Լրահոս
Օրվա լրահոսը

Ըստ Վարդան Մկրտչյանի՝ որոշում չկա, որ «Գոյը» պետք է վերսկսի աշխատանքը

Նոյեմբեր 04,2024 14:52

Հոկտեմբերի 2-ին «Գոյ» թատրոնը հանդես եկավ հայտարարությամբ, որ նոյեմբերի 4-ից վերսկսելու է իր բնականոն աշխատանքը, քանի որ ըստ ՀՀ արդարադատության նախարարությունից ստացված իրավական պարզաբանման, այս ամիսների ընթացքում ապօրինաբար էր դադարեցվել «Գոյի» գործունեությունը: «Գոյի» աշխատակիցները նաեւ ասուլիս էին հրավիրել, որը Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանի առաջարկով որոշվեց անցկացնել թատրոնի մամուլի կենտրոնում: Վարդան Մկրտչյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ որևէ որոշում չկա, թե «Գոյը» պետք է վերսկսի իր աշխատանքը, ինչպես պնդում են թատրոնի դերասանները՝ հղում անելով Արդարադատության նախարարությունից ստացված պարզաբանմանը։

Նրա ձեւակերպմամբ, եթե դատարանը կորոշի, որ օրինակ, կառավարության որոշումը սխալ է, իրենք որևէ խնդիր չունեն «Գոյի» հետ, ու նրանց առաջ դուռ չի փակվի: Վարդան Մկրտչյանը ներկայացրեց «Գոյ»-ին արված բոլոր առաջարկները՝ սկսած Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի «Գոյ» փորձարարական կենտրոնի աշխատակիցներ դառնալուց մինչեւ «Գոյին» կառավարության պիլոտային ծրագրի դրամաշնորհ եւ անկախ կարգավիճակ տալը: Նա, սակայն, «Գոյ» մուտքի բանալին չտրամադրեց այդ թատրոնի դերասաններին եւ հայտարարեց, որ նրանց հետ խոսելու բան չունի։

«Գոյ» թատրոնի դերասան Աշոտ Տեր-Մաթեւոսյանի խոսքով, իրենց մի քանի հոգուն Մկրտչյանի կողմից ներս հրավիրելն ուղղակի ներկայացում էր. «Բոլորի համար պարզ դարձավ, որ իր երկար խոսելը, ներկայացնելը, թե ինչ բանակցություններ ենք ունեցել, դարձյալ ներկայացում էր, ես դա որակում եմ մանիպուլյացիա, որ մենք անենք այն, ինչը որ արեցինք: Ինքը մեզ հետ չի ուզում խոսել, մինչդեռ մենք իր հետ ունենք խոսելու բան: Եթե տանտերը հրավիրում է իր տուն՝ խնդրով եկած մարդկանց, ասում է ՝ բարեւ ձեզ, նստեք խնդրեմ, լսում եմ ձեզ»:

«Պարոն Վարդան Մկրտչյանը չի ցանկանում լսել մեր ասելիքը, նաեւ միակողմանի է ամեն ինչ ներկայացնում, ես իրեն որոշ հարցադրումներ ունեմ, որը ստիպված պետք է հրապարակային ներկայացնեմ: Առաջինը՝ մենք եկել եւ պահանջ ենք ներկայացնում, որ ձեր կողմից ապօրինաբար օգտագործվում է «Գոյի» տարածքը: Ես իմ վստահորդներին խորհուրդ եմ տալիս զանգել ոստիկանություն, հրավիրել այստեղ, որ հասարակական կարգն ապահովի, եւ հետագայում, եթե իրենք շարունակեն ապօրինությունները մենք կրկին հաղորդումներ կներկայացնենք համապատասխան մարմնին»,-ասաց «Գոյի» շահերի ներկայացուցիչ փաստաբան Կարո Ասատրյանը: Նա պնդում է՝ «Գոյ» թատրոնի տարածքը տնօրինելու՝ Սունդուկյան թատրոնի իրավունքը կասեցված է:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930