Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայ Առաքելական եկեղեցին, հիմնադրելով «Շողակաթ» հեռուստաընկերությունը, իր կառույցին պատվիրակել է հեռուստալսարանին փոխանցել գիտելիք ազգային, համամարդկային և հոգևոր արժեքների վերաբերյալ»

Նոյեմբեր 04,2024 23:13

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Պարզաբանում «Շողակաթ» հեռուստաընկերության բովանդակության վերաբերյալ ԱԺ-ում հնչած գնահատականների

Հոկտեմբերի 29-ին Աժ-ում գնահատական տրվեց Հոգևոր-մշակութային հանրային հեռուստաընկերության «Շողակաթ» ծրագրի վերաբերյալ: Մասնավորաբար, որ հեռուստաընկերությունը չի անդրադառնում ազգային նվագարաններին, ասել է թե՝  չի համապատասխանում մշակութային ալիքի իր կոչմանը: Նշվեց, որ հեռուստաընկերությունը տասնյակ նյութերով լուսաբանում է «Սրբազան շարժման» հանրահավաքները, որ եթերում տեղ են գտնում կառավարող քաղաքական ուժի հասցեին հնչող  պիտակավորումներ: Անընդունելի որակավորումներ հնչեցին հեռուստաընկերության մասնագիտական որակի վերաբերյալ:

Իր հոգևոր, կրթական, մշակութային, մանկական հաղորդումներով «Շողակաթը» ձեռք է բերել հանրօգուտ նշանակության բարձրորակ բովանդակություն ստեղծող հեռուստաընկերության համբավ։ Հետևաբար՝ ԱԺ մի քանի պատգամավորի գնահատականը համարում ենք սուբյեկտիվ:

Ազգային նվագարանների և ազգագրական խմբերի մասին հեռուստատեսային մի քանի շարքեր են նկարահանվել «Շողակաթով», դրանք բոլորը հասանելի են հեռուստաընկերության  կայքէջում:

Հեռուստաընկերության «Եկեղեցական կյանք» տեղեկատվական ծրագրով հեռարձակվել է չորս  ռեպորտաժ, որոնք իրազեկել են «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման քայլերթի, Սփյուռքի հայ համայնքների արտահայտած մտահոգության, Գերագույն հոգևոր խորհրդի հայտարարության և Բագրատ արքեպիսկոպոսի եկեղեցական ծառայությունը կասեցնելու մասին: Հղումները  ստորև.

Հարկ ենք համարում ընդգծել, որ հեռուստաընկերության ֆինանսական և բովանդակային հաշվետվությունները եռամսյակային և տարեկան կտրվածքով ներկայացվում են լիազոր մարմնին՝  Հանրային հեռարձակողի խորհրդին,  կարգավորող մարմնին՝ ՀՌՀ-ին և հասանելի են հանրությանը: Այդ հաշվետվություններից իսկ ակնհայտ է «Շողակաթի»  հաղորդումների բովանդակային համամասնությունը:

Մասնավորապես՝ հեռուստածրագրի կառուցվածքում հոգևոր-մշակութային լրատվությունը կազմում է տարեկան 4.3 տոկոս, մշակութային հաղորդումները՝  29.3 տոկոս, հոգևոր հաղորդումները՝ 13.6 տոկոս,  երաժշտական ծրագրերը՝ 14.8 տոկոս, մանկական հաղորդումները՝ 11.1 տոկոս, ուսումնական և այլ հաղորդումները՝ 11.3 տոկոս, գիտահանրամատչելի,   ուսումնական, վավերագրական և գեղարվեստական կինոնկարները՝ 15.6 տոկոս:

Հայ Առաքելական եկեղեցին, հիմնադրելով «Շողակաթ» հեռուստաընկերությունը, իր կառույցին պատվիրակել է հեռուստալսարանին փոխանցել գիտելիք ազգային, համամարդկային և հոգևոր արժեքների վերաբերյալ:

Եվ 2011թ-ից Հոգևոր-մշակութային հանրային հեռուստաընկերության եթերով հեռարձակվող «Շողակաթ» ծրագիրը ստանձնել և կատարում է այդ պատասխանատվությունը՝ հանրային հեռարձակողի վերաբերյալ ՀՀ օրենսդրական պահանջներին և նորմերին համապատասխան:

 

Մանյա Ղազարյան

«Շողակաթ» հեռուստաընկերության տնօրեն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930