2024 թվականին՝ անցած տարվա համեմատ 6,8 տոկոս գումար ավելի է հավաքագրվել․ խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը՝ հավաստիացնելով, որ վերջին երեք տարիներին Հայաստանում ստվերային տնտեսությունը նահանջում է։
Լրագրողները ՊԵԿ նախագահին հիշեցրեցին անցած տարի «Նոր Զովք» սուպերմարկետների ցանցի հետ առաջացած խնդիրը, ինչի արդյունքում նաեւ ընկերության տնօրենը ձերբակալվեց եւ հետաքրքրվեցին՝ ինչո՞վ ավարտվեց գործը, քանի որ օրերս «Նոր Զովք» սուպերմարկետների ցանցի փոխտնօրենը մասնակցում էր առաջին տիկին Աննա Հակոբյանի կազմակերպած՝ հաջողակ տղամարդկանց մեկ միլիոն դրամանոց ընթրիքին։
«4,2 միլիարդ գումար՝ շրջանառությունից առաջացած հարկը՝ տույժերով հանդերձ, վերականգնվել է եւ ըստ մեր օրենսդրության, քրեական վարույթը կարճվել է»,- պարզաբանեց ՊԵԿ նախագահը՝ չհամաձայնելով դիտարկմանը, որ այդ ընթրիքի ժամանակ, ըստ էության, գործարարները «մուծվեցին» Աննա Հակոբյանին։
Կարդացեք նաև
Մեկ միլիոն դրամանոց ընթրիքին վերաբերող հետագա հարցադրումներին, որոնք ուղեկցվում էին դիտարկումներով, թե նախկինում ասվում էր, որ «Բաղրամյան 26 ճամպրուկով գումարներ են տարվում», նախկինի «50-50»-նն է, Ռուստամ Բադասյանը պատասխանեց, որ դրանք մեկնաբանություններ են եւ նախկին իրավիճակների հետ բացարձակապես չզուգահեռվող։
Ի դեպ, Ռուստամ Բադասյանը դրական է գնահատում Աննա Հակոբյանի նախաձեռնած ընթրիքը, քանի որ, ինչպես մամուլից է տեղեկացել, դրա նպատակը սկսնակ գործարարներին աջակցելն է։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ