման հնարավոր ելքը եւս` այս կամ այն կերպ քաղաքական գործիչները, փորձագետները կապում են ԱՄՆ նախագահի ընտրության հետ:

Նոյեմբերի 3-ին ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը զանգահարել է Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսին, հաղորդեցին կաթողիկոսությունից։ Ըստ հաղորդագրության՝ Թրամփը վերահաստատել է իր աջակցությունն Արցախի հայերին եւ տարածաշրջանում խաղաղություն հաստատելու ջանքերին։ ԱՄՆ-ում կայանալիք ընտրություններին ընդառաջ կայացած հեռախոսազրույցի ժամանակ նախագահի թեկնածուն նաեւ ողջունել է ամերիկահայ համայնքին։ Հայաստանի վերաբերյալ Թրամփն այս անգամ որեւէ հայտարարություն չի արել:

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության փոխանցմամբ՝ Արամ Ա կաթողիկոսը շնորհակալություն է հայտնել «Արցախի հայության իրավունքների վերաբերյալ նրա հրապարակային հայտարարության համար»՝ ընդգծելով Միացյալ Նահանգների միջազգային դերակատարության կարեւորությունը: Նա Դոնալդ Թրամփին ասել է, որ անհրաժեշտ է՝ ԱՄՆ նոր կառավարությունն ամբողջական զորակցություն հայտնի իր պատմական հողերը վերադառնալու եւ ինքնորոշման իրավունքը վերահաստատելու Արցախի հայության արդար պահանջին՝ «հաշվետվություն պահանջելով արցախահայության դեմ գործադրված ցեղասպանության համար», ինչպես նաեւ նոր կառավարության մեջ ընդգրկված լինի ամերիկահայ համայնքը ներկայացնող անձ։

Մոտ երկու շաբաթ առաջ Թրամփը հայտարարել էր, որ երբ դառնա նախագահ, կվերականգնեն խաղաղությունը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ՝ չնշելով, թե ինչպես է դա անելու։ «Երբ ես դառնամ նախագահ, ես կպաշտպանեմ հալածված քրիստոնյաներին, կաշխատեմ դադարեցնել բռնությունն ու էթնիկ զտումները, եւ մենք կվերականգնենք խաղաղությունը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ», – իրեն պատկանող Truth սոցիալական ցանցում գրել էր ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու, նախկին նախագահ Դոնալդ Թրամփը՝ չնշելով, թե ինչպես է դա անելու։

Թրամփը միեւնույն ժամանակ քննադատել էր ԱՄՆ փոխնախագահ, դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Քամալա Հարիսին՝ շեշտելով, որ վերջինս «ոչինչ չարեց, երբ 120 հազար հայ քրիստոնյաներ դաժանորեն հալածվեցին եւ բռնի տեղահանվեցին Արցախից»: Ավելի վաղ Թրամփը հայտարարել է, որ ընտրվելու դեպքում կկարգավորի նաեւ հակամարտությունն Ուկրաինայում՝ նույնիսկ նախքան պաշտոնը ստանձնելը։ Սակայն չի մանրամասնել, թե ինչպես է նա դրան հասնելու։

Հարկ է, սակայն, նկատել, որ Ալիեւն` իրեն սատարող պետությունների գործուն աջակցությամբ հենց Թրամփի նախագահության շրջանում` 2020 թվականին 44-օրյա պատերազմը սանձազերծեց Արցախում, որի արդյունքում էլ 2023թ. սեպտեմբերի 19-20-ը Ադրբեջանի իրականացրած ռազմական ագրեսիայի հետեւանքով Արցախը հայաթափվեց, 100 հազարից ավելի արցախցիներ լքեցին իրենց հայրենիքը:

ԱՄՆ փոխնախագահ եւ նախագահի Դեմոկրատական կուսակցության թեկնածու Քամալա Հարիսն էլ Հայաստանի Անկախության օրվա առիթով ամերիկահայ համայնքին հղած շնորհավորական ուղերձում կարեւորել էր Լեռնային Ղարաբաղի հայերի վերադարձի իրավունքը` նշելով. «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տներն անվտանգ վերադառնալու իրավունքը չափազանց կարեւոր է հայ ժողովրդի արժանապատվությունը եւ տարածաշրջանում կայունությունը վերականգնելու տեսանկյունից»:

Ուղերձում Հարիսը նշել էր, որ հարկավոր է նաեւ միշտ հիշել Հայոց ցեղասպանության ողբերգությունը, որը շարունակում է ձեւավորել հայ ժողովրդի ինքնությունը։ «Ամերիկահայ համայնքի տոկունությունը ոգեշնչման աղբյուր է մեր ընդհանուր ամերիկյան պատմության համար», – ընդգծել էր փոխնախագահը:

Քամալա Հարիսը նշել էր նաեւ, որ հավատարիմ է Հայաստանի եւ նրա հարեւանների միջեւ կայուն խաղաղության հաստատմանը, որը հաշվի կառնի երկրների ինքնիշխանությունը, անկախությունը եւ տարածքային ամբողջականությունը: ԱՄՆ-ի փոխնախագահը վստահեցրել էր, որ կշարունակի աջակցել Հայաստանին ժողովրդավարության ամրապնդման եւ տարածաշրջանում կայունության հաստատման ջանքերում: «Հավատարիմ եմ մեր երկրների միջեւ կապերի խորացմանը եւ գործընկերային հարաբերությունների ամրապնդմանը: Միասին կարող ենք կառուցել ավելի ապահով, արդար եւ ազատ աշխարհ»,- գրել էր Հարիսը:

Անկախ նրանից, թե ո՞վ կղեկավարի Սպիտակ տունը առաջիկա 4 տարիների ընթացքում, Վաշինգտոնի վարած քաղաքական գիծը ի՞նչ ազդեցություն կունենա մեր տարածաշրջանի վրա, խիստ կարեւոր է, թե Հայաստանի իշխանական վերնախավն ինչ տեսլական ունի Հայաստանի ապագայի համար, մասնավորապես` ԱՄՆ-ի հետ հարաբերություններում ինչ փոփոխություններ է պատկերացնում եւ որքանով է նախաձեռնողական գերտերության հետ հարաբերությունները ի նպաստ Հայաստանի շահի կառուցելիս:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 05.11.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930