Լրահոս
Օրվա լրահոսը

Իրանի դեմ հարձակմանն Ադրբեջանի մասնակցության հավանականությունը․ «Գեղարդ»

Նոյեմբեր 02,2024 14:04

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Իրանը պաշտոնապես հաստատել է, որ հոկտեմբերի 26-ի գիշերը Իսրայելը հրթիռային հարվածներ էր հասցրել Թեհրան, Իլամ, Խուզիստան նահանգներում գտնվող ռազմական օբյեկտներին: Հարձակումը, որի հետևանքով զոհվել են Իրանի բանակի 4 զինծառայող և ևս մեկ քաղաքացիական անձ, իրագործվել է՝ օգտագործելով մի քանի երկրի տարածք, այդ թվում՝ Իրաքի։ Այդ ֆոնին՝ Իրանում կրկին ակտիվացել է Ադրբեջանում իսրայելական ներկայության հարցը: Իսրայելական հարձակումից երկու օր առաջ Իրանի նախագահի տեղակալ Մոհամմադ Ջավադ Զարիֆը մատնանշել էր, որ Իսրայելը ներկայություն ունի Ադրբեջանում: Իրանական մամուլի հրապարակումներում տեղ են գտել նյութեր, թե հարձակումն իրագործելիս Իսրայելն օգտագործել է նաև Ադրբեջանի տարածքը: Նման պնդումների համար իրանական մամուլը հիմք է ընդունում Ադրբեջան-Իսրայել բազմաշերտ և բազմաոլորտ համագործակցությունը, ինչպես նաև՝ նախկինում Ադրբեջանի տարածքից Իրանի դեմ Իսրայելի գործողությունների փորձը (ավելի մանրամասն՝ «Իրանը Իսրայել-Ադրբեջան համագործակցության թիրախ» հոդվածում): Բացի այդ՝ Ադրբեջանի տարածքի օգտագործման հավանականության մասին խոսում են նաև իսրայելցի փորձագետները, ինչը ևս արտացոլվել է իրանական ԶԼՄ-ներում:

Կովկասի հարցերով իրանցի փորձագետ Բորհան Հեշմաթին նկատել է. «Երբ 2022 թվականի սեպտեմբերի 9-ին Բրենդա Շեֆերը (խմբ.՝ Ադրբեջանի լոբբիստ) հրապարակեց «Իսրայելի դերը Ղարաբաղյան երկրորդ պատերազմում և դրա հետևանքներն ու ապագան» վերնագրով հոդվածը, որտեղ բացատրել էր Իսրայելի ռեժիմի հետ Բաքվի հարաբերությունների հիմնարար փոփոխությունը և գրել, որ Բաքվի հարաբերություններն Իսրայելի հետ չեն սահմանափակվում միայն իսրայելական զենքի վաճառքով կամ այդ հանրապետությունում զենքի տեղական արդյունաբերության ստեղծմամբ, քչերը հավատացին, որ կգա այն օրը, երբ Բաքուն կմասնակցի Իրանի վրա սիոնիստական ռեժիմի օդային հարձակման գործողություններին»: Հեշմաթին ընդգծել էր՝ չնայած Բաքվի մասնակցության հարցը հավելյալ ուսումնասիրությունների կարիք ունի, սակայն, դեռ նախքան հարձակումը, իսրայելական լրատվամիջոցները բարձրաձայնել էին, որ Բաքուն թույլ է տալու օգտագործել Ադրբեջանի օդային տարածքն ու հնարավորությունները՝ Իրանի վրա Իսրայելի հարձակման համար: «Ուշադրության է արժանի նաև այն փաստը, որ, Իրանի և Իսրայելի միջև աճող ռազմական լարվածությանը զուգահեռ, դեպի Իսրայել Ադրբեջանի «Silk Way Airlines»-ի ռազմատրանսպորտային ինքնաթիռի չվերթները աճ էին արձանագրել»,- նշել էր Հեշմաթին: Փորձագետը շեշտել էր նաև, որ Իսրայելն ամենաշատն Իրանի դեմ գործել և գործելու է հենց Ադրբեջանից: «Ժամանակը ցույց կտա, թե ինչ է կատարվել իրականում, բայց եթե Բաքվի վարքագծի տիպաբանությանն ուշադրություն դարձնենք, Բաքուն ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Իսրայելի հակաիրանական գործողություններին իր մասնակցությունը բնատուր պարտականություն է միշտ համարել»,- նշել էր նա:

«Farikhtegan» օրաթերթը ուշադրություն է հրավիրել մամուլում նախկինում արված այն հրապարակումներին, ըստ որոնց, Ադրբեջանը ավիաբազա է տրամադրել Իսրայելին: Մյուս կողմից՝ օրաթերթը կասկածամտությամբ է վերաբերում Արցախի բռնազավթած տարածքներում Իսրայելի մասնակցությամբ «խելացի գյուղերի» կառուցմանը՝ համարելով, որ այդ կերպ Թել Ավիվը պարզապես քողարկում է Իրանի հարևանությամբ իր հետախուզական գործունեությունը: «Իրան-Ադրբեջան հարաբերություններում սրացումներն ու լարվածությունը ցույց են տալիս, որ Բաքուն դարձել է Իրանի համար մեծ սպառնալիք, հատկապես՝ Թել Ավիվի հետ Ադրբեջանի սերտ հարաբերությունների աճի ֆոնին»,- նշել է օրաթերթը: Անդրադառնալով նավթի վաճառքի, ռազմական, կիբեր և այլ ոլորտներում իսրայելաադրբեջանական համագործակցությանը՝ օրաթերթն ընդգծել է. «Նրանք, ովքեր իրենց ռազմաբազաներն ու անվտանգությունը վարձակալության են տվել օկուպանտ ռեժիմին, Իրանի տարածքի դեմ Թել Ավիվի ագրեսիայից հետո պետք է ամենաշատը վախենան Իրանի հնարավոր արձագանքից»:

Իրանական «Tabnak» լրատվական կայքի՝ «Արդյո՞ք Բաքուն մասնակցություն է ունեցել Իրանի դեմ Իսրայելի հարձակմանը» վերտառությամբ հոդվածում, մեջբերելով Ալաբամայի համալսարանի պրոֆեսոր Նադեր Էնթեսարին, նշված է՝ եթե պարզվի, որ Իսրայելի հարձակմանն այլ երկրներ ևս աջակցել են, Իրանը կարող է նրանց օրինական թիրախ համարել:

Իրանի դեմ հարձակմանն Ադրբեջանի մասնակցության հավանականության մասին բարձրաձայնվել է նաև հեռուստաեթերում: Մասնավորապես՝ «Shabake-ye khabar» լրատվական հեռաուստաալիքի տաղավար հրավիրված փորձագետը, ներկայացնելով Ադրբեջանից Իսրայել նավթի մատակարարման սխեման, ընդգծել է. «Խոսակցություններ կան, որ Ադրբեջանը դեր է խաղացել Իրանի վրա Իսրայելի հարձակման մեջ»:

Մեկ այլ հանգամանք, որին իրանցի փորձագետներն ու լրատվական դաշտն ուշադրություն են դարձրել, այն է, որ Բաքուն որևէ կերպ չի դատապարտել Իրանի դեմ Իսրայելի հարձակումը, այն պարագայում, երբ դա արել են տարածաշրջանային մի շարք երկրներ (այդ թվում՝ Հայաստանը): Սա ևս փաստում է, թե որքան սերտ են Ադրբեջանի հարաբերությունները Իսրայելի հետ։ Որևէ արձագանք չտալով այդ հարձակմանը՝ Բաքուն առնվազն իր լուռ համաձայնությունն է արտահայտում: Պատահական չէ, որ տարբեր առիթներով իսրայելական կողմն ընդգծել էր, որ Իրանն Ադրբեջանի ու Իսրայելի համար ընդհանուր սպառնալիք է, որի դեմ պետք է համատեղ ուժերով պայքարել, ու չի բացառվում, որ Իրանի դեմ վերջին հարձակման ժամանակ հենց այդ «համատեղ պայքարն» էլ գտել է իր դրսևորումը։

«ԳԵՂԱՐԴ» ԳԻՏԱՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930