Լրահոս
Օրվա լրահոսը

Խնդրահարույց գրառում արած ֆեյսբուքյան էջն իսկապես պատկանում է Վրաստանի նախագահին. CivilNet

Նոյեմբեր 04,2024 23:03

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Լրատվամիջոցներում և սոցցանցերում լայնորեն քննարկվում է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի անվամբ ֆեյսբուքյան էջի գրառումներից մեկը, որում հայկական Լոռին ու Տաշիրը «պատմական Վրաստանի» տարածք է ներկայացված։

Որոշ օգտատերեր և լրատվամիջոցներ պնդում են, թե դա Վրաստանի նախագահի իրական ֆեյսբուքյան էջը չէ, և նախագահն իր պաշտոնական էջում երբևէ նման գրառում չի արել։

#CivilNetCheck-ի ընթերցողներից մի քանիսը խնդրել էին պարզել՝ արդյոք ֆեյսբուքյան էջը պատկանո՞ւմ է Վրաստանի նախագահին։

Տարածված հրապարակման մասին

Սալոմե Զուրաբիշվիլիի անվամբ ֆեյսբուքյան էջը տարածել էր (share) «Adjara Voyage» ֆեյսբուքյան էջի գրառումը, որում զբոսաշրջիկներին առաջարկվում է այցելել «պատմական Վրաստանի տարածք՝ Լոռի և Տաշիր»։

Ի՞նչ գրեցին լրատվամիջոցների և սոցցանցերի հայկական տիրույթում

Վրաստանի նախագահի հրապարակումը սոցմեդիայի հայկական տարածքում տարածվում է «Զուրաբիշվիլին հայկական Լոռին և Տաշիրը «պատմական Վրաստան» է համարում» վերնագրերով։ Որոշ օգտատերեր, սակայն, պնդում էին, որ լուրը կեղծ է, քանի որ Վրաստանի նախագահի պաշտոնական էջում նման գրառում չկա։

«Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի պաշտոնական ֆեյսբուքյան էջը սա է, ու այնտեղ չկա որևիցե գրառում կամ խոսք այն մասին, որ տիկին Սալոմե Զուրաբիշվիլին խոսել է Լոռու և Տաշիրի շրջաններում եկեղեցիների ու այլ մշակութային հուշարձանների մասին»,- գրել էր ֆեյսբուքի օգտատերերից մեկը։

Araratnews.am-ը «Արդյո՞ք Զուրաբիշվիլին է ֆեյսբուքում կիսվել Լոռին Վրաստանի մաս համարող գրառմամբ» վերտառությամբ հոդված էր հրապարակել, որտեղ չէր հաստատում, որ էջը կեղծ է, բայց նշում էր, որ պաշտոնական չէ և վերիֆիկացիա չի անցել:

Իսկ hraparak.am-ը գրել էր․«Ըստ որոշ աղբյուրների, սա Սալոմե Զուրաբիշվիլու պաշտոնական էջը չէ, թեև այս էջն ունի 73 հազար 603 հետևորդ և հիմնականում պաշտոնական գրառումներ են տեղադրվում: Բայց վրացական աղբյուրները հայտնում են, որ այս էջում արված գրառումները չի կարելի վերագրել Վրաստանի նախագահին»:

Hayastan.news-ն անգամ պնդել էր, որ իր տեղեկություններով՝ գրառումը տարածած էջը որևէ առնչություն չունի նախագահի հետ։

Արդյոք ֆեյսբուքյան էջը պատկանո՞ւմ է Վրաստանի նախագահին

Սալոմե Զուրաբիշվիլիի պաշտոնական ֆեյսբուքյան էջում իսկապես որևէ գրառում չկա «պատմական Վրաստանի մաս Լոռու և Տաշիրի» մասին, բայց Վրաստանի նախագահն ունի նաև ոչ պաշտոնական ֆեյսբուքյան էջ, որտեղ պարբերաբար գրառումներ է անում և հրապարակումներ տարածում։

#CivilNetCheck-ի հետ զրույցում Վրաստանի նախագահական գրասենյակի մամուլի բաժնից հաստատեցին, որ ֆեյսբուքյան էջը, որով տարածվել էր գրառումը, պատկանում է Սալոմե Զուրաբիշվիլիին։ Սա փաստացի նրա ոչ պաշտոնական էջն է, որտեղ առկա են նաև բազմաթիվ անձնական լուսանկարներ և տեղեկություններ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930