Լրահոս
Օրվա լրահոսը

Արհեստական բանականությունը կարելի է համարել նոր դարի Ջինը

Նոյեմբեր 02,2024 21:24

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Հարցազրույց հանրային կապերի մասնագետ Ծովինար Խաչատրյանի հետ

-Վերջին ամիսներին Հայաստանում արհեստական բանականությանն (ԱԲ) առնչվող թեմատիկ թրենինգների աշխուժություն է նկատվում։ Ինչո՞վ է դա պայմանավորված։

-Արհեստական բանականությունը մի շարք երկրներում շատ արագ կիրառություն է գտել, այն կարելի է համարել նոր դարի Ջինը։ Այս երևույթն էլ Ջինի նման ծառայում է իր այդ պահի տիրոջը՝ կատարելով ընդհանրական էլեկտրոնային հաղորդակցման ամենատարբեր երազանքներ։ Հայաստանում էլ բնականաբար այն մերժելու լուրջ պատճառ չկա, ուստի դրան ավելի արագ ընտելացածները պարզապես օգտագործման հուշաթերթիկի իրենց փորձն են փոխանակում, պատկերավոր ասած լամպը ճիշտ շփելու ձեւերին են ծանոթացնում։

-Ամեն դեպքում այս երևույթի վերաբերյալ կարծիքները բազմազան, նույնիսկ իրարամերժ են, մասնագետների կարծիքով ռիսկեր կան…

-Իրականում արհեստական բանականությունն ու դրա ահռելի տեմպերով զարգացումը խլում է գիտնականներից և ուսումնասիրողներից այն մանրամասն հետազոտելու հնարավորությունը։ Իհարկե, յուրաքանչյուր նորույթ ռիսկային է, հատկապես երբ շոշափում է այնպիսի ասպեկտներ, ինչպիսիք էթիկան, անվտանգությունը, հեղինակային իրավունքը, անձնական տվյալները և մարդու իրավունքները։ Սակայն պետք է ընդունենք դրա գոյությունը և այդ շրջանակներում փորձենք կարգավորել բոլոր կնճռոտ հարցերը։ Ամեն դեպքում արհեստական բանականությունը ստեղծված է ոչ թե մարդուն փոխարինելու, այլ օգնելու համար։

-Եթե օրինակ բերենք լրագրողների եւ հանրային կապերի մասնագետների առումով, արդյոք նրանց աշխատանքը լիովին փոխարինելի չի դառնալու շատ շուտով, եւ եթե մեքենան սղագրում, խմբագրում, վերլուծում կանխատեսում է ու մարդու հետ համեմատած գրեթե անվճար ու անթերի է դա անում, ինչու չհրաժարվել մարդու աշխատանքից։

-Շատ ճիշտ դիտարկում է փոխարինելիության վերաբերյալ։ Օրինակ Կրակովի ռադիոներից մեկում մի քանի լրագրողի ազատել են աշխատանքից՝ փոխարինելով ԱԲ-ով։ Բնականաբար, սա վրդովմունքի մեծ ալիք է բարձրացրել և սա դեռ մեկնարկային փուլ է։ Գուցե ոչ հեռու ապագայում արհեստական բանականությունը օպտիմալացման տանի մի շարք ոլորտներ, այդ թվում՝ մերը, սակայն մարդն իր հուզականությամբ, դետալները տեսնելու կարողությամբ և ստեղծագործական մտքով անփոխարինելի է։ Այս գործիքների ճիշտ կիրառումը կօգնի տեխնիկական մասը թողնել մեքենային և ժամանակ հատկացնել կատարելագործման, ստեղծագործականության համար։ Այնուամենայնիվ, մի օր այս գործիքները կստիպեն հիմնովին վերանայել բոլոր բուհական ծրագրերը։

 -Ձեր աշխատանքում այն օգնո՞ւմ է, թե ստանդարտ, ոչ այնքան կիրառելի լուծումներ է առաջարկում։

-Ես հատկապես վերջին ամիսներին շատ եմ փորձում ԱԲ տարատեսակ գործիքներ, ասեմ, որ հայերենով արդեն կան հաջողված հավելվածներ, որոնց  սովորել եմ։ Ի՞նչ եմ նկատել. մի հետազոտություն էի նայում, որի համաձայն ԱԲ-ին տարբեր տարիքի մարդկանց կողմից հաճախ տրվող հարցերից էր՝ որտեղից է առաջացել մարդը, կա՞ Աստված թե ոչ։ Սա ստիպեց ինձ մտորել ու հիշեցի, որ առաջին համակարգիչներին էլ էին մարդիկ նույնատիպ հարցեր տալիս ու ասում, որ կոմպյուտերն ասել է, թե նախկին կյանքում օրինակ հարուստ իռլանդացի եմ եղել ու հակառակ սեռի…

Զրուցեց Անահիտ ՍԻՄՈՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930