Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանական բռնազավթման հետեւանքով որքա՞ն վնաս է կրել Գեղարքունիքի տնտեսությունը․ մարզի իշխանությունները խուսափում են անվտանգային հարցերից

Նոյեմբեր 02,2024 13:50

Անվտանգային հարցերի մասին Գեղարքունիքի համայնքների ղեկավարները եւ մարզպետ Կարեն Սարգսյանը խուսափում են խոսել, ակտիվորեն ներկայացնում են կառավարության, մարզպետարանի, բարերարների ծրագրերը եւ լրագրողներին հորդորում անվտանգային հարցեր չուղղել իրենց։

«Առավոտի» հարցին՝ որքա՞ն տարածք է բռնազավթված Գեղարքունիքի մարզից, մարզպետ Կարեն Սարգսյանը պատասխանեց․ «Խնդրում եմ, այդ հարցերը թողեք, Պաշտպանության նախարարության հետ ճշտեք»։

Որքա՞ն տարածք է բռնազավթված Վարդենիս համայնքից հարցին Վարդենիս խոշորացված համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը պատասխանեց․ «Մենք այդպիսի տարածք չունենք, սահմանամերձ գյուղերում ընդամենը 70-80 հա արոտավայր է դիտարկման տակ։ Մնացած հատվածներում ընդհանրապես խնդիր չունենք։ Եվ պատահական չէ, որ ես անցած տարի իմ բյուջեն կատարել եմ 108 տոկոսով։ Եթե այդպիսի տարածքներ լինեին, ես չէի կարողանա իմ տոկոսներն այդքան բարձր կատարել»։

Հայաստանի իշխանությունները հայտարարել են, որ ՀՀ տարածքից օկուպացված է 200 քկմ տարածք։ Ըստ որոշ գնահատականների՝ բռնազավթված տարածքների թիվն ավելի մեծ է։

Ադրբեջանական ագրեսիայի թիրախում վերջին տարիներին եղել են Գեղարքունիքի, Սյունիքի եւ Վայոց ձերի մարզերը, բռնազավթված են այս մարզերի տարածքները։ Մասնավորապես, բռնազավթված են Ջերմուկի տարածքները։ Իսկ Կապան համայնքի ղեկավար Գեւորգ Փարսյանը ավելի վաղ «Առավոտին» ասել էր, որ 2022 թվականի սեպտեմբերյան ագրեսիայի հետեւանքով միայն Կապանի վարչական տարածքներից մոտ 2700 հա հող օկուպացված է ադրբեջանցիների կողմից, եւ հիմա ադրբեջանական զորքերն են տեղակայված մեր տարածքներում։

Անդրադառնալով Գեղարքունիքին՝ 2021 թվականի մայիսի 12-ին ՀՀ տարածք ադրբեջանական զորքերի ներխուժման եւ 2022 թվականի սեպտեմբերյան ագրեսիայի հետեւանքով Գեղարքունիքի մարզում անվտանգային լուրջ խնդիրներ են ստեղծվել։ Նույն Վարդենիս խոշորացված համայնքի մի շարք գյուղերի հողերն անցել են Ադրբեջանի վերահսկողության տակ։

Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանն ահազանգել էր Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի կազմում գտնվող Վերին Շորժա, Ներքին Շորժա, Նորաբակ, Կութ գյուղերում սահմանային բնակիչների իրավունքների խախտումների ու վտանգների մասին, որոնք առաջացել են ՀՀ ինքնիշխան տարածքում ադրբեջանական զինված ծառայողների անօրինական ներկայության պատճառով:
Թաթոյանի հայտարարության համաձայն՝ որ 2022-ի սեպտեմբերի 13-14-ի ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Գեղարքունիքի մարզի Ներքին Շորժա ու Վերին Շորժա գյուղերում քաղաքացիական կյանք այլեւս չկա, սարատեղիներն ամբողջությամբ անցել են ադրբեջանական դիտարկման ու վերահսկողության ներքո, իսկ գյուղերը դատարկվել են։

«Թաթոյան» հիմնադրամի փաստագրումների համաձայն՝ 2021 թվականի մայիսի 12-ի ագրեսիայից հետո Կութ գյուղում ադրբեջանական զինվորականները, բացահայտ կեղծ քարտեզների վկայակոչմամբ, անօրինական առաջ էին եկել դեպի Հայաստանի տարածքից ներս` քաղաքացիական բնակավայրերի ուղղությամբ:

Կութի նախկին վարչական ղեկավար Սիմա Չիտչյանը բազմիցս լրատվամիջոցներին ահազանգել էր, որ գյուղի բարձրունքները գրավված են ադրբեջանցիների կողմից, ադրբեջանցիները տեղակայվել են գյուղի արոտավայրերում, իսկ Կութ գյուղը եւ դպրոցը հայտնվել են ադրբեջանական նշանառության ներքո։

Վարդենիս խոշորացված համայնքի այլ գյուղական բնակավայրերում եւս անվտանգային լուրջ խնդիրներ կան․ օրինակ՝ Սոթք, Նորաբակ գյուղերում։

Հարցին՝ որքա՞ն վարելահող է թշնամու դիտարկման տակ, ինչի պատճառով գյուղացիները չեն կարողանում մշակել դրանք, Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը պատասխանեց․ «Վարելահողերի հետ կապված որեւէ խնդիր չկա, չկա տարածք, որ կա, եւ մենք հասանելիություն չունենք։ Այդպիսի խնդիր գոնե մինչեւ այսօր ոչ առանձնացվել է, ոչ էլ կա։ 2023 թվականին կային վարելահողեր, որոնք չմշակվեցին, բայց հետագայում պարզվեց, որ ոչ թե չեն մշակել այլ խնդիրներից ելնելով, այլ ցանքաշրջանառություն են իրականացնում։ Այսինքն՝ մեկ տարի հողը թողնում են խոպան՝ հաջորդ տարի մշակելու համար»։

Գեղարքունիքի բնակիչները մեզ հետ զրույցում տեղեկացրեցին, որ անասնապահության ծավալները կրճատվել են այն համայնքներում, որտեղ անվտանգային խնդիրներ են ստեղծվել։ Օրինակ՝ Սոթք գյուղում 70 տոկոսով կրճատվել է անասնապահության ծավալը։ Կարեն Սարգսյանն ասաց, որ այս հարցն անվտանգային խնդիրներով չի պայմանավորում ինքը։ «Ես ավելի շատ դա պայմանավորում եմ նրանով, որ իրենք չեն ցանկանում զբաղվել։ Կրկնում եմ՝ մենք արոտավայրերի ու խոտհարքերի խնդիր չունենք։ Առավել եւս, որ այս եւ նախորդ տարիներին մենք ընդհանրապես անասնակերի խնդիր չենք ունեցել։ Ընդհակառակը, այս տարի մենք ունեցանք այլ խնդիր, որ որոշ տարածքներում անասնակերը չհավաքեցինք՝ հաշվի առնելով, որ բավականին շատ էր»։

Գեղարքունիքի մարզպետարանում չունեն նաեւ հաշվարկ, թե Արցախի բռնազավթման հետեւանքով որքա՞ն վնաս է կրել Արցախին սահմանակից Գեղարքունիքը։ Կարեն Սարգսյանն այս հարցին պատասխանեց․ «Այդպիսի հաշվարկներ չունենք։ Նման հաշվարկ անելու համար մեզ բավականին այլ ուժեր են պետք, որը մարզպետարանը չունի։ Այսինքն՝ մենք այդ հզորությունը չունենք, մասնագիտական հմտությունները չունենք, որ կարողանանք հաշվարկ իրականացնենք, թե ինչ վնաս կկրեր կամ կրել է մարզը այդ ուղղությամբ»։ Նա ասաց, որ տեղյակ չէ՝ կառավարությունում նման հաշվարկ արել են, թե՞ ոչ։

Ըստ նրա՝ անվտանգային իրավիճակով պայմանավորված խնդիրները լուծվում են կառավարության ծրագրերի շնորհիվ։ «Մարզում այնպիսի մի խնդիր չկա, որին մենք չենք արձագանքել։ Այսինքն՝ եթե որեւէ բիզնես կամ բնակավայր ունեցել է խնդիր, մենք արագ արձագանք ենք տվել այդ հարցերին, դրանք մեզ համար կառավարելի են եղել։ Եվ այսօր էլ կառավարությունն այնպիսի ծրագրեր է իրականացնում, որ այդ ծրագրերով կարելի է բոլոր այդ վնասները շատ արագ վերականգնել, եթե այդպիսիք կան։ Օրինակ՝ եթե մենք ունենք արոտավայրի խնդիր, մենք ունենք տոհմային անասնապահության ծրագիր, իսկ տոհմային անասուններին պետք չէ արոտ տանել, իրենց չի էլ կարելի արոտ տանել»,- հավելեց Կարեն Սարգսյանը։

Կարեն Սարգսյանը նաեւ ասում է, որ վերջին երեք տարիների ընթացքում Գեղարքունիքում 20 մլրդ դրամից ավելի ներդրումային ծրագրեր են իրականացվել։ Հարցին, թե անվտանգային հարցերն ինչպե՞ս են ազդել զբոսաշրջային հոսքերի վրա, մարզպետը պատասխանեց․ «Վերջին տարիներին զբոսաշրջիկների ներհոսքի մասով խնդիր չենք ունեցել, տարեցտարի ավելանում են։ Մենք ունենք մի կետ Սեւանի թերակղզում, որտեղ հաշվառում է իրականացվում, թե որ երկրի բնակիչներն են գալիս մարզ։ Ամեն տարի դրական ցուցանիշ ենք ունեցել, նախորդ տարի շատ բարձր ցուցանիշ ենք ունեցել»։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930