Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե պետք ա՝ պիտի մեռնես հայրենիքի համար». անցկացվեց 44-օրյա պատերազմում անմահացած Հայկազ Մկրտչյանի հիշատակի մրցաշար

Նոյեմբեր 03,2024 15:58

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

44-օրյա պատերազմում  անմահացած զինծառայող Հայկազ Մկրտչյանի ծննդյան օրը Ավանի Շախմատի մասնագիտացված մանկապատանեկան մարզադպրոցում ամեն տարի նրա անունը կրող մրցաշար է կազմակերպվում: Ցուցադրվում են Հայկազի իրերը, լուսանկարները, իսկ մրցաշարից հետո Հայկազ Մկրտչյանի անունով եւ նկարով գավաթներ ու մեդալներ են հանձնվում հաղթողներին:

Aravot.am-ի հետ զրույցում Հայկազի մայրիկը՝ Աննա Մկրտչյանը նշեց, որ մրցաշարն ավանդական է, կազմակերպվում է ամեն տարի, եւ դպրոցն է կազմակերպում: «Հայկը շախմատի էր գնում 5 ու կես տարեկանից: Իր ամբողջ մանկությունն անցել է դպրոցի պատերի ներսում: Շաբաթներ կային, որ այս դպրոցում ավելի շատ ենք եղել, քան մեր տանը: Իր զոհվելուց հետո ամեն տարի դպրոցը որոշել է, որ պետք է Հայկի անվան մրցաշար կազմակերպի: Խաղում են դպրոցի սաները ու իր մանկության ընկերները»,-նշեց Հայկազ Մկրտչյանի մայրիկը:

Մայրը որդուն հիշում է իբրեւ արդարության կողմնակից. «Երբ մի բան ազնիվ չէր լինում, ինքը դրա դեմ ըմբոստանում էր: Ամենափոքր տարիքից էլ Հայկն այդպիսին է եղել թե՛ դպրոցում, թե՛ ցանկացած տեղ: Իր շախմատ խաղալու ոճը մարզիչը շատ լավ է բնորոշել՝ ասում էր հարձակողական ոճի է: Հայկազի բնավորությանը հատուկ էր առաջ գնալը, իր հետեւից տանելը, արդարության համար պայքարելը, չէր հանդուրժում, երբ ինչ-որ մի բան ճիշտ չէր լինում: Շախմատը Հայկին շատ է օգնել, մտածելակերպ է ձեւավորել, պատերազմի ժամանակ մի քանի քայլ առաջ տեսնելը, դիմացինի քայլերը հաշվարկելը շախմատի շնորհիվ էին»:

«Մրցաշարին մասնակցում են բարձրակարգ շախմատիստներ, ՖԻԴԵ-ի սպորտի վարպետներ միջազգային բարձր գործակից ունեցող շախմատիստներ, 6-18 տարեկան եւ դրանից բարձր տարիքի շախմատիստներ, որոնք նախկինում չեմպիոններ են եղել, Երեւանի, Հայաստանի, միջազգային խաղերի հաղթողներ են դարձել, որոնք եղել են Հայկազ Մկրտչյանի ընկերները: Մեր մրցաշարն անցկացվելու է կայծակնային շախմատի խաղի կանոններով»,-նշեց մարզադպրոցի տնօրեն Դավիթ Հունանյանը, որը նաեւ Հայկազի ուսուցիչն է եղել։

Բացի 44-օրյա պատերազմից, Հայկազը մասնակցել է նաեւ հուլիսյան դեպքերին, հարազատները թանկ մասունքի նման են պահում նրա հաղորդագրություններն ու գրառումները:

«Երբ ետ եմ շրջվում, տեսնում եմ գյուղը, հասկանում եմ, որ էդ մարդիկ մեր, իմ հույսով են ամեն օր հանգիստ քնում ու զարթնում, բա դրանից ավելի լավ բան կա՞: Իրենց համար ո՞նց չկռվենք:

Ես էստեղ պոստ եմ պահել 2 տարի, 2 տարի ցրտին, շոգին, սոված, ծարավ, քնաթաթախ էդ պոստերն եմ պահել: Ո՞նց կարող եմ մի քանի վախտ հետո տեսնել՝ ոնց է թշնամին իրենց վերցրել։ Մենք պիտի կռվենք»,- գրել է Հայկազը 2020թ հուլիսյան մարտերի ժամանակ: Հուլիսյան մարտերին մասնակցելու համար նա արժանացել է Մարտական Հերթապահություն մեդալի։

«Մի անգամ անելով չի, մի անգամ կռվելով չի։ Եթե պետք ա՝ պիտի մեռնես հայրենիքի համար: Չգիտեմ, մի օր դու կհասկանաս երեւի: Եթե Ղարաբաղը չլինի, չես լինի դու, կամ մեր տունը: Կամ չէ՝ ու մեր տունը: Մեր մանկությունը, որտեղ որ անցել ա, էդ տեղը չի լինի: Ու եթե չլինի Ղարաբաղը, հետո Հայաստանի վրա են հարձակվելու: Կամ էդ վախտ սաղ, սաղ կկռվեն, որ չկորչի Հայաստանը, կամ կթռնեն սաղ: Ու ո՞ւմ ա պետք տենց կյանքը: Դե, եթե սաղ Ղարաբաղը կորցնելուց հետո պտի կռվեն, թող հիմա կռվեն: Ու չենք կորցնի Ղարաբաղը, մի բան էլ Ադրբեջանից եքա մաս կվերցնենք»,-գրել է Հայկազը 2020 թ. սեպտեմբերին։

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930