Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ չորս ու կես տարի անազատության մեջ գտնվողը չի կարողանում դիմել պայմանական վաղաժամկետ ազատվելու համար

Նոյեմբեր 03,2024 17:30

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատման համակարգի վերանայման հայեցակարգը արդեն դրվել է շրջանառության մեջ։ ՀՀ փաստաբանների պալատի անդամ Իրինա Մանուկյանը ծանոթացել է հայեցակարգին, ունի առաջարկներ, որը պատրաստվում է որպես օրենսդրական նախաձեռնություն՝ ներկայացնել պատկան մարմիններին։

«Ունեմ պաշտպանյալ, որ դատավճռով դատապարտվել է 4 ու կես տարվա ազատազրկման, պատժի սկիզբը հաշվարկվում 2021թ. փետրվարից, բայց նա չի կարողանում դիմում ներկայացնել պատժից պայմանական վաղաժամկետ ազատվելու համար»,-նշում է մեր զրուցակիցը։ Իրինա Մանուկյանի պաշտպանյալը հանցանքը մենակ չի կատարել եւ նրա հետ եւս 2 հոգի դատապարտվել են։ Վերջիններս չեն համաձայնվել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճռին եւ բողոքարկել են այն վերաքննիչ քրեական դատարան, այնուհետեւ վՃռաբեկ դատարան։ Նման դեպքերում գործը վերադաս դատարաններից առաջին ատյանի դատարան, լավագույն դեպքում, ուղարկվում է վերադառնում է մոտ 1 տարի հետո, իսկ վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու դեպքում՝ նույնիսկ դժվար է պատկերացնել, երբ խոսքը կարող է գնալ մեկից ավել տարվա մասին:

«Ստացվում է, երբ գործը գտնվում է վերադաս դատարաններում, մեղադրյալներից մեկը փաստացի ունենալով արդեն իսկ դատապարտյալի կարգավիճակ՝ շարունակում է մնալ որպես կալանավորված անձ։ Արդյունքում  վերջինս զրկվում է դատապարտյալի կարգավիճակից օգտվելու մի շարք իրավունքներից, որոնցից ամենակարևորը պատժից պայմանական վաղաժամկետ ազատվելու իրավունքի իրացումն է։ Իսկ այդ իրավունքից կարող է միայն օգտվել դատապարտյալը, իսկ նման կարգավիճակ կալանքի տակ գտնվող մեղադրյալը   կարող է ստանալ միայն դատարանի կողմից տվյալ անձի մասով դատավճիռը կատարման հանձնելուց՝ համապատասխան կարգադրությունը քրեակատարողական հիմնարկի կողմից ստանալուց հետո»,-ասում է Իրինա Մանուկյանը։

Վերջինս  չունի կոնկրետ թվային տվյալ, թե քանի պատիժ կրող անձ չի կարողանում իրացնել պայմանական վաղաժամկետ ազատվելու իր  իրավունքը, բայց համոզված է՝ այդ թիվը քիչ չի։

Իրինա Մանուկյանն առաջարկում է «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում» կատարել համապատասխան փոփոխություն  ու իրավունք տալ այն անձանց, որոնք չեն բողոքարկել ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը՝ ստանալու դատապարտյալի կարգավիճակ ու իրացնելու իրենց իրավունքները, հատկապես անազատության մեջ գտնվող մեղադրյալների պայմանական վաղաժամկետ  իրացման մասով։

«Այսպես նաեւ կարող ենք  նպաստել ազատազրկման դատապարտված անձանց վերասոցիալականացմանը, չէ՞ որ պետությունը պատժողական քաղաքականությունից անցնում է սոցիալականացման ու պիտի լինի մարդակենտրոն մոտեցում»,-ասում է Իրինա Մանուկյանը։

Վերջինիս օրենսդրական առաջարկի նախագիծը մշակման փուլում է, սակայն փաստաբանը հույս ունի, որ լոբբինգի միջոցով հնարավոր կլինի դա անել ու նպաստել պատժից պայմանական վաղաժամկետ ազատման գործընթացի բարեփոխումներին։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930