Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն այսօր ամեն կերպ խուսափեց լրագրողների՝ իրեն վերաբերող կոռուպցիոն սկանդալներին առնչվող հարցերի մասին ՔՊ-ում տեղի ունեցող քննարկումների մասին հարցերին ուղիղ պատասխանելուց։ Նաեւ՝ Անդրանիկ Քոչարյանի եւ իր հարաբերությունների մասին հարցերն ուղիղ պատասխաններ չստացան։
«Քաղաքական խմորումներ միշտ կարող են լինել քաղաքական կուսակցությունում։ Ես անձնական բնույթի խնդիր իմ թիմակիցների հետ չունեմ, իսկ աշխատանքային խնդիրները քննարկվում են թիմի ներսում եւ կարեւոր է, որ թիմի ներսում տեղի ունեցող քննարկումները տեղի ունենան թիմի ներսում»,- բոլոր տեսակի հարցերին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում համանման պատասխաններ էր տալիս Տիգրան Ավինյանը։
Նա հայտարարեց, որ կոռուպցիոն ռիսկերի վերաբերյալ վերջին 6 տարիների ընթացքում անընդհատ գրում են, հավանաբար ինքը «հարմար անձ» է ու հավելեց, որ ինչ-ինչ անձինք հատուկ ինչ-որ ապատեղեկատվություններ են տարածում, հավանաբար, իրենց անձնական հարցերն առաջ տանելու համար։
Կարդացեք նաև
Լրագրողներից մեկը հիշեցրեց՝ 2022 թվականին ինքը Ֆոլքսվագեն մեքենա է նվեր ստացել․ Տիգրան Ավինյանը հակադարձեց՝ 2013-ին էլ ինքն ուսանել է Անգլիայում, ծախսերը հոգացել է իր հայրը, որը պետական պաշտոն չի ունեցել, պետական մրցույթների չի մասնակցել, որեւէ կասկածելի սխեմաներում ներգրավված չի եղել ու խոստացավ հարցնել հորը, թե ի՞նչ կերպ է հոգացել այդ ծախսերը։ Ավելի ուշ Տիգրան Ավինյանը հստակեցրեց, որ այդ մեքենան էլ իրեն հայրն է նվիրել։
Մանրամասները՝ տեսանյութում
Հիշեցնենք, Տիգրան Ավինյանի անվան շուրջ հերթական սկանդալը պայթեց ԱՆԻՖ հիմնադրամի մասով։ Քրեական գործը կա, 10 միլիարդի մսխումն արձանագրված է, մեղադրյալ չկա։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ