Լրահոս
Օրվա լրահոսը

«Չենք տեսնում, թե որ մի արցախցու հետ են այդ քննարկումներն ունեցել եւ արդյոք արցախցիներն ընդունո՞ւմ են, կամ ի՞նչ առաջարկներ են արել այդ արցախցիները». Դավիթ Գալստյան

Նոյեմբեր 04,2024 17:23

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» կուսակցության պատգամավոր Դավիթ Գալստյանը «Հայելի» ակումբում խոսելով մայր հայրենիքում արցախցիների կրած զրկանքներից՝ ասաց. «35 հազար արցախցի գործող օրենքով մասնակցում էին Արցախի Հանրապետության կուտակային կենսաթոշակային հիմնադրամին: Այդ օրենքը այսօր թույլ է տալիս, որ ստեղծված իրավիճակից ելնելով` ցանկության դեպքում նրանք հետ ստանան այդ գումարները, ինչը կլուծի շատ ու շատ սոցիալական խնդիրներ: Սակայն հակասահմանադրական օրենք ընդունելով, կարելի է ասել, հափշտակվեց 17 միլիարդից ավելի գումարը, որն արցախցիներն իրենց եկամուտներից հատկացումներ էին կատարել:

Օրենքի համաձայն այդ հիմնադրամները պարտավոր են վճարել: Բայց այսօր ինչ-որ օրենքներ են ընդունել, որով թույլ չեն տալիս այդ գումարները վերադարձնել արցախցիներին: Եվ դա այն դեպքում, որ Հայաստանի Հանրապետության կուտակային կենսաթոշակային օրենքում հստակ ձեւակերպում կա, որ այդ գումարները, հատկացումները կատարվում են Հայաստանի Հանրապետությունում ձեւավորված եկամուտներից:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ այսօր արցախահայությանը չեն համարում Հայաստանի Հանրապետության քաղաքացի, պատեհ-անպատեհ առիթներով ասում են, որ Արցախը Հայաստանի մաս չի եղել, պարտադրանքով, մեր կամքին հակառակ չեն թողնում տնօրինել մեր այդ գումարները: Ընդ որում, փորձում են ավելի վատ ծրագրեր կյանքի կոչել եւ փորձում են դա փաթեթավորել, իբր արցախցիների հետ լայն քննարկումների արդյունքում են եկել այդ եզրահանգման: Բայց չենք տեսնում, թե որ մի արցախցու հետ են այդ քննարկումներն ունեցել եւ արդյո՞ք արցախցիներն ընդունում են, կամ ինչ առաջարկներ են արել այդ արցախցիները:

Այն, որ մենք խոսում էինք, որ Նիկոլ Փաշինյանը եւ իր խմբակը փորձում են ամեն ինչ անել, որ արցախահայերը չմնան մեր հայրենիքի այս հատվածում եւ թողնեն ու արտագաղթեն, դա արդեն ապացուցված փաստ է: Բնակարանային ծրագիրը, որ գործում է արդեն մի քանի ամիս, մարդիկ չեն կարողանում օգտվել դրանից: Ընտանիքների անդամներին ընձեռած սերտիֆիկատները չեն բավարարում բնակարան ձեռք բերելու համար, իսկ եկամուտ չունենալու պարագայում որեւէ բանկ հիփոթեք չի ձեւակերպում»,-ասաց Դավիթ Գալստյանը:

Արցախցի պատգամավորը նաեւ նշեց, որ միջազգային կազմակերպություններից եւ միջազգային հանրությունից արցախցիների սոցիալական խնդիրները լուծելու նպատակով Հայաստանին տրամադրվող հսկայական գումարների մասին ընդհանրապես չի խոսվում, սակայն ներկայացվում է, իբր Հայաստանի Հանրապետության բյուջեի հաշվին ծրագրեր են իրականացվում:

«Մենք արդեն համոզվել ենք, որ այս իշխանությունը որեւէ դրական գործողություն չի կատարում՝ արցախցիներին կապելու մեր հայրենիքի Հայաստանի Հանրապետություն հատվածի հետ, այլ հակառակը, պայմաններ է ստեղծում արտագաղթի համար: Հիասթափված Հայաստանի իշխանություններից՝ մի մասը արդեն արտագաղթել է, մյուս մասը, հույս է պահում, որ մոտ ապագայում ինչ-որ փոփոխություն կլինի եւ հայրենիքի արժեքը չիմացող իշխանությունից կձերբազատվենք եւ շարունակում է գոյատեւել՝ մտածելով, որ կգա հայեցի իշխանություն, որն Արցախը բեռ չի համարելու»,-ասաց ԱՀ ԱԺ պատգամավորը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930