Արդեն ամենամյա դարձած «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի միջազգային 20-րդ հոբելյանական փառատոնն այս տարի կկայանա նոյեմբերի 5-9-ը Երևանում, Գյումրիում, Վանաձորում, Գավառում եւ Մարտունիում՝ ԿԳՄՍ նախարարության, «Վիշեգրադ» միջազգային հիմնադրամի, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության եւ Հայաստանի ֆրանսիական ինստիտուտի աջակցությամբ: Փառատոնը նվիրված է Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակին եւ կրում է «Մեծ երազանքներ՝ մեծ էկրանին» խորագիրը։
Փառատոնի եւ Հայաստանի «Ռոլան Բիկով» հիմնադրամի նախագահ Նունե Մանուկյանը Aravot.am-ին հայտնեց, որ փառատոնի շրջանակում հայկական արտադրության ֆիլմեր կցուցադրվեն նաեւ Բուխարեստի Մշակույթի հայկական կենտրոնում։
Ըստ նրա, շուրջ 40 երկրից ստացած 825 ֆիլմերի հայտերից փառատոնի ծրագրում ընդգրկվել է 116 ֆիլմ՝ 31 երկրից:
«Այս տարի եւս մանկապատանեկան ժյուրին կազմված է լինելու բացառապես երեխաներից և պատանիներից։ «Լավագույն խաղարկային ֆիլմ» անվանակարգը ներկայացնում են «Այբ» դպրոցի աշակերտները, «Լավագույն անիմացիոն ֆիլմ» անվանակարգը` «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի սաները, «Ես իրավունքներ ունեմ» անվանակարգը՝ Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնի Երևանի մասնաճյուղի սաները, «Լավագույն ֆրանսիական ֆիլմ» անվանակարգը՝ Հայաստանում ֆրանսիական քոլեջի ուսանողները, «Վիշեգրադի լավագույն ֆիլմ» անվանակարգը՝ Երևանի Հենրիկ Խաչատրյանի անվան հ․ 199 հիմնական դպրոցի աշակերտները, իսկ «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգը` Գավառի մանկատան սաները:
Կարդացեք նաև
Կրկին փառատոնային ծրագրում ընդգրկված է «Երեխաները երեխաների համար» ոչ մրցութային անվանակարգը, որտեղ ներկայացված են երեխաների եւ պատանիների կողմից նկարահանված լավագույն ֆիլմերը։ Օրինակ, «Այբի» աշակերտները ներկայացրել են «Սիրո մի կյանք» ֆիլմը՝ նվիրված Շառլ Ազնավուրին, իսկ Գավառի ավագ դպրոցի աշակերտները՝ «Խաղաղություն» ֆիլմը, որը մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կազմակերպած «Երբ ձայնը ստեղծում է պատկեր» միջազգային դպրոցական մրցույթին եւ ցուցադրվել Կաննում»,-նշեց փառատոնի նախագահը:
Ի թիվս այլնի, փառատոնի նախագահը հավելեց, որ փառատոնի շրջանակում կանցկացվեն 4 խաղարկային եւ անիմացիոն ֆիլմերի երեւանյան պրեմիերաներ՝ օսկարակիր դերասան Ջեքի Չանի գլխավոր դերակատարմամբ «Քունգ ֆու նժույգը» (ռեժ․՝ Լարրի Յանգ, Չինաստան), «Աննեսի» անիմացիոն ֆիլմերի միջազգային փառատոնի մրցանակակիր «Բարև, ամառ» և «Թոնին, Շելլին և կախարդական լույսը», «Մանկական ֆիլմերի եվրոպական ասոցիացիա»-ի (ECFA) մրցանակի դափնեկիր «Հրաշալի Նենեն»։ Ընդ որում՝ «Բարև, ամառ» ֆիլմի ռեժիսոր Մարտին Սմատանան կժամանի Հայաստան եւ կանցկացնի դասախոսություն՝ «Արհեստական բանականությունը տեսալսողական մեդիայում» արդիական թեմայով։ Չխախտելով ավանդույթները՝ «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի փառատոնը հնարավորություն է ստեղծվելու փառատոնային բոլոր ծրագրերում ներգրավել մարզաբնակ ու Արցախից տեղահանված երեխաներին։ Այդ նպատակով առանձնացվել է 7000-ից ավելի տոմս՝ ուղղված դպրոցներին, տարբեր կազմակերպություններին։
Նունե Մանուկյանը հիշեցրեց, որ այլ մանրամասների կարելի է տեղեկանալ փառատոնի rolanbf.com պաշտոնական էջից:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ