Լրահոս
Օրվա լրահոսը

«Ցեղասպանությունից հրաժարվելու քաղաքականությունը բերելու է նրան, որ թուրքերը մեզանից պահանջելու են ներողություն խնդրել՝ տասնամյակներ շարունակ իրենց «զրպարտելու» համար»

Նոյեմբեր 04,2024 12:30

«Առավոտի» զրուցակիցն է «Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը։

– Պարոն Պապյան, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ Ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը ՀՀ արտաքին օրակարգի առաջնահերթություններից չէ։ Նա նաեւ ասաց, որ ՀՀ իշխանության օրակարգում Արցախի հարցն ընդհանրապես չկա։ Ի՞նչ հետեւանք կարող է ունենալ այս քաղաքականությունը։

– Ինքը եթե չասեր էլ, մենք դա գիտեինք, վարվող քաղաքականությունը դա հստակ ցույց էր տալիս։ Դա անհամատեղելի է իրենց այն քաղաքականության հետ, որն է՝ ամեն ձեւով սիրաշահել Ադրբեջանին ու Թուրքիային եւ փորձել իբր այդ ճանապարհով հաստատել խաղաղություն ու կայունություն։ Այդ քաղաքականությունը դրսեւորվում է տարբեր ձեւերով՝ սկսած դպրոցական դասագրքերից բոլոր նյութերի դուրսբերմամբ, որտեղ շոշափվում է Արցախի կամ Հայոց ցեղասպանության հարցը։ Դա բերելու է նրան, որ Հայաստանը դառնալու է անդեմ քաղաքականություն իրականացնող մի երկիր, կորցնելու է իր հաղթաթուղթը, որովհետեւ Ցեղասպանության հարցն ինքնանպատակ չէ։ Ցեղասպանության հարցը դա որոշակի քաղաքական լծակ է եւ հնարավորություն։ Եվ երբ դու դա տալիս ես քո թշնամուն, թուլացնում ես քո դիրքերը։

Ի վերջո, պատահական չէ, որ նույն Ադրբեջանը չեղած «ցեղասպանությունը»՝ Խոջալուն սարքել է իր խաղաթղթերից մեկը, որովհետեւ լավ է հասկանում դրա ուժը։ Սրանք առանձնապես բան չեն հասկանում։ Այս քաղաքականությունը բերելու է նրան, որ թուրքերը մեզանից պահանջելու են, որ ներողություն խնդրենք՝ տասնամյակներ շարունակ իրենց «զրպարտելու» համար։ Եվ մենք խայտառակ ենք լինելու, հարաբերություններ ենք փչացնելու բոլոր այն երկրների հետ, որոնք մեր խնդրանքով ու ջանքերի շնորհիվ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը։

– Սա թուրքերի պահա՞նջն է, Թուրքիան տարիներ շարունակ այս պահա՞նջն է ներկայացրել Հայաստանին։

– Միանշանակ, սա նրանց պահանջն է, որը կատարվում է այսօր։ Ես ինքս մասնակցել եմ տարբեր հանդիպումների ու բանակցությունների, սա թուրքերի երեք պահանջներից մեկն է։ Իրենք հստակ երեք պահանջ են դրել՝ հրաժարում Արցախից, հրաժարում Ցեղասպանության հարցից, հրաժարում պահանջատիրությունից։ Հիմա այդ երեք պահանջներն էլ իրականացվում են։ Այդ երեք պահանջներից էլ ածանցվում են այլ պահանջներ։

– Եթե Հայաստանի այս իշխանությունը Ցեղասպանության հարցը առաջնահերթություն չի համարում, այդ հարցը չի կարող փակվել, այդպե՞ս չէ։ Այսինքն՝ հայ ժողովրդի պահանջատիրությունը մնում է։

– Իհարկե, այդ հարցը չի փակվում, որովհետեւ հաջորդ իշխանությունը կարող է այլ քաղաքականություն իրականացնել։ Պարզապես խնդիրն այն է, որ եթե նիկոլենք հիմա այդ ամբողջը փչացնում են, մեր վստահությունը կորցնում ենք տարբեր երկրներում։ Եվ վաղը-մյուս օրը, եթե մենք փորձենք էլի այդ հարցը վերաակտիվացնել, իրենք մտածելու են, որ մենք կայուն ժողովուրդ չենք։ Կմտածեն՝ մենք հանուն հայերի տնտեսական վնասներ ենք կրել, հարաբերություններ ենք փչացրել Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ, իսկ հայերը մեզ դավաճանել են։ Հետեւաբար, Հայաստանը սրանով կորցնում է վստահելի գործընկեր լինելու համբավը, որը շատ կարեւոր է միջազգային հարաբերություններում։ Էլ չեմ ասում, որ այս իշխանությունները կարող են հայտարարություններ անել ու փաստաթղթեր ստորագրել, որոնք Ադրբեջանը կարող է մեր դեմ օգտագործել, այն, ինչ արդեն իսկ անում է։

– Արցախի հարցից հրաժարվելը Արարատ Միրզոյանն այսպես է մեկնաբանում, ասում է, որ իրենք պատասխանատու են Հայաստանի 29 743 քկմ տարածքի համար եւ նպատակ ունեն այդքան տարածքի վրա անվտանգ ու ինքնիշխան Հայաստան ունենալ։ Եթե չկա Արցախը, հնարավո՞ր է սա իրագործել։

– Բայց այդ նպատակին հասնելու ճանապարհն այս քաղաքականությունը չէ, որովհետեւ արդեն իսկ չկա 29 743 քկմ-ն։ Դրանից, տարբեր տվյալներով, 200-ից մինչեւ 1000 քկմ արդեն գրավել են։ Եվ ադրբեջանցիները չեն հայտարարել, որ զորքերը դուրս են բերելու։ Հակառակը, նրանք հայտարարում են, որ Սյունիքը, Սեւանը իրենցն է։ Հետեւաբար, դու շատ բան կարող ես հայտարարել, քո հայտարարելը քիչ է, առնվազն դիմացի կողմը եւս պետք է այդ մասին խոսի։ Սա խաղաղության ճանապարհ չէ, սա պատերազմի ճանապարհ է, իրենք այս ճանապարհով տանում են մեծ պատերազմի եւ երկրի կործանման։ Իրենք այսպիսով իրավական հիմք են ստեղծում Ադրբեջանի համար՝ Հայաստանի դեմ պատերազմ սանձազերծելու։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
02.11.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930