Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Սպանված երիտասարդը 2 օր առաջ էր վերադարձել ՌԴ-ից․ մանրամասներ՝ Մեղրաշեն գյուղում կատարվածից

Նոյեմբեր 03,2024 12:37

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Շիրակի մարզի Արթիկ խոշորացված համայնքի Մեղրաշեն գյուղում երեկ սպանություն էր տեղի ունեցել։ 

Մեղրաշենցիների պատմելով՝ գյուղի տղաները հավաքված են եղել զրուցարանում (բիսետկայում), նրանց միացել է սպանվածը՝ 30-ամյա Գևորգ Գ․-ն։  Նրա բարևելու ձևը դուր չի եկել նստածներից մեկին՝  նույն գյուղի 29-ամյա բնակիչ Արգիշտի Ա․-ին, որը սկսել է հայհոյել, թե «Էդ լավ չբարևեցիր, հա՞»։

Գևորգ Գ․-ն սաստել է նրան, թե «բերանդ քեզ հավաքիր», դիմացը խանութ է, քույրս էլ այնտեղ է աշխատում, ինչ ես հայհոյանք տալիս, սակայն տեսնելով, որ Արգիշտի Ա․-ն շարունակում է վիճաբանել, մի հարված է հասցրել  նրան։

Հավաքվածներն էլ նեղացել են Արգիշտի Ա․-ի վրա, թե ինչ ես կռիվ սարքում, որից հետո նա լուռումունջ հեռացել է, նրա տունը մոտ է եղել զրուցարանին ու տանից մի մեծ դանակ վերցնելով՝ դրել է ծոցը, վերադարձել ու թիկունքից հարվածել զրուցարանում նստած Գևորգ Գ․-ին՝ վնասելով սիրտը։

Մեղրաշեն գյուղի վարչական ղեկավար Հունան Պետրոսյանը հաստատեց գյուղացիների պատմածը՝ հավելելով, որ սպանության մեջ կասկածվող Արգիշտի Ա․-ն  հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունի, նա հաշվառված է։

Վերջինս, ըստ վարչական ղեկավարի, մի քանի անգամ կասկածվել է ոստիկանության կողմից թե՛ Մեղրաշենում և թե՛ Փանիկում տներից կատարած գողության մեջ, սակայն չի դատվել,  իրավապահներն անմեղսունակ են համարել նրան։

Վարչական ղեկավարը նաև փոխանցեց, որ սպանվածը յուրահատուկ  երիտասարդ էր, աշխատասեր, ամուսնացած չէր, արտագնա աշխատանքի էր մեկնում Ռուսաստանի Դաշնություն, վերադարձել էր դեպքից երկու օր առաջ, պատրաստվում էր երկուշաբթի օրը վիրահատության տանել մորը։

Գևորգ Գ․-ին Արթիկի հիվանդանոց են տեղափոխել մահացած՝ «կրծքավանդակի ձախ կեսի կտրած, ծակած վերք, կենսաբանական մահ» վիճակով։

Նրան հիվանդանոց տեղափոխված տղամարդիկ սկզբում Արթիկի ոստիկաններին ապակողմնորոշել են՝ ասելով, թե Գևորգ Գ․-ն իբրև կանգնած է եղել ճանապարհին, իրենցից օգնություն է հայցել՝ ասելով, թե ինձ խփել են։

Ոստիկանության Արթիկի  բաժնի ծառայողները Արգիշտի Ա․-ին հայտնաբերել են իր տանից։ Նա ձերբակալված է։

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի և Անիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ Քր․ օր․-ի 155-րդ հոդվածի (սպանություն) հատկանիշներով։

Լուսանկարը՝ https://nt.am/

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930