Լրահոս
Օրվա լրահոսը

«Սրբուհի Գալյանը, թերեւս, ամենահաջողված թեկնածուն էր վերջին առաջարկվածներից, բայց նրանից էլ սպասելիք չունեմ»

Նոյեմբեր 04,2024 16:40

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ԱԺ-ում Հովիկ Աղազարյանի եւ Արգիշտի Քյարամյանի մասնակցությամբ միջադեպի մասին իրավապաշտպան Նինա Կարապետյանցն ասաց. «Եթե զոհաբերելու լինեն, Հովիկ Աղազարյանին են զոհաբերելու՝ անկախ նրանից, թե ինչքան է Նիկոլ Փաշինյանին նվիրված աշխատել»։

«Սրբուհի Գալյանը, թերեւս, ամենահաջողված, ամենահամապատասխան թեկնածուն էր վերջին առաջարկված բոլոր թեկնածուներից։ Բայց պնդում եմ, որ անհատապես շատ կարեւոր է, թե ով է զբաղեցնում արդարադատության նախարարի պաշտոնը, սակայն սպասելիքներ՝ այդ թվում Սրբուհի Գալյանից, չունեմ»,- «Առավոտի» հետ զրույցում ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնում Սրբուհի Գալյանի նշանակման առիթով այսպիսի կարծիք հայտնեց Հելսինկյան ասոցիացիայի նախագահ, իրավապաշտպան Նինա Կարապետյանցը։

Ըստ իրավապաշտպանի՝ այս կարծիքին է այն պարզ տրամաբանության հիման վրա, որ այն փոփոխությունները, որոնք ակնկալվում էին նախկինում եւ այն, ինչը չկատարելու համար հեռացվեց Գրիգոր Մինասյանը, բոլորովին նախարարից կախված չեն. «Դրանք քաղաքական որոշումներ են։ Քաղաքական նպատակահարմարություն է՝ իրականացնե՞լ փոփոխություններ, թե՝ ոչ։ Եվ ամեն դեպքում սպասելիքներ չունեմ։ Բոլոր դեպքերում ես ուրախ եմ, որ գոնե հիմնական ակնկալվող չափանիշներին համապատասխանող նախարար է նշանակվել»։

Նինա Կարապետյանցի կարծիքով՝ բոլոր ժամանակներում բոլոր իշխանությունները՝ ներառյալ Նիկոլ Փաշինյանը ցանկացած բարձր, կարեւոր պաշտոնի նշանակելիս շատ փոքր, նեղ անձնական վստահելի, տարբեր ձեւերով իրեն հավատարմություն հայտնած մարդկանց կարող է նշանակել. «Բնականաբար, այդ մարդկանց թիվը գնալով շատ ավելի պակասում է, եւ ինքը ստիպված է լինում իրենց համար կարեւորագույն պաշտոններից մարդկանց հանել ու ծածկել մեկ այլ դաշտ։ Այդպես ինքն անում էր Արգիշտի Քյարամյանի հետ, այդպես արեց օմբուդսմենի հետ, Սրբուհի Գալյանի հետ ու բազմաթիվ այլ անձանց հետ։ Մի մանկական խաղ կա՝ «պիտուշի» նման մարդկանց տարբեր տեղերում տեղավորում է։ Իրականության մեջ խնդիր ունի, որովհետեւ սկզբունքը, որով իրենք փնտրում են ինչ-որ պաշտոնի նշանակելու համար, մեկն է՝ Նիկոլ Փաշինյանին հավատարմությունը»։

ԱԺ-ում Հովիկ Աղազարյանի եւ Արգիշտի Քյարամյանի մասնակցությամբ միջադեպի մասին Նինա Կարապետյանցն ասաց. «Այն, ինչ տեղի ունեցավ ԱԺ-ում, խտացված մի քանի ժամվա ընթացքում լայն հասարակությանը տեսանելի դարձավ այն, ինչի մասին մենք՝ փոքր թվով մարդկանցով, հոգնել ենք խոսել, որ գոյություն ունի համակարգային կոռուպցիա։ Այն, ինչի մասին Քյարամյանը բարձրաձայնեց, դա խոսում է համակարգային կոռուպցիայի՝ եւս մեկ ապացույց լինելու մասին։ Ի՞նչ է նշանակում՝ ինձ մի քանի անգամ զանգահարել են պատգամավորներից մեկի որդու գործերով, բայց ես չեմ արձագանքել։ Ոչ հա ես ասել, ոչ էլ արդարադատությանը միջամտելու հետ կապված հայտարարություն ես տվել հանցագործության մասին։ Քանի՞ դեպքում ես դու միջամտել, համաձայնություն, ընթացք տվել այդ խնդրանքներին, քանի՞ դեպքերով ես դու դա օգտագործել՝ որպես մարդկանց շանտաժ անելու հետ կապված։ Քրեական գործերը, որոնք հետո հարուցվեն, ձեւական բնույթ են կրելու՝ քաղաքական նպատակահարմարությունից ելնելով։ Ենթադրում եմ՝ կարող են զոհաբերել Հովիկ Աղազարյանին, որն այդքան վտանգավոր չէ, իսկ Արգիշտի Քյարամյանը պետքական ու բավականին վտանգավոր է։ Եթե նախկինում հիմնական գործիքակազմը գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի ձեռքում էր, քանի որ փորձառու էր, շատ լավ կարողանում էր կարգավորել այդ հարցերը, հիմա մեջների «կինոյի տղան» Քյարամյան Արգիշտին է։ Ինքն է որոշում՝ ունեցած տեղեկատվությունը ո՞նց օգտագործել, հարուցե՞լ քրեական գործեր, թե՝ ոչ, կասեցնե՞լ, ներե՞լ, կարճե՞լ, թե՝ մարդկանց խոշտանգումների գործընթացներին մասնակցել կամ ոչ։ Այնպես որ, հիմա Արգիշտի Քյարամյանը շատ ավելի բարձր վարկանիշ ունի։ Եթե զոհաբերելու լինեն, Հովիկ Աղազարյանին են զոհաբերելու՝ անկախ նրանից, թե ինչքան է Նիկոլ Փաշինյանին նվիրված աշխատել»։

Ըստ իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանի՝ ՀՀ արդարադատության նախարարը ոլորտի մասնագետ պետք է լինի։ «Առավոտի» հետ զրույցում ասաց. «Կապ չունի կուսակցական պատկանելությունը։ Իրականում նեղ կուսակցական շահերով առաջնորդվելն արդարության, արդարադատության, իրավունքի պաշտպանության ոլորտում, կարծում եմ, տեղին չէ»։

Նա հայտնեց, որ Սրբուհի Գալյանի աշխատանքի հետ կապված գնահատականներ կարող է հնչեցնել, երբ նա որոշ ժամանակ աշխատի. «Միայն կարելի է գնահատել այն տեսանկյունից, որ ոլորտում աշխատած անձ է, տիրապետում է համակարգին, օդից չի հայտնվել։ Հույս ունեմ, որ այս դժվարին իրավիճակում, երբ թե՛ քաղաքական տարբեր խնդիրներ կան, թե՛ արդարադատության բարեփոխումների գործընթացը բավական ծանր փուլում է եւ շոշափելի չեն արդյունքները, արդարադատության նորանշանակ նախարարը կկարողանա արդյունավետ աշխատել եւ գրանցել որոշակի առաջընթաց»։

Մեր դիտարկմանը՝ ՔՊ-ականներն անընդհատ պնդում են, որ «զանգովի» արդարադատություն ՀՀ-ում չկա, բայց վերջին իրադարձությունները ԱԺ-ում, երբ ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը պնդում էր, որ իրեն ՔՊ-ական պատգամավորի որդու համար են զանգել, չեն վկայո՞ւմ խոսքերի եւ իրականության հակասությունների մասին, իրավապաշտպանն այսպես արձագանքեց. «Հակասություններ շատ կան, եւ դրանք խորքային դիտարկման ու գնահատականների կարիք զգացող խնդիրներ են»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
01.11.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930