Լրահոս
Օրվա լրահոսը

Երբ անձը շարունակում է կրել իր նկատմամբ կալանք կիրառելու իրավաչափության վերաբերյալ դատական ակտի հետեւանքները, ո՞ւմ դիմի

Նոյեմբեր 02,2024 13:00

Անհատական դիմումով Սահմանադրական դատարան դիմած Գարիկ Մհերյանը դատարանի առջեւ բարձրացրել էր հետեւյալ իրավական հարցը. արդյո՞ք քրեադատավարական օրենքի 403-րդ հոդվածի 1-ին մասը համապատասխանում է Սահմանադրության 61-րդ եւ 75-րդ հոդվածների բովանդակությանը, այն է. «Երբ դատարանը թույլ չի տալիս, որպեսզի անձի նկատմամբ կալանք կիրառելու իրավաչափության վերաբերյալ դատական ակտը ենթարկվի բացառիկ վերանայման, այն դեպքում, երբ Վճռաբեկ դատարանի արտահայտած նախադեպային դիրքորոշումն առերեւույթ ոչ հիմնավոր է դարձնում անձի նկատմամբ կալանք կիրառելու իրավաչափության մասին դատական ակտի փաստարկները, եւ երբ անձը շարունակում է կրել իր նկատմամբ կալանք կիրառելու իրավաչափության վերաբերյալ դատական ակտի հետեւանքները»:

Դիմողի պնդմամբ՝ այն դեպքում, երբ անձն իր կամքից անկախ հանգամանքներով՝ Վճռաբեկ դատարանի համապատասխան իրավական դիրքորոշումը բողոքարկման ժամկետի ավարտից հետո հրապարակվելու պատճառով, չի կարողանում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 354-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով ներկայացնել հատուկ վերանայման բողոք՝ ստորադաս դատարանի համապատասխան դատական ակտի դեմ, ապա զրկվում է նույն դատական ակտի դեմ բացառիկ վերանայման բողոք ներկայացնելու հնարավորությունից, քանի որ օրենսգրքի 403-րդ հոդվածի 1-ին մասը Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումը կամ որոշումը չի նախատեսում որպես նոր հանգամանքներով բացառիկ վերանայման բողոք ներկայացնելու հիմք:

Ըստ դիմողի. «Կալանքը որպես խափանման միջոց կիրառելու կամ կալանքի ժամկետը երկարաձգելու մասին մինչդատական վարույթներով կայացված դատական ակտերի դեմ ներկայացված բողոքի քննության արդյունքում Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշմամբ հաստատված՝ անձնական ազատության սահմանադրական իրավունքի խախտման փաստը ու դրա բերումով քրեադատավարական որեւէ իրավանորմին տված նախադեպային մեկնաբանությունը պետք է հիմք հանդիսանա՝ նոր հանգամանքներով բացառիկ վերանայման վարույթով վերանայելու համանման խախտում առերեւույթ պարունակող եւ իր ազդեցությունը բողոքաբերի համար դեռեւս չկորցրած մեկ այլ այնպիսի դատական ակտ, որով անձի անձնական ազատության իրավունքը ենթարկվել է սահմանափակման նույն քրեադատավարական իրավանորմին տրված այնպիսի մեկնաբանության ուժով, որը հակասում է այդ քրեադատավարական իրավանորմին Վճռաբեկ դատարանի տված նախադեպային մեկնաբանությանը»:

Դիմողը խնդրել է. «Սահմանադրության 61-րդ եւ 75-րդ հոդվածների 5-րդ մասին հակասող ու անվավեր ճանաչել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 403-րդ հոդվածի 1-ին մասը՝ այնքանով, որքանով այն չի երաշխավորում կամ թույլ չի տալիս մինչեւ իրավունքի խախտումը եղած դրության վերականգնման համար Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշման «դիրքորոշման» ուժով ստորադաս դատարանի այն դատական ակտը վերանայելու հնարավորությունը, որում դատարանն անձի իրավունքը սահմանափակող եւ իր ազդեցությունը չկորցրած որեւէ քրեադատավարական իրավանորմը մեկնաբանել է այնպիսի բովանդակությամբ, որը հակասում է դրանից հետո հրապարակված՝ տվյալ նորմին Վճռաբեկ դատարանի տված նախադեպային մեկնաբանությանը՝ չնայած նրան, որ Վճռաբեկ դատարանի նախադեպային տվյալ մեկնաբանությունն, ինքնին, ոչ իրավաչափ է դարձնում տվյալ դատական ակտը»:

Սահմանադրական դատարանն իր մի շարք որոշումներում (ՍԴՈ-864, ՍԴՈ-914, ՍԴՈ-922, ՍԴՈ-1020, ՍԴՈ-1143, ՍԴՈ-1255) օրենքի բացի սահմանադրականության հարցը քննության առնելու իրավասության վերաբերյալ արտահայտել է իրավական դիրքորոշումներ առ այն, որ իրավակարգավորման բացի նորմատիվ իրավական լուծումն օրենսդիր իշխանության իրավասությունն է, եւ որ «իրավունքի բացը հաղթահարելու հարցում օրենսդիր մարմնի եւ Սահմանադրական դատարանի իրավասությունները դիտարկելով իշխանությունների տարանջատման սկզբունքի համատեքստում` Սահմանադրական դատարանը հարկ է համարել արձանագրել, որ բոլոր դեպքերում, երբ օրենքի բացը պայմանավորված է իրավակարգավորման ոլորտում գտնվող կոնկրետ հանգամանքների առնչությամբ նորմատիվ պատվիրանի բացակայությամբ, ապա նման բացի հաղթահարումն օրենսդիր մարմնի իրավասության շրջանակներում է»: Միեւնույն ժամանակ, Սահմանադրական դատարանն արձանագրել էր, որ սույն դիմումով չի հիմնավորվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 403-րդ հոդվածի 1-ին մասի, դրանում առկա ենթադրյալ «օրենսդրական բացի» հակասությունը Սահմանադրության 2-րդ գլխով երաշխավորված որեւէ հիմնական իրավունքին եւ կամ՝ ազատությանը։

Հոկտեմբերի 25-ի ՍԴԱՈ-164 որոշմամբ դիմումը մերժվել է:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
01.11.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930