Լրահոս
Օրվա լրահոսը

Ներիշխանական խարդավանքները վատ լուր են ընդդիմության համար

Նոյեմբեր 02,2024 10:00

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ընդդիմադիր քաղաքական գործիչները, հակաիշխանական հայացքներ ունեցող քաղաքացիները եւ մեկնաբանները իզուր են բացահայտ կամ թաքուն ուրախանում, որ ՔՊ-ականներն իրարից բամբասում են եւ զբաղված են ներքին խարդավանքներով: Դա իրականում վատ լուր է հենց նրանց՝ ընդդիմադիրների համար, որովհետեւ վկայում է մի բանի մասին. իշխող խմբակը, եթե կենցաղային բառ օգտագործենք, «արխայնացել է»:

Իշխանավորները հասկանում են, որ այս պահին իրենց մանդատներին եւ աթոռներին ոչինչ չի սպառնում: Ընդդիմության ցույցերը, եթե նույնիսկ կան, անվնաս են: Քաղաքացիների մեծ մասը, եթե ինչ-որ բանից դժգոհ է, ապա գլխավորապես նրանից, թե ինչու բոլոր «նախկիններին» չեն գնդակահարել: Մնացած բոլոր հարցերում, ըստ այդ մեծամասնության, ամեն ինչ հոյակապ է: Աշխարհաքաղաքական կենտրոնների համար Փաշինյանը, ինչպես բազմիցս գրել եմ, միանգամայն ձեռնտու ֆիգուր է: Մի խոսքով, այսօր իշխանության համար ոչ մի կողմից որեւէ վտանգ չկա:

Այս պայմաններում ՔՊ-ականների համար եկել է «տեղները պնդացնելու» ժամանակը թե՛ լծակների եւ թե՛ զուտ նյութական առումով (ինչն, ըստ էության, նույնն է): Որովհետեւ, եթե այսօր վտանգ չկա, ապա դա չի նշանակում, որ իշխանությունը հավերժ է՝ մի 2-3 ավելորդ տունը, շքեղ մեքենան կամ բիզնեսը դեռեւս ոչ մեկին չի խանգարել. կարելի է հիմա դառնալ առավել հաջողակ տղամարդ կամ կին՝ մի քանի տարի հետո հաջորդ «առաջին լեդիի» հետ ճաշելու համար:

Այսպիսով, մի կողմից կա վստահություն, որ տեսանելի ապագայում իրավիճակը կայուն է լինելու, մյուս կողմից՝ գիտակցություն, որ այդ ամենը հավերժ չի շարունակվելու: Այստեղից՝ «գորգի տակ» ներիշխանական գզվռտոցը: Ինչպես ասում էր Մյուլերը «Գարնան 17 ակնթարթից»` մանր ինքնասիրությունների կռիվ է ընթանում: Այդ պայքարում կան փորձված խարդավասերներ, որոնք 3 տասնամյակ այդ գործով են զբաղված, կան նաեւ հեղափոխության կոմիսարներ ու կոմիսարուհիներ կաշվե բաճկոններով:

Մի խոսքով, ամեն ինչ սովորական է՝ ով հետաքրքրվում է համաշխարհային պատմությամբ, կարող է բազմաթիվ նման օրինակներ բերել: Սովորական է  նաեւ ընդդիմադիրների ուրախությունը եւ խարդավանքները լրատվամիջոցներում ծամծմելը:

Պարզապես պետք է հաշվի առնել, որ վտանգի բացակայությունը բաժանում է մարդկանց, դրա առկայությունը՝ միավորում: Եթե փողոցում 3 հազարից ավելի մարդ հայտնվի, բոլոր նախկին մրցակիցները միաբերան կխոսեն «օտար ագենտուրայի» եւ «5-րդ շարասյան» մասին:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930