Նոյեմբերի 4-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Պրահայի արքեպիսկոպոս Յան Գրաուբների գլխավորած պատվիրակությանը՝ ուղեկցությամբ Կենտրոնական Եվրոպայի և Շվեդիայի Հայրապետական պատվիրակ Գերաշնորհ Տ. Տիրան եպիսկոպոս Պետրոսյանի և Չեխիայի հայոց հոգևոր հովիվ Հոգեշնորհ Տ. Բարսեղ վարդապետ Փիլավչյանի:
Պատվիրակության կազմում էին Չեխիայի հայ համայնքի ներկայացուցիչներ։
Ողջունելով հյուրերին՝ Վեհափառ Հայրապետը գուհանկությամբ անդրադարձավ Չեխիայի Կաթոլիկ Եկեղեցու և հայ համայնքի միջև ձևավորված սերտ հարաբերություններին ու գործակցությանը, ինչպես և չեխահայության նկատմամբ ցուցաբերվող հոգատար վերաբերմունքին։
Հանդիպմանն Ամենայն Հայոց Կաթողիկոսն անդրադարձ կատարեց նաև հայ ժողովրդի առջև ծառացած անվտանգային հիմնախնդիրներին, արցախյան պատերազմի աղետալի հետևանքներին և դրանց հաղթահարմանն ուղղված քայլերին՝ ողջունելով Քույր Եկեղեցիների և բարեկամ երկրների ջանքերը՝ ի խնդիր տարածաշրջանում խաղաղության և կայունության վերահաստատման։
Կարդացեք նաև
Նորին Սրբությունն ընդգծեց, որ պատվիրակությունը Հայաստան այցի շրջանակներում առիթ կունենա շփվել արցահախահայերի հետ՝ հաղորդ դառնալով նրանց խնդիրներինն։
Իր հերթին Չեխիայի արքեպիսկոպոսը նշեց, որ տեղեկացված է Հայաստանում առկա ծանր կացությանը և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին է այցելել իր զորակցությունն ու համերաշխությունը բերելու հայ ժողովրդին և Եկեղեցուն։
Վերջում Նորին Սրբազնությունը, շնորհակալություն հայտնելով Հայոց Հովվապետին Սուրբ Էջմիածնում հյուրընկալության համար, կարևորեց երկու Եկեղեցիների միջև ձևավորված փոխգործակցությունն՝ ի նպաստ քրիստոնեական արժեքների զորացման ու պահպանման և առկա մարտահրավերների հաղթահարման։
Մայր Աթոռ Ս. Էջմիածին, Տեղեկատվական համակարգ