Լրահոս
Օրվա լրահոսը

Հունվարի 1-ից հետո փաստաբաններն անվճար խորհրդատվություն չեն կարող տալ, կտուգանվեն

Նոյեմբեր 02,2024 12:30

Տարիներ առաջ ՀՀ փաստաբանների պալատը պաշտոնապես հայտարարեց, որ Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) երեւանյան գրասենյակի աջակցությամբ իրականացնում է «Անվճար իրավաբանական խորհրդատվություն» դրամաշնորհային ծրագիրը: Ծրագիրը ներառում էր 3 ուղղություններ. անվճար իրավաբանական խորհրդատվություն մարզերում, անվճար իրավաբանական խորհրդատվություն քրեակատարողական հիմնարկներում, անվճար իրավաբանական խորհրդատվություն վարորդներին: Փաստաբանական մասնավոր գրասենյակներն էլ իրենց հերթին, իրավիճակին համահունչ դեռ անվճար խորհրդատվություն են տալիս իրենց դիմած քաղաքացիներին, անգամ օն-լայն, առցանց իրավաբանական խորհրդատվություն, ինչ որ առումով իրավապաշտպան գործառույթներ են իրականացնում, անվճար օգնում քաղաքացիներին:

Հունվարի 1-ը մոտենում է: Սոցիալական էջերում փաստաբանները «փորձաշրջան» են անցնում, «նախապատրաստում» քաղաքացիներին, բայց զուր: Լոռու մարզի ճանաչված փաստաբան Կարինե Գասպարյանը միակը չէ, որ կանցնի «դժոխքի» միջով, նրա նման հատկապես մարզերի փաստաբանները կունենան դժվարություններ: Իսկ թե ինչու, ներկայացնում ենք Կարինե Գասպարյանի գրառումը.

«Երեկվանից տեղս չեմ գտնում։ Ասի ինձ պատրաստեմ հունվարի 1-ից հետոյի համար, քանի որ հունվարի 1-ից հետո ասում են, որ եթե անգամ անվճար խորհրդատվություն տամ քաղաքացիներին, հարկայինը կտուգանի 500 000 դրամով։ Ես նախապես հարցնում եմ քաղաքացուն, որ եթե վճարունակ չէ անգամ հայցադիմումը գրելու համար, իմանա, որ կա հանրային պաշտպանի գրասենյակ՝ եթե ունի կարգավիճակ։ Երեկ ու այսօր ինձ դիմած քաղաքացիներն այդ կարգավիճակը չունեին։ Երկուսն էլ իրենց սոցիալական վիճակով պայմանավորված հարցեր ունեին, նրանց նախկինում անվճար օգնել էի (դիմումներ էի գրել, հիշեցրին, որ խնդրանքները բավարարվել է)։ Երկար երկուսի հետ զրուցել եմ, ապագայում կիրառվելիք օրենքի պահանջի խախտմամբ անվճար խորհրդատվություն տվեցի՝ գտա ելք, ում, ինչ բովանդակության դիմում գրեն։

Երեկվա հաճախորդս մոտ 10 րոպե նստած ինձնից պահանջում էր, որ գոնե թելադրեմ դիմումի բովանդակությունը (եթե ես իմ կողմից չեմ գրում՝ տամ): Ես էլ, քանի որ ինձ «փորձաշրջանի» մեջ էի համարում օրենքի կիրառումից առաջ, համառորեն հայտարարեցի, որ ես իրավունք չունեմ գրելու (ռիսկ չարեցի ասել, որ վճարովի է): Այսքանից հետո ինձ անիծելով դուրս եկավ գրասենյակիցս 84-ամյա տատիկը։ Մարդն օգնություն էր խնդրել ,,,, մարմնից, ասել էին, որ մինչեւ,,,, վճարումը չանես, օգնություն չի տրամադրվի։ Այդքանից հետո ես նրա հետ գումարով ո՞նց կաշխատեի։ Այսօրվա 75-ամյա կինն էլ դիմում գրելուս մերժումը ստանալուց հետո ինձ ասաց՝ «մեծամտացել ես, Կարինե ջան, առաջ լավն էիր»։ Հաճույքով երկուսի դիմումներն անվճար կգրեի, բայց,,,, Հիմա դուք իմ տեղը։ Ի՞նչ եք անելու հունվարի 1-ից հետո։ Չեմ պատրաստվում արտոնագիրս կամովին դադարեցնեմ, բայց եւ ներվեր չունեմ ապագայում քաշքշուկների մեջ ընկնեմ։ Երեկվանից մեղքի մեջ կորած եմ, տեղս չեմ գտնում»:

«Առավոտ» օրաթերթ
01.11.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930