Լրահոս
Օրվա լրահոսը

Ճակատագրով հերթական «Թափառական հայը» հայրենադարձել է, բայց պաշտոն ստացել Մոսկվայում

Նոյեմբեր 04,2024 14:37

Իրանում ծնված և աշխարհի տարբեր երկրներում մշակութային լայն գործունեություն ծավալած հայ մշակույթի նշանավոր գործիչներից են Շեքսպիրի գործերի անզուգական թարգմանիչ Հովհաննես խան Մասեհյանը, գրող Րաֆֆին, երաժիշտներ Նիկոլ Գալանտերյանը, Լորիս Ճգնավորյանը, սիմֆոնիկ նվագախմբերի և շահի պալատների երաժշտական գործիքների պատասխանատու, դաշնակահար և ջութակահար Հովիկ Էդգարյանը, Երևանում գործունեություն ծավալած արվեստագետներ Արամ Ղարաբեկյանը, Զարեհ Տեր-Կարապետյանը, Իշխան Ղարիբյանը, Երվանդ և Արման Մանարյանները, Ֆրանսիայում և Անգլիայում հայտնի ռեժիսոր, Պիտեր Բրուկի և Եժի Գրատովսկու «գործընկեր» Արբի Հովհաննիսյանը, Գուրգեն Յիրիկյանը և շատ գործիչներ, ովքեր իրականացրել են ոչ միայն Իրանում ու Հայաստանում լայն գործունեություն, այլ ամբողջ աշխարհում, մի տեսակ ճակատագրով լինելով հայտնի ձևակերպմամբ`«թափառական հայ», բայց միևնույն ժամանակ աշխարհում պահպանելով «բազմաշնորհ, տաղանդավոր հայեր» մեծ պատիվն ու համարումը: Այդ չբացատրված երևույթը մինչ այսօր շարունակվում է և մենք այսօր կներկայացնենք այդօրինակ «բազմաշնորհ և թափառական» իրանահայերից մեկին, որը բազում երկրներում ուսում ու փորձառություն առնելուց հետո արդեն տասը տարի հանգրվանել է Մոսկվայում և ներկայումս աշխարհի այդ ամենամեծ մշակութային մեգաքաղաքներից մեկում որպես գեղարվեստական ղեկավար գլխավորում է տեղի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող «Սոբիտիյա» կամերային թատրոնը:

Մեր հյուրն է ծնունդով Թեհրանից թատերական ռեժիսոր Շահեն Իսմայիլյանը: Օրերս Վանաձորի Հ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում նրա ռեժիսուրայով կայացավ Սամվել Խալաթյանի «40 օր համբառնալուց առաջ» տրագիկոմեդիայի վերականգնված ներկայացումը կամ ինչպես ոմանք են նշում` պրեմիերան: Այս առիթով ռեժիսորն ասաց, որ հիշյալ տրագիկոմեդիան Վանաձորում բեմադրել է քառորդ դար առաջ, իսկ ներկայացումը խաղացանկում հանգրվանել է 17 տարի:

Հարցապնդմանն ի պատասխան՝ ի վերջո այդ ներկայացումը պրեմիերա՞ է, թե՞ վերականգնում ռեժիսորը հետևյալն ասաց. «Ժամանակի հետ մեր հայացքներն էլ են փոխվում, թեև մարդկային արժեքները բոլոր ժամանակներում նույնն են: Կարճ ասած, ժամանակն է ռեժիսորին թելադրում, որ ասենք, մեկ անգամ բեմադրված գործին, եթե նա անդրադառնում է այսօր, ապա տվյալ երկը «նոր ընթերցմամբ» իրականացնի»:

Հավելեց կամ հիշեցրեց, որ պիեսի հիմնական գաղափարը յուրաքանչյուր անձի պատասխանատվությունն է իր ապրած տարիների հանդեպ և իհարկե, կյանքում կատարած արարքների համար: Ընդգծված էլ ասաց. «Այո, մենք պարտավոր ենք պատասխան տալ մեր արարքների համար, ընդ որում թե հասարակության և թե Աստծո առաջ»:

Դիտարկմանը` ծննդով Թեհրանից մեր համերկրացին 24 տարեկանում հայրենադարձվել է, բայց այդպես էլ չհաստատվելով հայրենիքում, հանգրվանել է Մոսկվայում, պարոն Իսմայիլյանը պատասխանեց. «Յուրաքանչյուր արվեստագետ ձգտում է ավելիին: Մոսկվան համարվելով համաշխարհային թատերարվեստի կենտրոն, յուրաքանչյուր արտիստի, այդ թվում ռեժիսորի համար, սեփական մտահղացումներն իրականացնելու անծայրածիր բեմ է, ինչպիսին Ռուսաստանն է»:

Զրույցի ընթացքում ռեժիսորին տեղեկացրինք, որ թեև մեր առաջին հանդիպումն է, բայց ծանոթ ենք նրա հայաստանյան գործունեությանը: Այսպես. 1980-ականների վերջերին, մինչև Մոսկվա մեկնելը հանդիսացել է Վանաձորի տիկնիկային թատրոնի գլխավոր ռեժիսոր, իրականացրել Թումանյանի «Շունն ու Կատուն», Շարլ Պիերոյի «Հենզելն ու Գրետելը» և այլ ներկայացումներ: Գուգարքի շրջանային թատրոնում մի քանի պրեմիերաներ է հանձնել, այդ թվում՝ Վիլյամ Սարոյանի «Սովյալները», Ժան Պոլ Սարտերի «Դռնփակ» աբսուրդի դրամայի պրեմիերան և այլն:

Ռեժիսորը տեղեկացրեց, որ մինչև «Սոբիտիյա» թատրոնում հիմնվելը՝ աշխատել է նաև Մոսկվայի հայկական թատրոնում, բեմական տիկնիկային հանդերձանք տվել Թումանյանի «Ագահ մարդը», Երվանդ Մանարյանի թատերախաղով «Երեք խոզուկները» և այլ հայտնի ստեղծագործություններին: Իսկ «Սոբիտիայում» բեմադրել է Շեքսպիրի «Ռոմեո և Ջուլիետ», Չեխովի «Ճայը», Մրոժեկի «Ստրիպտիզ», Շուկշինի «Իմ փեսան մի բեռ ցախ գողացավ» և այլ ստեղծագործություններ: Հիմա էլ սկսվել են Օստրովսկու «Անօժիտը» բեմադրության փորձերը:

Ռեպլիկին ի պատասխան` և ոչ մի հայ դրամատուրգի գործ, ռեժիսորը հավաստիացրեց, թե առաջիկայում նոր մտահղացումներ, նախագծեր ունի, որոնց թվում ծրագրել է ներկայացնել հայ ժամանակակից դրամատուրգներ Կարինե Խոդիկյանի, Նելլի Շահնազարյանի, Էլֆիք Զոհրաբյանի գործերից:

Մի տեսակ արդարացավ, որ Մոսկվայի հայկական թատրոնում, որտեղ ժամանակին ինքը գեղարվեստական խորհրդի կազմում էր, մեծ հաջողությամբ ներկայացրել է Խոդիկյանի «Կուբիկ-Ռուբիկ» սիրային եռանկյունի պիեսը: Հետո եկավ Վանաձորի թատրոն, նշեց, որ 2025թ. կբեմադրի Հեմինգուեյի համաշխարհային գործերից մեկը` «Ծերունին և ծովը»: Հավաստիացրեց թե, արդեն մտքում ընթանում են բեմադրական աշխատանքները, ցուցադրելով գլխավոր հերոսի` Ծերունու ողջ տառապանքը, մտադիր է ներկայացումն ավարտել դեպի հավերժություն սլացող նավակի բացված առագաստով, վերջինս կապելով դարերից եկող` դարեր գնացող հայ ժողովրդի պատմության հետ:

Հանդիպման ավարտին դիտարկմանն ի պատասխան, թե Ռուսաստանում աշխատելու, մանավանդ պաշտոն զբաղեցնելու դեպքում պարտադիր է ռուսերենի գերազանց իմացությունը Շահեն Իսմայիլյանը նախ ասաց, որ ինքն ավարտել է Թեհրանի արվեստի բարձրագույն դպրոցի բեմական ֆակուլտետը, Կիրովականի մանկավարժական ինստիտուտը, Կալիֆորնիայի համալսարանի ռեժիսորական դասակարգման դասընթացները, ԳԻՏԻՍ-ի վերապատրաստման կուրսերը: «ԳԻՏԻՍ-ում վերապատրաստվելիս նպատակս էր գերազանց տիրապատելը ռուսերենին ու ռուսական մշակույթին»,- խոսքն ավարտեց ռեժիսորը:

 Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

 Տեսարաններ Շահեն Իսմայիլյանի ռեժիսուրայով <<40 օր համբառնալուց առաջ>> բեմադրությունից: Լուսանկարները` Վանաձորի թատրոնի ֆեյսբուքյան էջից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930