Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ալեն Սիմոնյան. «Քյարամյանը պարկեշտ անձնավորություն է, և բազմաթիվ անգամ ինքը տարբեր պաշտոններում եղել է և որևէ կասկած չունեմ»

Նոյեմբեր 04,2024 15:57

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Այս պահին որոշում չկա»,- լրագրողների հարցին՝ կանոնակարգերի փոխանակումից հետո սահմանազատումը որտեղի՞ց է շարունակվելու, խորհրդարանում ճեպազրույցի ժամանակ այսպես պատասխանեց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

Լրագրողների դիտարկմանը՝ թեև նշում է, որ փոքր քայլերով առաջ են գնում երկկողմ բանակցություններով, սակայն Ադրբեջանը շարունակում է ՀՀ Սահմանադրության փոփոխության հարց բարձրացնել, Ալեն Սիմոնյանն արձագանքեց․ «Քաղաքական կամքի պարագայում բոլոր հարցերը լուծելի են։ Իրենց Սահմանադրության մեջ էլ խնդիր կա, բայց մենք չենք բարձրացնում»։ Նա վստահեցրեց, որ ՀՀ Սահմանադրության հետ կապված ՀՀ իշխանությունների տեսակետը բազմիցս բարձրաձայնվել է։

Լրագրողները Ալեն Սիմոնյանին հիշեցրին լրագրող Վահե Մակարյանի հետ կապված միջադեպը և խնդրեցին ներկայացնել իր տեսակետը՝ ի վերջո ի՞նչ էր տեղի ունեցել, Ալեն Սիմոնյանն ասաց․ «Լկտի, անդաստիարակ պահվածqը ԱԺ-ում չի հանդուրժվել ու չի հանդուրժվել։ Ինչպես ինքն է իր հարցազրույցում ասել՝ հարթվել է։ Ի՞նչ կար այնտեղ հարթելու, կամ չհարթելու․․․Վիրավորական արտահայտություններ երկրի ղեկավարի հասցեին, հետագայում իմ՝ իրեն սաստելը, դրանից հետո նմանատիպ հայտարարություն իմ հասցեին։ Որ ասում եք` ձեռքերը կապել, ոլորել են, մոտիկ եկա, ասացի՝ ձեռքերը բաց թողեք, ինչ պետք էր՝ ասացի, ինքն իր կարծիքը հայտնեց, հետո խնդրեցի հեռանալ՝ մի քիչ կարող է վրդովված խնդրեցի, ինքը ձեռքերը թափահարելով, ոստոստալով հեռացավ։ Ինքն ասում է, որ հարթվել է, ուրեմն հարթվել է»։

Ի պատասխան Վահե Մակարյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել։ 

Լրագրողները միջամտեցին Ալեն Սիմոնյանին և փաստեցին՝ երբ ձեր խմբակցության պատգամավորը լրագրողին է անպատվում, ինչո՞ւ պատասխանատվության չի ենթարկվում, Ալեն Սիմոնյանը պատասխանեց․ «Պատգամավորը ընտրվող մարդ է, վատ կպահի, հաջորդ անգամ չի ընտրվի։ Մեկուկես տարի մնաց»։

Լրագրողների հակադարձմանը՝ Խաչատուր Սուքիասյանը, երբ ասում էր՝ հերդ, մերդ թալանել են, դրա համար էլ այս երկիրն այս օրի է, բա ինչո՞ւ չեք քննադատում, Ալեն Սիմոնյանն այսպես արձագանքեց․ «Չգիտեմ՝ Ձեզ ինչ է ասել։ Դեմ եմ, որ որևէ լրագրողի անձնական վիրավորանք հասցվի։ Բայց Խաչատուր Սուքիասյանի ունեցած տեղեկատվությանը մեր լրատվական դաշտի վերաբերյալ, ես ներկա եմ եղել հաճախ, ես էլ շատ բան գիտեմ»։

Լրագրողները հիշեցրին՝ ըստ Գառնիկ Դանիելյանի՝ ՔՊ-ն ճաքեր է տալիս, Ալեն Սիմոնյանը հեգնանքով արձագանքեց․ «Այո, ռեժիմը խուճապի մեջ է։ Գառնիկ Դանիելյանը քաղաքական դաշտում նորեկ է․ ինքը դեռ այդքան փորձառություն չունի, թող լսի, կարդա, իսկ ռեժիմը միանշանակ խուճապի մեջ չէ»։

Հիշեցմանը՝ հոկտեմբերի 31-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ, որը վարել է վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և թեման եղել է ինքնաքննադատությունը, ու հարցին՝ Նիկոլ Փաշինյանին ո՞վ է ՔՊ-ից քննադատել, Ալեն Սիմոնյանն այսպես արձագանքեց․ «Ինքն է իրեն քննադատում, եթե ինչ որ հարց է լինում»։

Լրագրողների հարցին՝ Հովիկ Աղազարյանի և Արգիշտի Քյարամյանի միջև ԱԺ-ում կայացած միջադեպից հետո կարծես հետաքննություն չի սկսել, պատասխանատվության ենթարկվողներ չկան, Ալեն Սիմոնյանն այսպես արձագանքեց․ «ՔՊ-ն ու իշխանությունը ինստիտուցիոնալ կառույց է, ոչ թե մեկ մարդու որոշմամբ են հարցերը լուծվում․․․պարոն Քյարամյանը պարկեշտ անձնավորություն է, և բազմաթիվ անգամ ինքը տարբեր պաշտոններում եղել է և որևէ կասկած չունեմ»։

Լրագրողների հիշեցմանը՝ մի՞թե նախկին դատախազ Արթուր Դավթյանը պարկեշտ չէր, որ պաշտոնից հեռանալուց հետո ընդդիմության հանրահավաքներին սկսեց մասնակցել, Ալեն Սիմոնյանն արձագանքեց․ «Ես չեմ ուզում իր պարկեշտությունից խոսել, շփում եմ ունեցել։ Աշխատել ենք միասին։ Ես տենց բան չէի անի։ Ոստիկանության, ԱԱԾ աշխատողներ ունեինք՝ Օսիպյան, Վանեցյան։ Բոլոր մարդիկ, որոնք դուրս են գալիս ՔՊ-ի և Նիկոլ Փաշինյանի դեմ, հանրության կողմից ստանում են իրենց պատասխանը։ Յուրաքանչյուր մարդ, որ նման բան է ուզում անել, թող հետ նայի ու այդ օրինակները տեսնի»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930