Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Փորձագետը վիճելի հողակտորն է չափագրել, ոչ թե ամբողջը»

Նոյեմբեր 04,2024 12:00

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում (նստավայր՝ Արմավիր քաղաք) դատավոր Գոհար Ֆիդանյանը շարունակեց եւ ավարտեց Համլետ, Վարդան, Անի Խաչատրյանների հայցի քննությունը: Հայցվորների ներկայացուցիչն էր փաստաբան Կարեն Ղոնյանը, իսկ պատասխանող կողմին ներկայացնում էր փաստաբան Արայիկ Ալվանդյանը:

Հայցադիմումը դատարան էր մուտքագրվել 2021 թվականի հոկտեմբերի 25-ին: Այն վերադարձվել էր, ապա դեկտեմբերի 23-ի դատարանի որոշմամբ ընդունվել վարույթ:

Պատասխանողներն իրենց դեմ դատի մասին տեղեկացել են 2022 թվականի հունվարի 22-ին: Անդրանիկ դատական նիստը նշանակվել էր 2022 թվականի մարտի 22-ին:

Հայցը Արմավիր քաղաքի Գայ համայնքի Աբովյան փողոցի 12 տան սեփականատերեր, ամուսիններ Ստեփան Մուրադյանի եւ Շողիկ Գրիգորյանի դեմ էր՝ վտարման եղանակով՝ Գայ համայնքում գտնվող թիվ 04-033-093-010 կադաստրային ծածկագրով անշարժ գույքը ապօրինի տիրապետումից ազատելու պահանջի մասին էր: Ըստ հայցվոր Խաչատրյանների՝ պատասխանողների կողմից ապօրինի տիրապետվող եւ օգտագործվող 170 քմ հողամասի վրա պատասխանող կողմը ամրակցրել է ջերմոցային տնտեսություն. «Պարզվել է, որ պատասխանողներն իրենց ջերմոցային տնտեսությունն ամրակցել են 0,158 հա ընդհանուր մակերեսով տնամերձ հողամասի 170 քմ մակերեսի վրա»:

Դատական նիստի ժամանակ Կ.Ղոնյանը տեղեկացրեց, որ հայցվորների կողմից չափագրման աշխատանքների իրականացման նպատակով տրվել է 162 000 դրամ: Պատասխանող Ստեփան Մուրադյանը մեկ տարի առաջ իր մահկանացուն էր կնքել, սակայն դատարանից ստացվել են ծանուցագրեր դատարան հրավիրելու, դատական նիստին մասնակցելու համար:

Հոկտեմբերի 31-ին դատական նիստերի քարտուղարը զեկուցեց, որ պատասխանողները դատարան չեն եկել, ինչին հակադարձեց նրանց փաստաբանը՝ Արայիկ Ալվանդյանը, ասելով, որ մահվան վկայականը կա գործի նյութերում, իսկ Շողիկ Գրիգորյանն էլ վատառողջ լինելու պատճառով չի ներկայացել դատարան, եւ նրա շահերը դատարանում կներկայացնի ինքը:

Ի դեպ, նախորդ սեպտեմբերյան նիստի օրը դատարանից տարեց Շ.Գրիգորյանին շտապօգնության մեքենայով տեղափոխել էին հիվանդանոց, մինչ երեկ նա գտնվում էր բժիշկների հսկողության տակ:

Բանն այն է, որ տարածքը, որից վտարման պահանջ է ներկայացրել հարեւանը՝ Գայ համայնքի Աբովյան փողոցի թիվ 7 տան սեփականատերը, Շ.Գրիգորյանի ընտանիքը տիրապետում է 1937 թվականից: Դատարան է ներկայացվել ՀՀ ազգային արխիվից այդ փաստը հաստատող ապացույց-տեղեկանքը: Ըստ արխիվից տրված տեղեկանքի, հողամասը կազմել է 2500քմ տարածք: Հետագայում ընտանիքի ավագ որդուն՝ հորը՝ Ստեփան Մուրադյանին փոխանցվել է 1750 քմ տարածքը: Մուրադյանը եւ նախկին հարեւանը՝ Պ. Պետրոսյանը փոխադարձ համաձայնությամբ բետոնե սյուներով եւ երկաթյա ցանցով պարիսպ են կապել անցյալ դարի 70-ականներին, որն անփոփոխ է մնացել մինչ օրս:

Դատարանում, երբ հետազոտվում էին գործում եղած ապացույցները, դատավոր Գ. Ֆիդանյանը հրապարակեց հարեւաններից մի քանիսի վկայությունները, որով նրանք հայտնել էին, որ հողամասի՝ անշարժ գույքի վրայի պարիսպը չի փոխվել, չի հեռացվել, անփոփոխ է մինչ օրս, հողամասն էլ պատասխանողների տիրապետման տակ է, ինչպես նախկինում:

Պատասխանող Շողիկ Գրիգորյանը միջնորդել էր դատարան հրավիրել վկաների, որոնք կհաստատեին այս փաստը:

90-ականներին հարեւանի տունը գնում են Խաչատրյանները, որոնց ձեռքի տակ եղած սեփականության վկայականի համաձայն, հողակտորը 1580քմ է, մինչդեռ դատարան ներկայացված «Արաքս» համայնքի տեղեկանքի համաձայն, նրանց հողը 1996-2000-ի դրությամբ եղել է 1200քմ:

Չնայած դատարանում էր հայցվոր Խաչատրյանը, բայց նա իր ներկայությունը ապահովեց նիստերի դահլիճում միայն գտնվելով, իսկ նրանց շահերի ներկայացուցիչ Կ.Ղոնյանը պատասխանեց պատասխանողի փաստաբանի հարցերին:

– Ի՞նչ հիմքով է հողամասն անցել հայցվորներին:

– Առքուվաճառքի պայմանագրով՝ 1991 թականի սեփականաշորհման հանձնաժողովի կողմից:

– Փոփոխություն եղե՞լ է 33 տարվա մեջ…

Հայցվոր կողմի ներկայացուցիչը լռեց, ինչը նշանակում էր, որ որեւէ բան չի արվել: Իսկ Արայիկ Ալվանդյանն ասաց. «Գործով չմասնակցող անձը իրեն չպատկանող հողի մասին տեղյակ չէ, ինչ-որ մեկը Երեւանից պիտի գար, որ ասեր, հողակտորն ումն է, հայցվորները տեղեկացված են եղել, որ 170 քմ «ապօրինի» օգտագործվում է», երբ իմացաք, որ 170 քմ տարածքը ապօրինի տիրապետման տակ է, ինչ արեցիք 33 տարի, ինչու հիմա դիմեցիք դատարան»:

Ալվանդյանը նկատեց, որ հողերի վեճը Արմավիրի մարզի Գայ համայնքում համատարած խնդիր է, իրենց դեմ հայցից են իմացել սեփականության իրավունքի գրանցման հետ կապված խնդիրների մասին. «85 տարեկան մարդիկ են, ոնց հավատան, որ հողն իրենցը չի, երբ իրենցն է, տիրապետում են մինչ օրս:

ՀՀ հողի բարեփոխումների հանձնաժողովը տվել է 1200 քմ: Արաքս խոշորացված համայնքի կողմից նույնպես տվել է 1200: Նախկինում Գայ համայնքը կոչվում էր Խաթունարխ, մեր ձեռքի տակ կա տեղեկանք, որ մեր անշարժ գույքը եղել է 2500քմ, եւ այն, ինչ կա, հաստատված է նաեւ 60-ականներից, պահպանված է մինչ օրս»: Պատասխանող կողմի իրավաբանն ասաց նաեւ, որ իր վստահորդը մտադիր է դիմել դատախազություն, պարզելու, թե ինչպես 1200 քմ-ն դարձավ 1400 +135 քմ: Ըստ նրա, «Փորձագետը վիճելի հողակտորն է չափագրել, ոչ թե ամբողջը»:

Հայցվորի ներկայացուցիչը պահանջեց 170քմ-ն, նա հրաժարվեց 35քմ-ից, դատավորը հիշեցրեց, որ պետք է ոչ միայն գրավոր ներկայացնի, այլ նաեւ, որ հրաժարվելու դեպքում նույն հիմքով նույն պահանջով չեն կարող դիմել դատարան…

Կ.Ղոնյանը դատական ծախսերի մասով պահանջ գրավոր չներկայացրեց, այլ թողեց դատարանի իրավական դիրքորոշմանը: Չնայած օրենքում արված փոփոխություններով, պարտադիր պետք է նշվի այդ մասին, փաստաբանը կրկնեց, որ ինքը դատարան է դիմել, երբ այդ օրենքը չկար, ուստի մնում է իր ասածի սահմաններում:

Ա. Ալվանդյանն անհիմն համարեց հայցապահանջը, խնդրեց ամբողջությամբ մերժել:

Ինչպես նշեցի, դատավարական կարգավիճակ ստացած, պատասխանող Ստեփան Մուրադյանը մեկ տարի առաջ մահացել է: Ըստ էության, նա դրանից հետո չի ունեցել իր ներկայացուցիչը դատարանում: Քաղաքացիական դատավարության օրենսգրքի «Գործի վարույթը կարճելու» հիմքերի մեջ նշվում է հետեւյալը. Առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում կարճում է գործի վարույթը, եթե հայցը հարուցված է մահացած պատասխանողի դեմ: Մինչդեռ, ստացվել է այս պատկերը. դատարան են դիմել, ապա մահացել է անձը ու դատարանը իրավական լուծում չի տվել կատարվածին…

Վճիռը կհրապարակի նոյեմբերի 21-ին:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Նկարները՝ հեղինակի

«Առավոտ» օրաթերթ
02.11.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930