«Նոյեմբերի 1-ից ուժի մեջ մտած գործընթացն ամբողջական հանրային տրանսպորտի համալիր բարեփոխման ծրագրի եւ միասնական տոմսային համակարգի ներդրման մաս է: Այն, ընդհանուր առմամբ, ուղղված է գլխավորապես ավելի թափանցիկ դարձնելու հանրային տրանսպորտի ոլորտում ուղեվարձի վճարումը եւ մեր քաղաքացիների համար քաղաքակիրթ ձեւով, որն ամբողջ աշխարհում վաղուց ընդունված է, հանրային տրանսպորտից օգտվելու գործընթաց ապահովելուն»,-Երեւանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց Երեւանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը:
«Ուրբաթ օրվա դրությամբ, երբ շատ քաղաքացիներ օբյեկտիվորեն դեռ տեղեկացված չէին համակարգի գործելու տրամաբանության մասին, այնուամենայնիվ, օրական հասույթը, որը վերջերս արձանագրել էինք նախորդ ժամանակահատվածի համար, պահպանվել է, իսկ շաբաթ եւ կիրակի օրերին համապատասխանաբար 5 եւ 4 մլն դրամով ավելացել է: Այս պահի դրությամբ արձանագրումը դա է:
Իհարկե, չենք խուսափել որոշակի խնդիրներից, որոնց հետ կապված մենք եւ մեր լրատվական ծառայությունն անընդմեջ մոնիթորինգ է անում, կամաց-կամաց դրան էլ ենք լուծում տալիս: Նաեւ մեր քաղաքացիներին եմ ուզում շնորհակալություն հայտնել, որովհետեւ այն պատկերը, որը մենք 3 օրերի ընթացքում տեսնում ենք, ինձ հուշում է, որ հանրությունն ըմբռնել է կատարվողը, մեզ հետ հավասար քայլում է, կողմ է բարեփոխումների իրականացմանը: Նաեւ որոշ թերությունների համար ուզում եմ մեր հանրությունից ներողություն խնդրել եւ վստահեցնել, որ մենք 24/7 ռեժիմով աշխատում ենք, որ օր առաջ անգամ այդ փոքր թերությունները չլինեն: Նման համակարգի ներդրումը հնարավոր է միայն համայնքային իշխանության եւ քաղաքացիների ակտիվ համագործակցության արդյունքում»,-ասաց Սուրեն Գրիգորյանը:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ