ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախկին դատավոր Գագիկ Խանդանյանի ներկայացուցիչ Անի Մարտիրոսյանը 2024 թվականի հուլիսի 17-ին հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան՝ ընդդեմ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության՝ «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով սահմանված հիմքով եւ 5-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ 3.1-րդ մասով սահմանված կարգով կենսաթոշակը հաշվարկելուն եւ որպես հետեւանք՝ ոչ իրավաչափ հաշվարկման արդյունքում պակաս վճարված կենսաթոշակի գումարը վճարելուն պարտավորեցնելու պահանջի մասին: 2024 թվականի հուլիսի 29-ին դատարանը ներգրավել է ՀՀ ֆինանսների նախարարությանը որպես երրորդ անձ: Նախնական դատական նիստը նշանակվել է գալիք տարվա հունվարի 23-ին:
Հիշեցնեմ, որ 2021 թվականի հոկտեմբերի 4-ին Բարձրագույն դատական խորհրդի՝ ԲԴԽ56-Ո-Կ-19 որոշմամբ ԲԴԽ-ն հղում կատարելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածին, 159-րդ հոդվածի 1-ին մասին, 2-րդ մասի 1-ին կետին, 2.1-րդ մասին, «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 1-ին եւ 6-րդ մասերին, որոշել է դադարեցնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Գագիկ Խանդանյանի լիազորությունները «Հանրային ծառայության մասին» օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջը խախտելու հիմքով՝ որոշման պատճառաբանական մասում արձանագրելով, որ դատավորը զբաղեցրել է պաշտոն առեւտրային կազմակերպությունում:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
01.11.2024