«Մենք երկու ամիս շուտ որոշակի քայլեր նախաձեռնեցինք, որպեսզի մասամբ անցնենք միասնական տոմսային համակարգի գործարկմանը եւ այս անցումն ամբողջապես կանխիկ վճարումներից դարձնենք մասամբ արդեն անկանխիկ: Հուսով եմ, որ մինչեւ հունվարի 1-ը գրեթե 100 տոկոսանոց անկանխիկին կմոտենանք»,-Երեւանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
Նա տեղեկացրեց, որ քննարկումներ են ունեցել Կենտրոնական բանկի հետ, եւ շատ շուտով լուծվելու է նաեւ բանկային քարտերով վճարումների հարցը. «Դա նույնպես հնարավորություն է լինելու այս անցումային շրջանում վճարում կատարելու: Տարբերակները, որ միասնական տոմսային համակարգը թույլ է տալիս վճարումներ իրականացնելու, բազմազան են լինելու, իսկ ավելի բազմազան լինելու են հունվարի 1-ից: Այս ընթացքը ցույց է տալիս, որ միասնական տոմսային համակարգի վերաբերյալ, ընդհանուր առմամբ, երևանցիների այն ընկալումը կա, որ այս համակարգը՝ խնդիրներով հանդերձ, այլընտրանք չունի:
Համակարգը օգտագործման առումով բարդ չէ, եւ քանի որ նաեւ վճարման մեթոդներն են բազմազան, ամեն մեկը իրեն հարմար վճարման մեթոդը կգտնի»:
Ավինյանի խոսքով. «Շուտով ավագանու նիստերից մեկի ժամանակ պետք է կանդրադառնանք արտոնյալ խմբերին, որոնք ունենալու են զեղչային համակարգ՝ հանրային տրանսպորտից օգտվելիս, դրանք լինելու են եւ դպրոցականներ, եւ թոշակառուներ եւ հատուկ խմբեր, որոնք դրա կարիքն ունեն: Մենք զեղչային համակարգը կիրառելու ենք այն մարդկանց նկատմամբ, որոնք իրապես դրա առաջնային կարիքն ունեն: Գալիք նիստերից մեկում ընդունելու ենք նաեւ արտոնությունների փաթեթը: Իսկ ամբողջական անցումը պետք է ապահովենք մինչեւ դեկտեմբերի 1-ը, հընթացս նոր վճարման մեթոդներ են առաջանալու»:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ արխիվային