Լրահոս
Օրվա լրահոսը

Լինելով մեծանուն գիտնական՝ նա շատ համեստ անձնավորություն էր. բացվեց ակադեմիկոս Դավիթ Սեդրակյանի հուշաքարը

Նոյեմբեր 04,2024 19:44

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Անվանի աստղաֆիզիկոս Դավիթ Սեդրակյանը 5 տարի է երկնային կյանքով է ապրում: Այժմ արդեն ակադեմիկոսի ապրած շենքին  հուշատախտակ կա, որը արձանագրում է, որ այդտեղ է ապրել մեծանուն գիտնականը: Հուշատախտակը, որի հեղինակը Հայկ Ասատրյանն է, կիրակի է բացվել:

Դավիթ Սեդրակյանը եղել է ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս-քարտուղար, ակադեմիայի նախագահ Վիկտոր Համբարձումյանի օրոք՝ առաջին  փոխնախագահ,  նաեւ ԵՊՀ ընդհանուր ֆիզիկայի ամբիոնի վարիչ, ՀՀ ԳԱԱ ֆիզիկայի և աստղաֆիզիկայի պրոբլեմների խորհրդատու նախագահ, 2013 թվականից՝ ԵՊՀ Վ. Համբարձումյանի անվան Ընդհանուր ֆիզիկայի եւ աստղաֆիզիկայի ամբիոնի պատվավոր վարիչ, պրոֆեսոր:

«Լինելով մեծանուն գիտնական՝ նա շատ համեստ անձնավորություն էր,բայց ո՛չ կոմֆորմիստ, ընդհակառակը՝ ըմբոստ էր…Չլինելով քաղաքական գործիչ՝  անտարբեր չի եղել Հայաստանի ճակատագրի ու ընթացքող գործընթացների հանդեպ, ինչի համար հաճախ ստանում էր ոչ թե գովեստի խոսքեր, այլ քննադատություն: Տպավորություն էր, թե ընդդիմական է՝ դա իր խառնվածքի մի մասն էր:

Միեւնույն ժամանակ  Դավիթ Մհերիչը մեծ հեղինակություն ուներ գիտական շրջանակներում, 2000-2017 թթ. եղել է «Աստղաֆիզիկա» հանդեսի գլխավոր խմբագիրը: Նվիրյալ էր՝ եւ գիտությանը, եւ աշխատանքին…Իր ասպիրանտները հիշում են,  որ այն խնդիրները, որոնք իրենք պետք է լուծեին,  ամբողջ գիշեր Դավիթ Սեդրակյանն էր լուծում ու փոխանցում իրենց, անում էր սեւ աշխատանքը…Նա անչափ սիրում էր եւ նվիրված էր Երեւանի պետական համալսարանին, որովհետեւ ակադեմիայից վերադառնալուց հետո կրկին ղեկավարեց ամբիոնը: Երբեւիցե չէր ձգտում վարչարարական պաշտոնների, միշտ եղել է գիտության  մեջ: Ի դեպ, նա  եղել է Գիտությունների ակադեմիայի ամենաերիտասարդ թղթակից-անդամը: Լինելով մեծագույն գիտնական՝ նաեւ միեւնույն ժամանակ բացառիկ համեստ անձնավորություն էր կյանքում եւ կենցաղում »,-Aravot.am-ի հետ զրույցում նշեց ակադեմիկոսի քրոջ որդին՝ ՀՀ նախագահի աշխատակազմի արտաքին կապերի և արարողակարգի վարչության պետ Տիգրան Սամվելյանը:

Խնդրեցինք ակադեմիկոսի մասին որեւէ դրվագ պատմել:

«Որպես ակադեմիկոս՝ իրեն «Վոլգա» ավտոմեքենա էին հատկացրել, ամաչելով էր վարում… Մի անգամ մեքենան կայանել էր ու ինչ-որ մարդու էր սպասում: Կայանողը մոտեցավ իրեն, տարբեր հարցերի անդրադարձան, մի պահ էլ  Դավիթ Մհերիչին ասաց՝ եղբայր ջան, այս կյանքը իմ ու քեզ նման  համեստ ու հասարակ մարդկանց համար չէ, սա ուրիշ մարդկանց կյանք է: Նա նույնիսկ չգիտեր, որ խոսում է Գիտությունների ակադեմիայի առաջին փոխնախագահի հետ: Դավիթ Սեդրակյանը թե արտաքինից, թե խառնվածքով շատ պարզ մարդ էր, իրեն չճանաչողը, իր հետ շփվողը կարող էր չգիտակցել, որ նա համաշխարհային մեծություն է աստղաֆիզիկայի ոլորտում:

Երբ լրացավ նրա մահվան 5-րդ տարելիցը, ՀՀ ԳԱԱ-ն եւ ԵՊՀ-ն  միջնորդագրով դիմեցին Երեւանի քաղաքապետարանին, որպեսզի այն տան շքամուտքում, որտեղ նա բնակվել է ( նախկինում` Ալավերդյան  82 Բ, այժմ` Հանրապետության 82Բ հասցեում), տեղադրվի հուշաքար: Այդ  հուշաքարն էլ իր ապրած կյանքի եւ իր նման պարզ է, որեւէ բանով աչքի զարնվում, պարզապես արձանագրվում է, որ այդ տանն ապրել է Դավիթ Սեդրակյանը: Դա այն ճանապարհն է, որտեղով Սայաթ Նովայից փողոցով անցնում էր դեպի համալսարան: Նախկինում էլ սովորել էր Գորկու անվան դպրոցում, որը համալսարանի հարեւանությամբ է գտնվում: Իր կյանքն, ըստ էության, այդ եռանկյունու մեջ էր՝ դպրոց, համալսարան, տուն…»,-նշեց Տիգրան Սամվելյանը:

Հավելենք, որ միջոցառմանը ի թիվս այլոց, ներկա էին կրթության երկու  նախկին նախարարներ՝ ակադեմիկոս Էդուարդ Ղազարյանն ու  ֆիզմաթ. գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, նախագահի խորհրդական Վահրամ Դումանյանը, որոնք նաեւ հիշատակի խոսք ասացին: Էդուարդ Ղազարյանն, ի դեպ, եղել է Դավիթ Սեդրակյանի մտերիմ ընկերներից մեկը:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 

Լուսանկարները՝ տրամադրել են Դավիթ Սեդրակյանի հարազատները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930