Լրահոս
Օրվա լրահոսը

22 միլիոն դրամ՝ Երեւանի քաղաքապետարանի բարձրաստիճան հյուրերի ընդունելության սրահի վերանորոգման համար․ «Հրապարակ»

Նոյեմբեր 02,2024 10:54

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հերթական միլիոններն է ծախսում քաղաքացիների գրպանից։ Նա կարգադրություն է ստորագրել, ըստ որի՝ մոտ 22 միլիոն դրամ է հատկացրել Երեւանի քաղաքապետարանի բարձրաստիճան հյուրերի ընդունելության սրահի վերանորոգման եւ լուսավորության համար։ Կարգադրության մեջ նշված է․ «Հանձնարարել Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչության պետին՝ «Գերատեսչական շենքերի պահպանման եւ շահագործման» ՓԲԸ-ին հատկացնել 21 միլիոն 876 հազար 400 դրամ՝ Երեւանի քաղաքապետարանի Արգիշտի 1 հասցեի վարչական շենքում տեղակայված բարձրաստիճան հյուրերի ընդունելության սրահի վերանորոգման եւ լուսավորության ավելացման համար ֆինանսական աջակցություն ցուցաբերելու նպատակով»։

Քաղաքապետարանի մեր աղբյուրը հայտնում է, որ այս սենյակը մշտապես օգտագործվել է խնամքով, կարելի է ասել` ամիսը հազիվ մի քանի անգամ է օգտագործվում․ «Այս սենյակի համար 22 միլիոնը շատ-շատ է։ Աչքաչափով կարող եմ ասել՝ 40 քառակուսին չգերազանցող սենյակ է, դրսից հյուրերին, պաշտոնյաներին են այնտեղ ընդունում, երբեմն է օգտագործվում։ Իմաստը ո՞րն է՝ այդ սենյակի ուղղակի վերանորոգման եւ լուսավորության համար այդ կլորիկ գումարը հատկացնել»։ Մեր աղբյուրը նաեւ նշում է, որ շատ հաճելի, լավ լուսավորությամբ սրահ է այն, նորմալ կահավորված, գտնվում է քաղաքապետի աշխատասենյակի դիմաց։

«Հրապարակը» Երեւանի քաղաքապետարանին գրավոր հարցում է ուղարկել՝ խնդրելով նշել. մրցույթ հայտարարվե՞լ է վերանորոգման համար, ո՞ր ընկերությունն է հաղթել, եւ ո՞վ է ստանձնել այդ վերանորոգումը։

Քաղաքապետարանից ստացել ենք սպասված պատասխանը, որ մրցույթ չի հայտարարվել, կատարվել է մեկ անձից գնում. «Հիշյալ դահլիճը 2004 թվականից չէր վերանորոգվել, գտնվում էր ոչ բարվոք վիճակում, ուստի անհրաժեշտություն է առաջացել կազմակերպել դահլիճի վերանորոգման աշխատանքներ՝ 20 աշխատանքային օրվա ընթացքում: Արդյունքում ծագել է գնման անհետաձգելի պահանջ, եւ գնման այլ ձեւերի կիրառումը ժամկետի առումով անհնարին լինելու պատճառով նշված աշխատանքներն իրականացվել են մեկ անձից գնման եղանակով՝ հիմք ընդունելով «Գնումների մասին» օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի եւ ՀՀ կառավարության 2017թ. մայիսի 4-ի հ.526-Ն որոշմամբ հաստատված Գնումների գործընթացի կազմակերպման կարգի 21-րդ կետի 1-ին ենթակետի դ) պարբերության դրույթները»:

Աննա ՊԱՊԻԿՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930