Նոյեմբերի 2-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի և ՀՀ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի համագործակցության արդյունքում կայացել է բաց քննարկում Հայաստանում առողջապահական զբոսաշրջության զարգացման վերաբերյալ:
Քննարկմանը մասնակցել են Զբոսաշրջության կոմիտեի ղեկավար Լուսինե Գևորգյանը, ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը, բժշկական կենտրոնների ղեկավարներ, բժշկական տուրիզմի ոլորտում առավել մեծ փորձ ունեցող կլինիկաների ներկայացուցիչներ, զբոսաշրջության ոլորտի պատասխանատուներ։
«Բժշկական տուրիզմ ունենալը ցանկացած երկրի համար մեծ հեղինակություն է, այն նաև բավականին եկամտաբեր ուղղություն է, որին զբոսաշրջության զարգացման մեր ռազմավարության մեջ մենք մեծ տեղ ենք հատկացրել», – նշել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ պատրաստակամություն հայտնելով առողջապահության նախարարության հետ կոնկրետ ենթածրագրերով համագործակցելու։
Նախարարը քննարկման մասնակիցներին ներկայացրել է լիզինգի պետական աջակցության ծրագիրը, որի շնորհիվ 0 տոկոս լիզինգով բժշկական կազմակերպությունները կկարողանան վերազինվել գերժամանակակից սարքավորումներով:
Կարդացեք նաև
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն էլ անդրադարձել է այն հիմնական ուղղություններին, որոնք այժմ բարեփոխման փուլում են՝ բուժկենտրոնների արդիականացում, վերազինում, էլեկտրոնային առողջապահության զարգացում, լիցենզավորում, որակի ստանդարտների և վերահսկողության խստացում։
ՀՀ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ