Լրահոս
Օրվա լրահոսը

Էդգար Ղազարյանը. Իմ սթենդ-ափը ամբողջությամբ ընդունեք որպես հաղորդում հանցագործության մասին

Նոյեմբեր 04,2024 15:17

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀ արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար Էդգար Ղազարյանը ավանդույթի համաձայն «Հայելի» ակումբում ամեն երկուշաբթի ներկայացնելով նախորդ շաբաթ տեղի ունեցած իրադարձությունների իր վերլուծությունները՝ անդրադարձավ Երեւանում հանրային տրանսպորտի վճարման նոր համակարգի ներդրման հետեւանքով ստեղծված իրավիճակին: «Դրա հետեւանքները կանխատեսելի էին: Մենք գործ ունենք մի իրողության հետ, թե ինչ է ստացվում քաղաքում, երբ որ իշխանությունը ընտրված չէ ժողովրդի կողմից: Ինչի՞ համար է կարեւոր, որ քաղաքապետը ընտրված լինի, ավագանին ընտրված լինի: Որպեսզի իրենց գործունեության ընթացքում անհանգիստ լինեն, որ եթե սխալներ թույլ տան, դժգոհություններ առաջացնեն, դա կհանգեցնի իրենց իշխանությունից հեռացնելուն»,- ասաց նա ու հանգամանալից ներկայացրեց ոչ միայն մայրաքաղաքում ստեղծված քաոսային իրավիճակը, այլ այն խորքային ու իրական վտանգները, որոնք առկա են մարդու իրավունքները խախտելու տեսանկյունից:

Էդգար Ղազարյանը խոսեց նաեւ «հաջողակ տղամարդկանց»՝ 1 միլիոն դրամով ճաշկերույթի մասին, որին ըստ հրապարակումների՝ մասնակցել է նաեւ քրեական անցյալ ունեցած եւ հետախուզման մեջ գտնված անձ, այդ միջոցառման մեջ տեսավ կոռուպցիայի ակնհայտ դրսեւորումներ:

Էդգար Ղազարյանի աչքից չէր վրիպել նաեւ արդարադատության նախարարի թեկնածուի ընտրության գործընթացը, ինչը նրա խոսով կատարվել է ՀՀ սահմանադրության եւ ՀՀ օրենքների խախտումներով: «ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Սրբուհի Գալյանը առանց իր պաշտոնից հրաժարական տալու, գնացել է ՔՊ գրասենյակ եւ մասնակցել կուսակցության վարչության նիստի: Եվ դա այն դեպքում, երբ ինքը դատախազությունում պատասխանատու է կոռուպցիայի, ապօրինի հարստացման դեպքերի հարցերով: Ես «Ոսկե հորթը» փաստա-վավերագրական ներկայացում եմ հեղինակել, որտեղ մեկ ժամից ավելի խոսում եմ հիմնականում մեկ պաշտոնյայի՝ ԱԺ նախագահի, ենթադրյալ հանցագործությունների մի ամբողջ շղթայի մասին, որտեղ կա ապօրինի հարստացում, պաշտոնական դիրքի չարաշահում, կոռուպցիոն կապեր մասնավոր բիզնեսի հետ, հովանավորչություն, պաշտոնական լիազորությունների չարաշահում, ներազդեցություն այլ պաշտոնյաների վրա: Ու բոլորը՝ դրվագներով, փաստերով, բոլոր փաստերը հիմնված մամուլի հրապարակումների վրա: Եվ ասում եմ, որ այդ սթենդ-ափը ամբողջությամբ ընդունեք որպես հաղորդում հանցագործության մասին: Իսկ Սրբուհի Գալյանը փոխանակ նախաձեռնի վարույթ, Ալեն Սիմոնյանին կանչի դատախազություն, գնացել, նստել է ՔՊ վարչության նիստում, որպեսզի Ալեն Սիմոնյանը որոշի՝ ինքը քաղաքական պաշտոնով նախարար դառնո՞ւմ է, թե՞ չի դառնում: Դրա հետ միասին էլ Արայիկ Հարությունյանը եւ Գեւորգ Պապոյանը ասում են, որ Սրբուհի Գալյանը իրենց քաղաքական թիմի անդամ է: Այսինքն, իրենք Հայաստանը Հնդկաստանի տեղ են դրել, իրենք էլ սուրբ ե՞ն:

Այս ամեն ինչը մի բանի վկայություն է, որ մեր երկրում իրավական համակարգ գոյություն չունի եւ չի ունեցել այս իշխանության օրոք»:

Էդգար Ղազարյանը խոսեց նաեւ ինը քաղաքացիների, այդ թվում՝ դպրոցահասակ երկու աղջնակների, ապօրինի ձերբակալման, խորհրդարանական լսումների ժամանակ Չեխիայից ստացված զանգով նախկին պատգամավորին ԱԺ շենքից ապօրինաբար դուրս հանելու, ԱԺ-ում լրագրողների նկատմամբ անհարգալից վերաբերմունքի դրսեւորման եւ նրանց մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու, այսպես կոչված, սահմանագծման եւ սահմանազատման գործընթացը թաքուն իրականացնելու, ակադեմիական քաղաք անվան տակ բուհերի փակման, ընտրական օրենսգրքում իշխանությունը պահելուն ուղղված փոփոխություններ կատարելու մասին:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930