Լրահոս
Օրվա լրահոսը

Մենք հաստատում ենք մեր լիակատար աջակցությունը ՀՖՖ գործող ղեկավարությանը․ ֆուտբոլային մի շարք ակումբների հայտարարությունը

Նոյեմբեր 03,2024 11:57

«Արարատ» ֆուտբոլային ակումբի հայտարարությունը

Ֆուտբոլային հասարակության հարգելի անդամներ,

«Արարատ» ֆուտբոլային ակումբը ցանկանում է անդրադառնալ հայկական ֆուտբոլի շուրջ ներկայումս ստեղծված իրավիճակին:

ՀՖՖ նախագահի՝ 2023 թ. դեկտեմբերին կայացած ընտրություններում մենք սատարել ենք ՀՖՖ գործող նախագահ Արմեն Մելիքբեկյանին և քվեարկել նրա օգտին:

Բնականաբար, մենք ևս, որպես հայկական ֆուտբոլի համար շահագրգիռ կողմ, բավարարված չենք ինչպես ազգային, այնպես էլ տարբեր տարիքային հավաքականների գրանցած արդյունքներից, սակայն միևնույն ժամանակ տեսնում ենք այն աշխատանքները, որոնք ՀՖՖ-ն ձեռնարկում է ենթակառուցվածքների բարելավման հարցում, մանկապատանեկան ֆուտբոլում, կանանց ֆուտբոլում, ֆուտզալում, մասսայական ֆուտբոլում և ֆուտբոլային այլ բնագավառներում: Մենք համոզված ենք, որ ժամանակի ընթացքում այդ աշխատանքները կտան իրենց արդյունքները։

Այսպիսով, հաշվի առնելով այս ամենը, մենք հաստատում ենք մեր լիակատար աջակցությունը ՀՖՖ գործող ղեկավարությանը:

«Սյունիք» ֆուտբոլային ակումբի հայտարարությունը

Ֆուտբոլային հասարակության հարգելի անդամներ,

Սյունիք ՖԱ-ն ցանկանում է անդրադառնալ հայկական ֆուտբոլում ստեղծված իրավիճակին։
ՀՖՖ նախագահի՝ 2023 թ. դեկտեմբերին կայացած ընտրություններում Սյունիք ՖԱ-ն սատարել է ՀՖՖ գործող նախագահ Արմեն Մելիքբեկյանին՝ քվեարկելով նրա օգտին:

Ակումբը հասկանում է երկրպագուների կողմից Հայաստանի ազգային եւ տարբեր տարիքային հավաքականների գրանցած արդյունքների վերաբերյալ դժգոհությունը։

Այնուամենայնիվ, հայկական ֆուտբոլը նաեւ մասսայական ֆուտբոլն է, մանկապատանեկան ֆուտբոլը, ֆուտզալը, կանանց ֆուտբոլը, ֆուտբոլային ենթակառուցվածքները։ Այս ոլորտներում վերջին տարիներին ՀՖՖ-ի կողմից կատարվել է մեծ ծավալի աշխատանք, որի արդյունքներն ակներեւ են, իսկ խնդիրները պահանջում են անհապաղ լուծումներ, որոնք հնարավոր են ֆուտբոլային ընտանիքի միասնական ջանքերի շնորհիվ։

Այսպիսով, մենք հաստատում ենք մեր լիակատար աջակցությունը ՀՖՖ գործող ղեկավարությանը:

«Երևան», «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբների հայտարարությունը

Ֆուտբոլային հասարակության հարգելի անդամներ,

Մենք՝ ՀՖՖ անդամներս, ցանկանում ենք անդրադառնալ այն իրադարձություններին, որոնք ներկայումս կատարվում են հայկական ֆուտբոլում:

ՀՖՖ նախագահի՝ 2023 թ. դեկտեմբերին կայացած ընտրություններում մենք բոլորս սատարել ենք ՀՖՖ գործող նախագահ Արմեն Մելիքբեկյանին և քվեարկել նրա օգտին:

Մեր խորին համոզմամբ, հայկական ֆուտբոլը միայն Պրեմիեր Լիգայի 2-3 ակումբները չեն, որոնք չեն ընտրել Արմեն Մելիքբեկյանին և որոնք ցանկացած առիթ օգտագործում են՝ պարզապես հիշեցնելու իրենց գոյության մասին: Հայկական ֆուտբոլը միայն ազգային հավաքականը չէ, այլ նաև մանկապատանեկան ֆուտբոլն է, կանանց ֆուտբոլը, ֆուտզալը, մասսայական ֆուտբոլը և նշված բնագավառների հետ կապ ունեցող բոլոր անդամները, որոնք ընտրել են Արմեն Մելիքբեկյանին և կազմում են հայկական ֆուտբոլային ընտանիքի անբաժան մասը:

Բնականաբար, մենք ևս, որպես հայկական ֆուտբոլի համար շահագրգիռ կողմ, բավարարված չենք ինչպես ազգային, այնպես էլ տարբեր տարիքային հավաքականների գրանցած արդյունքներից, սակայն գտնում ենք, որ դրանց համար պատասխանատու է ոչ միայն և ոչ այնքան ֆեդերացիան, այլ նաև հենց նույն ակումբները, որոնք հավաքականներին պատշաճ քանակի և որակի ֆուտբոլիստներ մատակարարելու փոխարեն անդադար զբաղված են ֆեդերացիայի ղեկավարությանը և նրանց գործունեությանը որակումներ տալով:

Այսպիսով, մենք հաստատում ենք մեր լիակատար աջակցությունը ՀՖՖ գործող ղեկավարությանը:

«Վեստ Արմենիա» ֆուտբոլային ակումբի հայտարարությունը

«Վեստ Արմենիա» ֆուտբոլային ակումբը ցանկանում է անդրադառնալ հայկական ֆուտբոլում ստեղծված իրավիճակին:
Երկրպագուների և այլ շահագռգիռ կողմերի անհանգստությունը և դժգոհությունը հասկանալով հանդերձ ցանկանում ենք ընդգծել, որ մեր ակումբում նույնպես գիտակցում են հայկական ֆուտբոլում առկա խնդիրները և ծառացած մարտահրավերները, որոնք մեր ֆուտբոլային հասարակության ընդհանուր խնդիրներն են և միասնական, համակարգային լուծումներ են պահանջում:

Միևնույն ժամանակ, ակներև են ֆուտբոլի ֆեդերացիայի ջանքերը ֆուտբոլի մասսայականացման, ենթակառուցվածքների, ֆուտզալի և ֆուտբոլային տնտեսության այլ ասպեկտների զարգացման, արտերկրում հանդես եկող մի շարք տաղանդավոր հայազգի ֆուտբոլիստների բացահայտման և նրանց մեր հավաքականներ հրավիրելու ուղղությամբ:

Հաշվի առնելով վերոնշյալը, «Վեստ Արմենիա» ՖԱ-ն իր աջակցությունն է հայտնում ՀՖՖ գործող ղեկավարությանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930