Վահե Ղազարյանի հրամանով՝ այսօրվանից լուծարվել են ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության մարզային վարչությունները։ Կառուցվածքային փոփոխությունների արդյունքում, այսօրվանից գործում են քրեական ու համայնքային ոստիկանությունները։ Քրեական ոստիկանությունը զբաղվելու է ծանր, առանձնապես ծանր ու հնչեղություն ունեցող գործերի բացահայտմամբ, մյուս հանցատեսակներով զբաղվելու են համայնքային ոստիկանությունները։
Ըստ էության, մարզային վարչությունները դարձել են քրեական ոստիկանության վարչություններ, իսկ բաժինները, օրինակ՝ Գյումրու Կումայրի, Մուշ, Արթիկի, Ամասիայի, Աշոցքի, Ախուրյանի, Անիի ոստիկանությունները դարձել են համայնքային։
Վահե Ղազարյանի հրամանով՝ Շիրակի մարզային վարչության պետ, գնդապետ Արթուր Բդոյանն ազատվել է պաշտոնից, նրան տեղափոխել են Արմավիրի մարզ՝ նշանակելով՝ Արմավիրի մարզային քրեական ոստիկանության վարչության պետ։
Նրա փոխարեն Շիրակի մարզի քրեական ոստիկանության վարչության պետ նշանակվել է Էջմիածնի Վաղարշապատի բաժնի պետ Արսեն Ոսկանյանը։ Վերջինս, ըստ ոստիկանության աշխատողների, Շիրակի մարզի հետ որևէ առնչություն չի ունեցել։
Կարդացեք նաև
Կառուցվածքային փոփոխությունների արդյունքում վերացել է բաժնի պետերի տեղակալների հաստիքը։
Շիրակի մարզի մի քանի ոստիկանապետեր ազատվել են աշխատանքից, մասնավորապես Գյումրու Մուշ բաժնի պետ Արթուր Հակոբյանը, Անիի ոստիկանապետ Խաչատուր Պողոսյանը, Ախուրյանի ոստիկանապետ Մինո Մխիթարյանը։
Մինո Մխիթարյանի փոխարեն Ախուրյանում ոստիկանապետ է նշանակվել ոստիկանության Մուշ բաժնի պետի տեղակալ Վահրամ Ոսկանյանը, Անիում՝ Արթուր Ղազարյանը, որը Մուշ բաժնի պետի նախկին տեղակալն էր։
Ալիկ Ասոյանն էլ նշանակվել է Գյումրու ոստիկանության Մուշ բաժնի պետ։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Լուսանկարում՝ ՆԳ նախարարը Շիրակի մարզում. 08.08.2024