Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչի՞ համար ենք մենք՝ ուղեւորներս, վճարում

Նոյեմբեր 05,2024 10:00

Որքա՞ն պետք է թանկանա տրանսպորտը եւ արդյոք պե՞տք է ընդհանրապես թանկանա: Այս հարցի քննարկումն ինձ մեկ այլ խնդիր է հիշեցնում: Պաղպաղակ ուտելը, ենթադրենք, երջանկություն է: Կյանքի ընկերոջը կամ ընկերուհուն հանդիպելը՝ նույնպես: Քանի՞ հատ պաղպաղակ պետք է ուտել, որպեսզի առաջանա այդ՝ կյանքի ընկերոջ հետ կապված երջանկության զգացումը: Նյութական եւ ոչ նյութական գործոնները համեմատելը դժվար է:

Թանկացման համար սովորաբար բերվում է հետեւյալ հիմնավորումը՝ «հուսահատության Գազելը» եւ ժամանակակից ավտոբուսները տարբեր գին ունեն: Այո՝ մասամբ համաձայն եմ. ավտոբուսում կանգնած ճխլվելը համեմատաբար ավելի «հաճելի է», քան «Գազելում» «շախմատային ձիու» դիրք ընդունելով: Այդ անվիճելի առավելությունն արժե՞ 200 կամ 300 դրամ:

Խնդիրն այն է, որ մնացած բոլոր առումներով հարմարավետություններ չեն ստեղծվել: Սկսենք նրանից, որ, օրինակ, 8,5 մետրանոց լեփ-լեցուն ավտոբուսում ես հնարավորություն չունեմ մոտենալու վճարման միակ սարքին, իմ հեռախոսի հավելվածով վճարելու համար: Իսկ իմ հեռախոսը կամ (եթե հետագայում լինի) բանկային քարտն այնպիսի «ապրանք» չէ, որ ես փոխանցեմ այլ ուղեւորներին՝ խնդրելով, որ «մի հատ անցկացնեն»: Ի դեպ, հավելվածը հեռախոսում գտնելը նույնպես խնդիր է, եթե շարժումներդ, մեղմ ասած, սահմանափակված են չորս կողմից:

Բացի այդ, տարեց մարդկանց մի մասը չի կողմնորոշվում հեռախոսային հավելվածներում եւ բանկային քարտերում. կարծում եմ, նրանց համար պետք է ստեղծվեն ինչ-որ այլընտրանքային լուծումներ: (100 դրամանոցներ ճարելը, ինչպես տեսանք, լավագույն տարբերակը չէ): Մի խոսքով, վարորդին «տոմսավաճառի» պարտականությունից ազատելը սկզբունքորեն ճիշտ է, բայց առանց բավարար լուծումներ գտնելու թանկացումների գնալը, ինձ թվում է, սխալ է:

Էլ չասած, որ մենք՝ ուղեւորներս, պետք է «գին տանք» միայն այն դեպքում, երբ ավտոբուսները երթեւեկեն հստակ չվացուցակով եւ այնպիսի պարբերականությամբ, որ մենք կարողանանք «պիկ» ժամերին օգտվել տրանսպորտից՝ պահպանելով մարդկային արժանապատվությունը:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Լուսանկարը՝ Ռուբեն Մուրադյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Garo says:

    Գազելների դարաշրջանտ էդքան փնովում են; Բայց էն ժամանակ քաղաքի համարյա ցանկացած կետից այլ կետ մի տրանսպորտով հասնում էիր ու գազելները 10-15րոպե ինտերվալով աշխատում էին: Իսկ հիմա մի քանի տրանսպորտ պիտի փոխվի սպասելու ժամանակը առնվազն կրկնակիա: Էտելա որակի մաս, մենակ գազել ժոնգ տոնգը չի: Դրան էլ գումարած հիմա տրանսպորտից օգտվողների թիվը զգալի պակասա, քանի որ շատ շատերը մեքենա են գնել ու գերադաում են իրենց մեքենայով երթևեկան: Եթե 20տարի առաջվա քանակի մարդ օգտվեր տրանսպորտից շատ ավելի տխուր կլիներ վիճակը:

  2. Հ.Շ. says:

    Եթէ թաքսիները այդտեղ դեռ նոյնքան աժան են, որքան անցեալին, կամ նոյնիսկ եթէ մի քիչ թանկացած են, լուծումը շատ հեշտ է՝

    Նոյն թաղամասում տեղը աշխատող չորս անձեր իրարու հետ կը համաձայնին, եւ միասնաբար՝ թաքսիով կ’երթան… ծախսը բաժանելով՝ չորսի…

    car-pooling, թաքսիով

    Թէ որ բաւարար չափով քաղաքացիներ, մի քանի ամիսներ, այդպէս անեն, կը տեսնաք թէ ինչպէս հանրային փոխադրութեան գիները կը նուազին:

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930