Լրահոս
Օրվա լրահոսը

Ucom-ի աշխատակիցները մասնակցել են Վայոց Ձորում անտառի վերականգման աշխատանքին

Նոյեմբեր 04,2024 15:13

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ucom-ի թիմը նոյեմբերի 1-ին միացավ Արևորդի ՀԿ-ին և վերջինիս գործընկեր Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամին (FPWC)՝ իրականացնելու ամենամյա ծառատնկման աշխատանքներ:

Արևորդի ՀԿ-ն համագործակցում է FPWC-ի հետ, որը տարիներ շարունակ անտառներ է տնկում Վայոց Ձորի մարզում։ Այս տարի նախատեսված է տնկել ավելի քան 100 000 ծառ, որոնք աճեցվել ու խնամվել են տնկարաններում։

Ucom-ից շուրջ 40 աշխատակիցներ որպես կամավոր մի ամբողջ օր անցկացրել են Վայոց Ձոր մարզի Արենի համայնքի Գնիշիկ բնակավայրի գեղատեսիլ լեռներում և տնկել են ավելի քան 2000 ծառ՝ միաժամանակ ծանոթանալով անտառային լանդշաֆտի վերականգնման ծրագրին, տարածքի բնապահպանական խնդիրներին ու հետագայում այլ կամավորական աշխատանքներին անդամագրվելու հնարավորություններին։

«Կանաչ տեխնոլոգիաները և շրջակա միջավայրի հանդեպ հոգատարությունը Ucom-ի կորպորատիվ պատասխանատվության հիմնական ուղղություններն են։ Այս արժեքը մենք որդեգրել ենք ոչ միայն ընկերության մակարդակով, այլ նաև կիսում ենք բոլորս՝ որպես անհատներ։ Այսօր մենք ուրախ ենք լինել այստեղ և ներդրում ունենալ Հայաստանի կանաչ ապագայի մեջ», – նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

«Անչափ կարևոր է, երբ երկու կազմակերպության համագործակցության շրջանակներում ներգրավվում են նաև աշխատակիցները, հատկապես, երբ խոսքը բնապահպանական նախագծերի մասին է։ Մեր հետագա համագործակցության ընթացքում նույնպես նախատեսում ենք նման նախաձեռնություններ։ Ծառատունկը անտառավերականգնման աշխատանքի սկիզբն է միայն, որին հաջորդում են տարիների խնամքի աշխատանքները», – ասել է Արևորդի ՀԿ-ի տնօրեն Սոնա Քալանթարյանը։

Ծառատնկման նպատակն է վերականգնել Կովկասյան կենսաբազմազանության ապաստարան (ԿԿԱ) մասնավոր պահպանվող տարածքի այժմ դեգրադացված, բայց անցյալում անտառապատ տարածքները։ ԿԿԱ-ն Հարավային Կովկասի առաջին մասնավոր պահպանվող տարածքն է, որը զբաղեցնում է ավելի քան 30 000 հա: ԿԿԱ-ի և հարակից տարածքներն առանցքային նշանակություն ունեն Հարավկովկասյան կենսաբազմազանության պահպանման հարցում: Այստեղ բնակվում են այնպիսի հազվագյուտ կենդանատեսակներ, ինչպիսիք են գորշ արջը, բեզոարյան այծը, սև անգղը, մորուքավոր անգղը, հայկական իժն ու կովկասյան հովազը:

Անտառապատման աշխատանքները նպաստում են մի շարք լուրջ բնապահպանական խնդիրների լուծմանը՝ օգնում են պահպանել վտանգված ծառատեսակներ, մեղմացնում են մարդ-վայրի բնության առճակատումը, կաթնասունների և թռչունների կերակրման և բազմացման համար նոր տարածքներ են ձևավորում, կլիմայական փոփոխությունն են մեղմացնում ու կանխարգելում են անապատացումը, և այլն։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930