Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻԱՎ-ով ապրող ազատազրկված անձանց նկատմամբ խտրական վերաբերմունք դրսեւորել են ոչ միայն մյուս ազատազրկվածները, այլ անգամ բուժաշխատողները

Նոյեմբեր 04,2024 09:30

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում հերթական աշխատարանին էի մասնակցում, երբ պատիժ կրող անձանցից մեկը բարձրաձայնեց, որ ՄԻԱՎ-ով ապրող իր դատապարտյալ ընկերը վաղաժամկետ ազատվել է պատժի կրումից՝ պայմանավորված իր կարգավիճակով։ Աշխատարանին մասնակից բոլոր դատապարտյալները ճանաչեցին այդ մարդուն ու հաստատեցին տեղեկությունը։ Հարցրի՝ իսկ որտեղի՞ց գիտեն նրա կարգավիճակի մասին։ «Դե գաղտնիք չէր, հենց ինքն էր հայտարարել։ Երբ որեւէ բան էր պահանջում հսկիչներից ու մերժում ստանում՝ գոռում էր. «Ես սպիդ եմ, երակս կկտրեմ, արյունս թափեմ ձեր վրա՝ կվարակվեք»,-ասացին անազատության մեջ գտնվողները։

Իսկ եթե աշխատակիցներն ու պատիժ կրող անձինք տեղեկացված լինեին ՄԻԱՎ-ի փոխանցման ուղիների մասին, թերեւս՝ չէին զգուշանա ՄԻԱՎ-ով ապրող ազատազրկվածի սպառնալիքից։

ՏԵՂԵԿԱՆՔ. Ըստ ՀՀ առողջապահության նախարարության «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի պաշտոնական տեղեկատվության՝ 2024թսեպտեմբերի 18-ի դրությամբ «ՄԻԱՎ դրական կարգավիճակ ունի 32 ազատազրկված անձ, որից 30-ը ստանում է հակառետրովիրուսային բուժում։ ՄԻԱՎ-ով ապրող պատիժ կրող 32 անձը արական սեռի ներկայացուցիչներ են, հիմնականում 25-ից 40 տարեկան։

 

«Բա ո՞ր փեսաներս կարդան «Դատալեքսը», ես ինքնասպան կլինեմ․․․»

Վերջին 3 տարիներին ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում ու մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդական խումբը ՄԻԱՎ դրական կարգավիճակ ունեցող անձանցից բազմաթիվ ահազանգեր է ստացել։ ՄԻԱՎ-ով ապրող ազատազրկված անձանց նկատմամբ խտրական վերաբերմունքի դեպքեր են արձանագրվել ոչ միայն ազատազրկված այլ անձանց ու քրեակատարողական հիմնարկների աշխատակիցների կողմից. խտրական վերաբերմունք դրսեւորել են նաեւ բժիշկներն ու բուժաշխատողները, որոնք բացահայտել են բժշկական գաղտնիք։

 

Բժշկական գաղտնիք բացահայտում են նաեւ դատարանները։ Դատաքննության ժամանակ մեղադրյալները դատարանից խնդրում են իրենց առողջության մասին տեղեկությունները չզետեղել դատավճռում, բայց նրանց միջնորդությունները հաշվի չեն առնվում։

«Վճիռս ստացա, հետս ապրող երիտասարդին խնդրեցի բարձրաձայն կարդալ՝ համոզված լինելով, որ իմ առողջական վիճակի մասին ոչ մի բառ չի լինելու դատավճռում»,-մեզ հետ զրույցում պատմեց «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի դատապարտյալ Անդրանիկ Պ-ն։ Սակայն պարզվել է, որ դատավճռում մանրամասն շարադրված է Անդրանիկի առողջական վիճակին վերաբերող, բժշկական գաղտնիք հանդիսացող տեղեկություն, որն «Անձնական տվյալների մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ համարվում է «հատուկ կատեգորիայի անձնական տվյալ»։ «Չորս հոգով էինք խցում, երբ կարդաց՝ «․․․գլխուղեղի սպիտակ նյութի դիֆուզ ախտահարում, ավելի հավանական ՄԻԱՎ էնցեֆալոպաթիա, քիչ հավանական այլ գենեզի ախտահարում»՝ բոլորը ոտքի կանգնեցին ու սարսափահար միանգամից հարցրին՝ սպի՞դ ես։ Չգիտեի ինչ անեի՝ «ատչյոտ» էին ուզում, բայց հետո հասկացան ինձ»,-պատմում է Անդրանիկն ու ավելացնում․ «Դատալեքսում էլ է նույն գրված, բա որ հանկարծ փեսաներս մտնեն ու կարդա՞ն, ես ինքնասպան կլինեմ։ Մի քանի ամիս առաջ դիմում եմ գրել «Դատալեքսին», որ փակեն, բայց չեն փակել»։

Ներկայումս ՄԻԱՎ-ով ապրող դատապարտյալի դատական գործը փակ է, տեղեկատվությունը՝ սահմանափակված։ Դատական դեպարտամենտի ղեկավարի պարտականությունները կատարող Նաիրի Գալստյանը Aravot.am-ի գրավոր հարցմանը ի պատասխան նշել է, որ տվյալ դատապարտյալի քրեական գործի վիճակագրական էլեկտրոնային քարտի հասանելիությունը սահմանափակելու վերաբերյալ գրությունը՝ դեպարտամենտ ուղարկել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը՝ այս տարվա օգոստոսի 19-ին ու օգոստոսի 27-ին տեսանելիությունը սահմանափակվել էր։ Սակայն «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգում այն հոկտեմբերի 4-ից դարձել էր հասանելի՝ համակարգում առաջացած տեխնիկական խնդիրների պատճառով։ Այն հարցին, թե արդյոք ՄԻԱՎ-ով ապրող պատիժ կրող անձանցից ստացե՞լ են նմանաբովանդակ դիմումներ, Դատական դեպարտամենտից պատասխանել են, որ նման առանձին վիճակագրություն կամ այլ հաշվառվում չի վարվում։

 

ՏԵՂԵԿԱՆՔ. Դատական իշխանության պաշտոնական կայքում հրապարակվող դատական ակտերում անձնական տվյալների ապանձնավորումն իրականացվում է Բարձրագույն դատական խորհրդի 2018թսեպտեմբերի 27-ի «Դատական իշխանության պաշտոնական կայքում հրապարակվող դատական ակտերում անձնական տվյալների ապանձնավորման կարգը եւ անձնական տվյալների ապանձնավորման այլ դեպքերը սահմանելու ԲԴԽ-40-105 որոշմամբ սահմանված կարգով, որի 2-րդ հավելվածի 3-րդ կետի համաձայն դատական ակտում առկա բոլոր անձնական տվյալների ապանձնավորումն իրականացվում է համապատասխան համակարգչային ծրագրի միջոցով ձեռքով ապանձնավորելու (տվյալները փակելու կամ փոխարինելու) եղանակով մինչեւ ապանձնավորման ծրագրային միասնական համակարգի ներդրումը, որից հետո ապանձնավորումն իրականացվելու է ավտոմատացված եղանակով։

 

«Երբ պարզվեց՝ ՄԻԱՎ ունեմ՝ ծեծեցին․․․»

«Սիրուն էի, գրավիչ ու չեմ թաքցնի՝ շատերը բանտում ինձ հետ սեռական հարաբերություններ էին ուզում ունենալ։ Իհարկե, ոմանց մերժել եմ, ոմանց հետ սեքս եմ արել։ Ու երբ տեսա՝ երկրպագուների մեծ բանակ ունեմ՝ հայտարարեցի, որ ՄԻԱՎ վարակակիր եմ, որպեսզի շատ չմոտենան։ Իհարկե՝ չհավատացին»,-պատմում է ազատազրկված նույնասեռական Աշոտ Վ․-ն։ Մի օր էլ քրեակատարողական հիմնարկում ՄԻԱՎ-ի նկատմամբ թեստավորում էին անցկացնում՝ Աշոտն էլ հետազոտվեց ու նրա մոտ ՄԻԱՎ հայտնաբերվեց։ Լուրը տարածվեց կալանավայրում։ «Այսպես կոչված «զոն նայողի» հրահանգով ծեծեցին ինձ, խփում էին ոտքերով, փայտով։ Նրանց թվում էր, թե ես տեղյակ էի իմ կարգավիճակի մասին ու դիտավորյալ սեքս էի արել, որ վարակեմ ուրիշներին։ Լացելով գոռում էի, որ նախ ես չգիտեի, հետո պահպանված հարաբերություն եմ ունեցել, հնարավոր չի՝ վարակած լինեմ»,-հիշում է Աշոտը՝ նշելով, որ քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների աչքի առաջ էր տեղի ունենում բռնությունը, բայց չէին միջամտում։ «Նույնասեռականները կալանավայրերում առանձին են մնում, բայց ինձ առանձնացրին մյուս իմ ընկերներից ու մի քանի օր հետո տեղափոխեցին «Դատապարտյալների հիվանդանոց»։

ՏԵՂԵԿԱՆՔՄԻԱՎ-ի նկատմամբ հետազոտություն իրականացվում է «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի բժշկական ստորաբաժանումներում, արյան արագացված թեստավորման եղանակով՝ հիմնարկ ընդունվելիս։ Թեստավորման արդյունքում ՄԻԱՎ վարակակիրներ հայտնաբերվում են։ ՄԻԱՎ-ի նկատմամբ նախաթեստային ու հետթեստային խորհրդատվություն տրամադրվում է «Քրեակատարողական բժշկության կենտրոնի»-ի ստորաբաժանման բժշկի, անհրաժեշտության դեպքում համաճարակաբանի կողմից։ Հայաստանի ՔԿՀ-ներում ՄԻԱՎ-ի նկատմամբ լնդային տրանսուդատի միջոցով թեստավորումներ չեն իրականացվում։

Քրեակատարողական հիմնարկներում ու մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խումբը 2021թ.-ին հերթական այցի ժամանակ արձանագրել է տարբերակված վերաբերմունք ՁԻԱՀ-ի փուլում գտնվող անձի նկատմամբ։ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի տվյալ քրեակատարողական հիմնարկի բժիշկներն որոշել էին այդ անձին մեկուսացնել ու պահել բուժմասի ստացիոնար բուժման սենյակում։ Բժիշկները դիտորդական խմբին պարզաբանել են, որ ՁԻԱՀ-ի փուլում գտնվող անձը իր կարգավիճակի պատճառով չի կարող մյուսների հետ պատիժ կրել, նույնիսկ կենցաղային առարկաներն էին առանձնացրել։ Ըստ բժիշկների՝ ազատազրկվածը մինչեւ պատժի վերջնաժամկետը պիտի առանձին պահվեր։

Դիտորդական խումբը պարզել է, որ դատապարտյալի անձնական գործում ՁԻԱՀ ունենալու կարգավիճակը չի նշվել՝ որպես ստացիոնարում պահվող հիմք, նշվել էին այլ պատճառներ։ Ավելին, ըստ բժշկական փաստաթղթերի՝ անձին տեղափոխել են խուց, այնուհետեւ բուժմաս, սակայն իրականում նա միշտ ապրել է բուժմասում։ Հետաքրքիր է, որ նրա կարգավիճակի մասին տեղյակ են եղել ազատազրկված մյուս անձինք, որոնք խուսափել են շփվել ՁԻԱՀ-ի կարգավիճակ ունեցող իրենց ընկերոջ հետ։ Վերջինս դիտորդական խմբին տեղեկացրել է, որ մեկուսացվել է իր կամքով։ Նա ցանկություն ունի պատիժը կրել այլ անձանց հետ, ինչպես նախկինում, բայց «մեկուսացված լինելը իր համար ավելի նպատակահարմար է, քանի որ այլ տարբերակ չի տեսնում»։ Չնայած դիտորդական խումբն արձանագրված խնդիրների լուծման ուղղությամբ քննարկումներ է ունեցել պատկան մարմինների հետ, այնուամենայնիվ, անցած տարի՝ 2023թ-ին նույնպես արձանագրվել են ՄԻԱՎ-ով ապրող ազատազրկվածներին առանձին պահելու դեպքեր։

 

«ՄԻԱՎ դրական կարգավիճակս լոզունգ չեմ դարձել, բայց․․․»

38-ամյա Համլետ Մ-ն արդեն 4 տարի անազատության մեջ է․ պատժի կրման վերջնաժամկետին դեռ 4 տարի ունի։ ՄԻԱՎ-ի կարգավիճակի մասին բոլորովին վերջերս է իմացել՝ մոտ 1 տարի առաջ։ Քրեակատարողական հիմնարկի բժիշկները չեն բացառել, որ հնարավոր է՝ ազատության տարիներին է ձեռք բերել ՄԻԱՎ-ը։ Իր իսկ խոսքով՝ չի կարողանում հիշել մի դեպք, որ վտանգավոր վարքագիծ դրսեւորած լինի։ «Չեմ կարող ասել՝ ինչպե՞ս դարձա ՄԻԱՎ-ով ապրող մարդ, բայց ճակատագիրս այդպես է»,-ասում է Համլետը։

 

ՄԻԱՎ-ի դրական կարգավիճակի մասին փաստաթղթերը նույնիսկ չեն օգնել նրան պայմանական վաղաժամկետ ազատվել․ դատարանը դիմումը 2 անգամ մերժել է։ «Դեղերը տալիս են՝ խմում եմ, խցում 4 հոգի ենք, գիտեն իմ կարգավիճակի մասին։ Դեղերը որ սկսեցի խմել՝ սկզբնական փուլում վատանում էի, գլխապտույտ, սրտխառնոց, հիմա նման երեւույթներ չկան, բայց լավ կլինի, որ տանը լինեի, սնվեի նորմալ, չէ որ պիտի իմունային համակարգս ուժեղ լինի»,-ասում է Համլետը։ Բանտում վերասոցիալականացվում է, մասնակցում է բոլոր միջոցառումներին։ «Բայց բախտ չի բերում՝ պայմանական վաղաժամկետ չեն ազատում, ՄԻԱՎ դրական կարգավիճակս լոզունգ չեմ սարքել, բայց նման մարդկանց թող ազատեն՝ տանը գտնվելն ավելի հարմար կլինի, գոնե տնային կալանք տան»,-ասում է մեր զրուցակիցը։

 

ՏԵՂԵԿԱՆՔ. Ըստ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի պաշտոնական գրության՝ պայմանավորված ՄԻԱՎ-ի կլինիկական փուլով (4-րդ կլինիկական փուլ, վարակի հետեւանքով առաջացած բարդություններ) պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատվողներ եղել են։ 2023թ-ին եւ 2024թսեպտեմբերի 1-ի դրությամբ այդ հիմքով վաղաժամկետ ազատվողներ չեն եղել։

 

Պատիժը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդությունների ցանկը հաստատում է ՀՀ կառավարությունը։ Փաստաբանների պալատի անդամ Իրինա Մանուկյանը պատմում է, որ 2020թ-ին իր վստահորդը ազատվել է պատժի կրումից՝ ՄԻԱՎ դրական կարգավիճակով պայմանավորված։ «Շատ հաճախ բժիշկները չեն նշում հիվանդության ճիշտ բնութագիրը, ինչը դժվարացնում է գործընթացը։ Ես միջնորդեցի կրկնակի փորձաքննություն ու հանձնաժողովը եզրակացրեց, որ պաշտպանյալս պիտի ազատվի պատժի կրումից»,-նշում է Իրինա Մանուկյանը։ Այնուամենայնիվ նրա վստահորդը մտավախություն ուներ՝ որ մի օր կիմանան իր ՄԻԱՎ դրական կարգավիճակի մասին ու ընտանիքով հեռացավ Հայաստանից։

 

ՏԵՂԵԿԱՆՔՄԻԱՎ-ը վարակ է, որ ներթափանցելով մարդու օրգանիզմ, ընկճում է իմունային համակարգը, որն էլ չի կարողանում պաշտպանվել հիվանդություններից ու վարակներից։ Դրա համար էլ կոչվում է մարդու իմունային անբավարարության վիրուս, բայց եթե ՄԻԱՎ-ով ապրող մարդը ողջ կյանքում ստանում է համապատասխան բուժում, վարակի մակարդակը այնքան է իջնում, ճնշվում է ՄԻԱՎ-ի խտությունը, ինչն իր հերթին նվազեցնում ՄԻԱՎ-ի փոխանցման հավանականությունը։ Նույնիսկ ՄԻԱՎ-ով ապրող մարդը կարող է անպաշտպան սեռական հարաբերություն ունենալ, հղիանալ, ծննդաբերել։

 

Հակազդում՝ նաեւ կրթելով

ՀՀ-ում ՄԻԱՎ-ի հակազդման մարտահրավերներից մեկը ՄԻԱՎ-ով ապրող անձանց նկատմամբ խարանն ու խտրականությունն է կյանքի բոլոր ոլորտներում, հատկապես փակ հաստատություններում։ Քրեակատարողական հիմնարկներում եւ մարմիններում հասարակական վերահսկողությունն իրականացնող հասարակական դիտորդների խմբի ղեկավար Սերգեյ Գաբրիելյանի համոզմամբ՝ հակազդման նպատակով պետք է կրթել ոչ միայն պատիժ կրող անձանց, այլ քրեակատարողական հիմնարկների աշխատակիցներին, հատկապես բժիշկներին ու բուժաշխատողներին։ «Նրանք ելնելով իրենց մասնագիտական պահանջներից, պետք է բավարար գիտելիքներ ու հմտություններ ունենան ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց հետ աշխատանքում»,-ասում է Սերգեյ Գաբրիելյանը։

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում ազատությունից զրկված անձանց առողջության պահպանման իրավունքի ապահովման վերաբերյալ ստացված ահազանգ-դիմումներում առկա են ՄԻԱՎ-ով ապրող անձանցից բողոքներ։ «Ազատությունից զրկման վայրերում պահվող ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց իրավունքներին առնչվող հարցերը, ինչպես նաեւ նրանց նկատմամբ խտրական վերաբերմունքի բացառումը գտնվում են Մարդու իրավունքների պաշտպանի ուշադրության կենտրոնում»,-ի պատասխան մեր հարցման՝ նշել են ՄԻՊ աշխատակազմից։

Խոշտանգումների եւ անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեի (ԽԿԿ) չափանիշների համաձայն բանտարկյալները չպետք է մեկուսացվեն բանտում պահվող այլ անձանցից, եթե դա խիստ անհրաժեշտ չէ բժշկական կամ այլ առումներով։ Ընդ որում, ԽԿԿ-ն մասնավորապես շեշտել է, որ չի կարող լինել որեւէ բժշկական հիմնավորում՝ պատիժ կրող անձանց մեկուսացման համար միայն այն պատճառով, որ նրանք ունեն ՄԻԱՎ դրական կարգավիճակ….

 

Հոդվածում ՄԻԱՎ-ով ապրող պատիժ կրող անձանց անուններն ու ազգանունները փոխված են։ Նրանց պատմությունները հրապարակվում են իրենց համաձայնությամբ

 

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Լուսանկարներն արվել են Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930