«Թել-Սել» ընկերության թողարկած բաժնետոմսերի վաճառքն ակտիվ շարունակվում է․ արդեն հազարավոր բաժնետերեր կատարել են իրենց ամենակարևոր ներդրումը Հայաստանի ֆինանսական էկոհամակարգերից մեկում։
Հիշեցնենք, որ շուրջ 1,5 մլրդ դրամ ընդհանուր արժեքով մոտ 4 մլն բաժնետոմսերի հրապարակային առաջարկի (IPO) մասին «Թել-Սել» ընկերությունը հայտարարել է սեպտեմբերի 18-ին: Բաժնետոմսերի տեղաբաշխումն իրականացնում է «Արմբրոկ» ներդրումային ընկերությունը, իսկ արժեթղթերի պահառությունը՝ Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիան: Պայմանները հետեւյալն են՝ մեկ բաժնետոմսի արժեքը 400 ՀՀ դրամ է, նվազագույն քանակը առաջին գնման դեպքում՝ 10 բաժնետոմսն է, առավելագույնը՝ 500 հազար բաժնետոմսը: Այսինքն՝ առաջին ձեռք բերման ժամանակ 10 բաժնետոմս պետք է գնել։
«Այսօր մեկ ամսից ավելի է անցել մեկնարկից, եւ մենք ունենք բավական ակտիվ ցանկություն հայտնողների բանակ։ Այս պահին կարող եմ փաստել, որ հազարավոր ֆիզիկական անձ հանդիսացող հաճախորդներ, իրավաբանական անձինք, որոնց թվում կան նաեւ բավական հայտնի ու հեղինակավոր ընկերություններ, արդեն դարձել են մեր բաժնետերերը։ Մեր այն հնարավորությունը, որը մեկնարկի ժամանակ էլ հայտարարել էինք, այն է, որ մենք ուղղված ենք դեպի մանրածախ շուկա՝ ավելի փոքր արժեքով, բայց մեծ քանակի բաժնետերեր ունենալու»,- նոյեմբերի 1-ին հրավիրված ասուլիսում ասաց «Թել-Սել» ԲԲԸ գլխավոր տնօրեն Արտյոմ Ղազարյանը։ Նրա խոսքով՝ բաժնետոմսերի նկատմամբ մեծ հետաքրքրությունը վկայում է դինամիկ զարգացման, տեսանելի աճի եւ ամենակարեւորը՝ ընկերության նկատմամբ մարդկանց վստահության մասին։
«Թել-Սել» հիշեցնում է ապագա բաժնետերերին, որ առաջնային հրապարակային վաճառքի վերջնաժամկետը 2024թ. նոյեմբերի 30-ն է։ «Սա հնարավորություն է՝ դառնալու Հայաստանի առաջատար ֆինտեխ ընկերություններից մեկի բաժնետեր։ Ընդամենը մեկ ամիս մնաց՝ օգտվելու այն բացառիկ հնարավորությունից, որն այսօր ընձեռում է «Թել-Սել» ընկերությունը։ Այսօր բաց մի թողեք այն հեռանկարը, որը լինելու է մոտ ապագայում։ Այսօր հենց այն ժամանակահատվածն է, երբ կարելի է կատարել այդ խելամիտ ներդրումը»,- նշեց Արտյոմ Ղազարյանը։
Նա հավելեց, որ ընկերությունը մտադիր է տարեկան շահույթի 50 տոկոսը տեղաբաշխել որպես դիվիդենտ։ Եվ 2025 թվականի մայիս-հունիս ամիսներին 7-7,5 տոկոս շահութաբերություն կապահովվի արդեն։ «Սա բավական հավակնոտ եւ, կարելի է ասել, աննախադեպ առաջարկ է, հատկապես մեր նման ընկերությունների պարագայում»,- նշեց Ղազարյանը։
Նա հավելեց, որ ընկերության 17-ամյա գործունեությունն ապահովել է այն կայուն հենքը, որը կմղի մարդկանց կայացնելու ողջամիտ եւ շահավետ ֆինանսական որոշում՝ բաց չթողնելով հեռանկարը։
Հարցին, թե ինչպիսի՞ն է լինելու բաժնետերերի ներգրավվածությունը ընկերության կառավարման ու որոշումների կայացման գործում, Արտյոմ Ղազարյանը պատասխանեց, որ կառավարումն իրականացվելու է խորհրդի կողմից, իսկ խորհրդի կազմը ձեւավորվելու է բաժնետերերի ընդհանուր ժողով որոշման հիման վրա։ Յուրաքանչյուր ոք, դառնալով բաժնետեր, ունի ձայնի իրավունք՝ ընդհանուր բաժնետոմսերի ծավալի մեջ իր ունեցած բաժնետոմսի չափով։ «Այսինքն՝ բոլոր մեր նոր բաժնետերերը հնարավորություն են ունենալու մասնակցություն ունենալ բաժնետերերի ընդհանուր ժողովին»,- ասաց նա։
«Արմբրոկ» ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ Արաքսյա Հարությունյանն էլ ասաց, որ այս պահի դրությամբ տեղաբաշխումն ակտիվ ընթացք է ստացել, եւ ներդրողների կողմից առկա է ընկերության բաժնետոմսերի նկատմամբ բարձր հետաքրքրություն։ «Աննախադեպ ակտիվություն է, եւ դրան նպաստել է ներդրում կատարելու հասանելիությունը, գումարի այն շեմը, որն ընտրվել է, գրեթե բոլորի համար հասանելի է»,- նշեց նա։
Արաքսյա Հարությունյանի խոսքով՝ այս տեղաբաշխումն առանձնակի կարևորություն ունի՝ ՀՀ-ում ինչպես կապիտալի շուկայի, այնպես էլ ֆինտեխ հատվածի զարգացման եւ նորարարական մոտեցումների հետագա ներդրման տեսանկյունից: «Համոզված ենք, որ «Թել-Սել»-ի տեխնոլոգիական և ֆինանսական ներուժը ավելի քան բավարար են անհատ և ինստիտուցիոնալ ներդրողների ուշադրությունը գրավելու համար և ուրախ ենք նրան շարունակաբար աջակցելու՝ շահագրգիռ բոլոր անձանց հետ համագործակցություն հաստատելու ուղղությամբ»,-հավելեց Արաքսյա Հարությունյանը:
«Թել-Սել»-ի բաժնետեր կարելի է դառնալ առանց որևէ տեղ այցելելու, ընդամենը մի քանի հպումով՝ Telcell Wallet հավելվածի միջոցով: Բաժնետեր կարելի է դառնալ նաև՝ այցելելով գործընկեր «Արմբրոկ» ընկերության գրասենյակ:
Անդրադառնալով ընկերության զարգացման ծրագրերին՝ Արտյոմ Ղազարյանը նշեց․ «Մեր նպատակն է մեր հավելվածի միջոցով ունենալ մի հարթակ, որտեղ օգտատերը կկարողանա օգտվել բազմաթիվ ծառայություններից ու ֆինանսական գործիքներից, որոնք ակտիվ օգտատիրոջ համար հնարավորություն կստեղծեն օրվա ընթացքում առնվազն մի քանի անգամ լինել մեր հավելվածում։ Սա ենթադրում է, որ մենք հիմա արդեն մեկնարկել ենք մի շարք գործիքների ներդրումը։ Ապագայում պլանավորվում են համագործակցություններ ֆինանսական ոլորտի գրեթե բոլոր խաղացողների հետ»։
«Թել-Սել» վճարահաշվարկային ընկերությունը հիմնադրվել է 2007թ. Հայաստանում՝ որպես առաջին վճարային տերմինալային ծառայություններ մատուցող ընկերություն։ Ներկայում այն ունի ամենամեծ տերմինալային ցանցը և ճկուն Telcell Wallet հավելվածը։ Ընկերությունը կարողացել է պահպանել առաջատար դիրքերը խիստ մրցակցային դարձած շուկայում և դիվերսիֆիկացրել պորտֆելը մի շարք ռազմավարական ուղղություններով՝ ստեղծելով էկոհամակարգային բիզնես։ Վերջին 7 տարիների ընթացքում «Թել-Սել»-ը գրանցել է տարեկան միջինը 37 տոկոս շահույթի աճ։ 2024 թվականին, ըստ ընկերության կանխատեսումների, հնարավոր կլինի ապահովել մոտ 2 մլրդ դրամի շահույթ:
«Թել-Սել» ԲԲ ընկերությունը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։
Բաժնետոմսերի ձեռքբերման վերաբերյալ մանրամասներ կարելի է գտնել invest.telcell.am կայքում։