Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիայի եւ Ադրբեջանի հանդեպ ռազմավարության մշակումը նպատակահարմար է հայ-թուրքական անտագոնիզմի հիմնարար փաստերի բացահայտմամբ. «Հայացք Երևանից»

Նոյեմբեր 03,2024 12:10

2023 թվականի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղի (Արցախ) բռնի լուծարումից ի վեր հայ հանրությունը հույսով սկսեց սպասել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների շուտափույթ կարգավորմանը։ Բանն այն է, որ 1991-ից՝ ՀՀ կազմավորումից ի վեր, նրա առաջին ընտրված իշխանությունները հայտարարել էին, որ երկրի ռազմավարական խնդիրը Թուրքիայի հետ հաշտվելն է, իսկ գլխավորը՝ արցախյան հակամարտության հանգուցալուծումը, որը գնահատվում էր որպես Թուրքիայի հետ հաշտության հարցում հիմնական խոչընդոտ։ Թուրքիան ի սկզբանե դրել էր Երեւանի հետ հարաբերությունները կարգավորելու երկու նախապայման՝ ԼՂ-ի խնդիրը լուծել Ադրբեջանի պայմաններով, ինչպես նաեւ հրաժարվել 1915թ. Հայոց ցեղասպանության ճանաչման աջակցության քաղաքականությունից։

Միանգամայն հասկանալի է, թե ինչու 2018-ին Հայաստանում իշխանության եկած քաղաքական գործիչները 2021թ.-ին նման եռանդով ձեռնամուխ եղան Թուրքիայի հետ բանակցություններին՝ երկու պետությունների հարաբերությունների կարգավորման հարցի շուրջ։ Անսասան էր այն հավատը, որ Հայաստանը՝ զիջելով Լեռնային Ղարաբաղը, այլ խոչընդոտներ չի ունենա Թուրքիայի հետ հաշտվելու համար (քառորդ դար այս թեզի քարոզչության ազդեցության տակ մեծացել էր քաղաքական գործիչների մի ամբողջ սերունդ)։ Սակայն Թուրքիան, որը բացահայտ օգնեց Ադրբեջանին՝ լուծարելու Լեռնային Ղարաբաղը, Հայաստանի հետ երկխոսության հարցում բարեհաճ չգտնվեց։ Թուրքիան, ըստ էության, հրաժարվեց բանակցել Հայաստանի հետ եւ նրան ուղարկեց Ադրբեջանի մոտ։ Թուրքիան հաշտության բանաձեւ էր հայտարարել՝ «միայն Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորումից հետո»։ Ադրբեջանը, սակայն, հաշտության իր նախապայմանը ներկայացրեց Հայաստանին՝ հաշտության պայմանագիր կնքել իր բոլոր պայմաններով։

Իսկ Ադրբեջանի պայմանները բոլորովին այլ տրամաբանություն ցույց տվեցին։ Շատ արագ հետեւեցին Ադրբեջանի պահանջները՝ փոխել ՀՀ Սահմանադրությունը եւ դրա տեքստից հանել Լեռնային Ղարաբաղին եւ Ցեղասպանությանը վերաբերող դրույթները։ Այդ պահանջների կատարումը դարձավ հաշտության պայմանագրի ստորագրման պայմանը։ Հետեւեց Ադրբեջանի մյուս պայմանների հրապարակային բարձրաձայնումը, այն է՝ փոխհատուցում պահանջել Հայաստանից, հասնել ադրբեջանցիների՝ ՀՀ վերադարձի համաձայնության, հրաժարվել միջազգային դատարաններ ներկայացրած հայցերից, ներողություն խնդրել, այսպես կոչված, «Խոջալուի ցեղասպանության» համար եւ այլն։

Հայաստանի ղեկավարությունը հասկացավ, որ Ադրբեջանը խաղաղության պայմանագիր կնքելու ցանկություն չունի եւ, ընդհակառակը, նոր ագրեսիա է նախապատրաստում։ Ըստ այդմ, ի չիք դարձան Երեւանի հետ սահմանը բացելու՝ Թուրքիայի պատրաստակամության վերաբերյալ բոլոր սպասումները։ Պարզվեց նաեւ, որ Թուրքիայի չբարձրաձայնած պայմանները ներառում էին նաեւ ՌԴ-ի կամքին ենթարկվելու պահանջը Հայաստանին։ Նման պայմաններում Հայաստանը զինվեց «լեգիտիմության» հայեցակարգով, որը ենթադրում է հրաժարում ցանկացած պահանջներից եւ գործողություններից, որոնք կարող են Հայաստանի դեմ նոր պատերազմ սկսելու պատրվակ դառնալ։ Խաղադրույք կատարվեց Արեւմուտքի աջակցության վրա։ Իր հերթին՝ Թուրքիան պարբերաբար դիմում է ՀՀ-ին՝ արտաքին ուժերի ու հայկական սփյուռքի ազդեցությունից դուրս գալու եւ տարածագոտու իր հարեւանների հետ գործ ունենալու առաջարկով։

Նկարագրված իրավիճակը վկայում է, որ ժամանակակից Թուրքիայի ռազմավարական խնդիրների էության մասին հասարակության մի հատվածի՝ տասնամյակներ շարունակ ունեցած պատկերացումները եղել եւ մնում են ծայրահեղ իդեալիստական։ Այդպիսիք են նաեւ այն պնդումները, թե ժամանակակից Թուրքիային ոչինչ պետք չէ Հայաստանից, եւ նրա միակ մտահոգությունը հայերի «անհիմն» պահանջներն են, որոնք գալիս են պատմությունից։ Անհիմն էին նաեւ Թուրքիայի քաղաքականության մեջ Ադրբեջանի գործոնի մասին պատկերացումները։ Քչերն էին սպասում, որ Թուրքիան իր քաղաքականությունը կհիմնի Ադրբեջանի գործոնի վրա եւ ամեն ինչ կանի վերջինիս ձեռքով։ Դե, իսկ իրականությունից լիովին կտրված էին Թուրքիայի քաղաքականության էության՝ էքսպանսիոնիստական բնույթի մասին պատկերացումները։ Թուրքիայի հետ հաշտության տրամադրվածությունը՝ նրա եւ Ադրբեջանի հանդեպ որեւէ պահանջից հրաժարվելու միջոցով, ձեռք բերեց «հրաշքի սպասելու» բնույթ։

Այսպես թե այնպես, հայ քաղաքական գործիչներն ու քաղաքագետներն ի սկզբանե ցույց տվեցին Թուրքիայի՝ որպես քաղաքական ֆենոմենի, հանդեպ իրենց կատարյալ թյուրըմբռնումը։ Պարզվեց, որ հայերին անհասանելի է այն իրողության գիտակցումը, որ Թուրքիան եւ նրա արբանյակ Ադրբեջանը կարող են շարունակել 1920-ականներին ձեւավորված տարածքային եւ ժողովրդագրական էքսպանսիայի քաղաքականությունը։ Արեւմտյան երկրների հարաբերությունների տրամաբանության մեխանիկական տարածումը Թուրքիայի վրա, նրա ազգային շահերի էության հավասարեցումը եվրոպական շահերի հետ՝ թույլ չտվեցին ողջամիտ պատկերացում կազմել նրա շահերի բնույթի մասին։

Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների կարգավորման խնդիրը բացառապես Արցախի եւ Հայոց ցեղասպանության խնդիրների հետ կապելը միամտություն էր։ Այդ միամտությունը բխում էր պատմությունից արված կեղծ եզրակացություններից եւ Օսմանյան կայսրության փլուզման ու 1920-ականներին Թուրքիայի Հանրապետության, Ադրբեջանի եւ Հայաստանի կազմավորման ժամանակ դեստրուկցիայի պատճառների ընկալման իսպառ բացակայությունից: Հայերի մեջ ինքնորոշում հասկացության ըմբռնման լիակատար բացակայությունը թույլ չտվեց նրանց ողջամիտ պատկերացում կազմել համաշխարհային ասպարեզում թուրք անվամբ նոր ազգի եւ նոր պետության՝ Թուրքիայի ի հայտ գալու գործընթացի մասին:

Չկար նաեւ այն բանի ընկալումը, որ տարածաշրջանի բոլոր երեք նոր պետությունները բոլշեւիկյան Ռուսաստանը ձեւավորել էր իր հայեցողությամբ։ Ըստ այդմ, 1990-ականների սկզբին հասկանալի չէր, թե ինչպիսին են լինելու այս նոր ազգերի միջազգային դերերը։ Ուտոպիա է նաեւ տարածված կարծիքը, թե կառուցողական երկխոսություն կարելի է հաստատել թուրքերի հետ՝ Ռուսաստանին կովկասյան տարածաշրջանից հեռացնելով. Թուրքիան Հայաստանի հետ Ռուսաստանի մասին չի խոսում։ Ասենք, նույնիսկ, Ադրբեջանը դա չի անում։ Արդյունքում,- պետք է դա խոստովանել,- Հայաստանը չունի հայ-թուրքական հարաբերությունների ռազմավարական նշանակության ընկալում։

Ըստ այդմ՝ Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման սեփական ռազմավարություն չկա։ Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման բանաձեւը, որը փոխվել է Արցախի երկրորդ պատերազմից հետո, պնդելով, որ հարաբերությունները կարող են կարգավորվել Ադրբեջանի բոլոր պայմաններն ընդունելու հիման վրա (նախկինի փոխարեն՝ հրաժարվել որեւէ պահանջից), նույնպես ոչինչ չի փոխում: Առաջարկվող բանաձեւերում նպատակին հասնելու մեխանիզմ չկա։ Իսկ դա նշանակում է, որ անհրաժեշտ է փոխել կարգավորման բուն իմաստի վերաբերյալ պատկերացումները։ Ամենայն հավանականությամբ՝ այստեղ կարող է օգտակար լինել «հաշտությունից դեպի զսպում» բանաձեւը:

Այսինքն՝ պետք է ընդունել, որ հարաբերություններում անտագոնիզմ կա, եւ դրանք անմիջական սպառնալիք են ներկայացնում հայկական պետականությանը, քանի որ չի ճանաչվում ինքնին հայ ժողովրդի՝ սեփական պետականության իրավունքը։ Ադրբեջանը չի ճանաչում Հայաստանը՝ որպես օրինական հարեւան պետություն, ընդ որում՝ նույն դիրքորոշումն ունի նաեւ Թուրքիան։ Թվում է՝ անհնար է տարանջատել այս երկու երկրների դիրքորոշումները։ Ըստ այդմ, անհրաժեշտ է հենց հիմա ձեռնամուխ լինել նման ռազմավարության ձեւավորմանը։ Թուրքիայի եւ Ադրբեջանի հանդեպ ռազմավարության մշակումը նպատակահարմար է հայ-թուրքական անտագոնիզմի հիմնարար փաստերի բացահայտմամբ (պետք է հաշվի առնել, որ մինչեւ ԼՂ-ի ոչնչացումը եւ «Արեւմտյան Ադրբեջանի» ու «Զանգեզուրի միջանցքի» ռազմավարության ի հայտ գալը հայ քաղաքական գործիչների, քաղաքագետների համար նույնիսկ դժվար էր համոզել, որ այդօրինակ անտագոնիզմ գոյություն ունի):

Մանվել ՍԱՐԳՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայացք Երևանից» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930