Լույս է տեսել Ռամելա Դանիելյանի «Արեւածագ» խորագրով արձակ եւ չափածո ստեղծագործութունների ժողովածուն, գրքի խմբագիրը Մելսիդա Հակունցն է: Ռամելան սյունեցի ուսուցչուհի է, ծնվել է Դավիթ բեկ գյուղում, ու պատահական չէ, որ նրա գրքում տեղ է գտել ծննդավայրի՝ 1750 թ․ հիմնադրված Զեյվա՝ Դավիթ բեկի մասին պատմական ակնարկ:
Ի թիվս այլնի՝ գրքում անդրադարձ կա 44-օրյա պատերազմին, արկերից ցնցվող իրենց գյուղի տանը, հերոս զինվորներին: Ընդհանրապես, նրա գրքում առանձնահատուկ տեղ է գրավում հայրենիքի թեման: «Հայրենիք», «Արցախ»,« Հայի ծնունդը», «Աղոթքս առ Աստված», «Հեյ, Դավիթ բեկ, դու քաջասիրտ», «Երկիր Նաիրի» եւ մյուս բանաստեղծությունները ասվածի վառ արտահայտությունն են:
Բանաստեղծություններից մեկը հեղինակը նվիրել է հերոս եղբորը՝ 44-օրյա պատերազմում անմահացած Արեն Արզումանյանին, մեկ այլ բանաստեղծություն՝ մյուս զոհված եղբորը՝ Արարատ Դանիելյանին:
Ռամելան նաեւ հեքիաթներ է գրել, դրանցից նեկը Հայոց արքայի ու հայոց այբուբենի մասին է: Նա ընդգծում է, որ հայոց այբուբենի ամեն մի տառ արքայական թագ կրելու իրավունք ունի, որովհետեւ ամեն մեկն իր առաքելությունն ունի:
Կարդացեք նաև
Չնայած դժվարություններին՝ հեղինակը շարունակում է մնալ լավատես ու հուսով, որ մեր հայրենիքը դեռ լավ օրեր կունենա: Նաեւ նշում է, որ վախենում է կորստից, ցավից, սեւ էջերից, սխալներից, բայց միեւնույն ժամանակ կարծում է, որ հային բնորոշ է թեկուզ վիրավոր առաջ քայլելը, ու երբեմն ցավերի ամոքիչ է դառնում հարազատ մարդկանց հետ բաժակ բարձրացնելը.
Թասդ բեր եղբայր, հարազատ ընկեր,
Ուզում եմ այսօր մի թեթեւ արբել,
Որ միշտ չմնանք տխրության փարված
Եվ խմենք կենացը չասված խոսքերի…
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ