Անիշխանության մատնված Գյումրին արդեն կոլապսի է ենթարկվում․ մեր տեղեկություններով, քաղաքապետարանի ու այս կառույցի ենթակայության տակ գործող ՀՈԱԿ աշխատակիցներին՝ թվով մոտ 2000 հոգու, չեն կարող աշխատավարձ փոխանցել, քանի որ այսպես ասած ստորագրող անձ չկա քաղաքապետարանում, տարբեր՝ սոցիալական, քաղաքաշինական հարցերով դիմող քաղաքացիներին պատասխանող չկա։ Կյանքն այս քաղաքում խառնվել է, գյումրեցիների կյանքը օր օրի դժվարանում է։
Օրինակ՝ մենք այսօր ականատես եղանք, թե ինչպես մի քանի ոստիկաններ եկան քաղաքապետարան՝ քաղաքացիներից մեկի ահազանգով։
Սոցիալական օգնության դիմած մի կին եկել էր իր դիմումի հետքերով, ու քանի որ նրան պատասխանող չէր եղել, կինն ահազանգել էր ոստիկանություն։ Ոստիկանների ներկայությամբ բացականչում էր․ «Չեն կարող աշխատել, թող հրաժարական տան», ինչի ի պատասխան՝ քաղաքապետարանի միջանցքում կանգնած աշխատակիցներից մեկն արձագանքեց․ «Հետ ես մնացել, նրանք արդեն հրաժարական են տվել , ամոթ չէր ոստիկանություն կանչելդ»։
Կարդացեք նաև
Ինչևէ, Գյումրու ավագանու անկախ անդամ Վարդևան Հակոբյանը, մտահոգ իր քաղաքում ստեղծված իրավիճակից ու օր օրի խորացով ճգնաժամից, քաղաքապետարանի շենքում այսօր մամուլի ասուլիս էր հրավիրել՝ առաջարկելով փակուղուց դուրս գալու ուղի, որը, ըստ նրա՝ միակն է, բացառիկ։
Նա նշում էր, որ գոնե կարճ ժամկետում հնարավոր է գտնել հանգուցալուծումը։ Համայնքապետարանը, ըստ նրա, այնպիսի կարևոր կառույց է, որն ապահովում է Գյումրու օդը, շունչն ու ջուրը։ Այստեղ երևացող գործերի կողքին կան նաև չերևացող գործեր, որոնք առնչվում են բնակիչներին։
Ըստ Վարդևան Հակոբյանի, շատերն ասում են, թե կոմունալ ու տրանսպորտի բաժինները նորմալ աշխատում են, բայց նրանց վերահսկող չկա։ Քաղաքում կյանքը ժամ առ ժամ գնում է կոլապսի։
Վարդևան Հակոբյանը, օրենքի դրույթները մեջբերելով, թե որ դեպքում ու ինչքան ժամանակ հետո է հնարավոր Գյումրիում գնալ ընտրական գործընթացի, ասաց՝ մինչ ավագանու լիազորությունների դադարեցումը ու ընտրությամբ իշխանությունների ձևավորումը, որոնք ամիսներ կտևեն, չպիտի թույլ տալ այդ ընթացքում կյանքն այստեղ կանգ առնի։ Ըստ նրա, համայնքապետարանում ստորագրող անձ չկա՝ ո՛չ ֆինանսական գծով, ո՛չ քաղաքաշինական, ո՛չ վարչական վարույթների։
«2000 հոգուց ավել մարդիկ են աշխատում, սա Գյումրու ամենախոշոր կառույցն է՝ իր մեջ ներառելով իրավական, քաղաքաշինական հազար ու մի ծրագրեր։ Մի օրվա չաշխատելը բոլորս զգալու ենք, լուրջ խնդրի առաջ ենք կանգնելու։ Նման իրավիճակ երբեք չի եղել։
Կա լուծումը, որը, ի դեպ, միակն է, մենք ունենք փոխքաղաքապետ Ջանոյան Սուրեն, որը դիմում չի տվել Գյումրու փոխքաղաքապետի պաշտոնից դուրս գալու։
Քննիչի որոշմամբ՝ քրեական գործի շրջանակներում կասեցվել է նրա աշխատանքային գործունեությունը, նրան տնային կալանք է տրվել, և շեշտենք՝ այն ժամանակ, երբ համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանը և առաջին տեղակալ Լուսինե Սանոյանը դեռ հրաժարական չէին տվել։
Հանրային շահի համար է եղել Ջանոյան Սուրենի կալանքը, այսինքն՝ հանրային շահին վնաս է եղել հողի ու հողատարածքի հետ կապված, իսկ հիմա Սուրեն Ջանոյանի աշխատանքի վերադառնալն ավելի մեծ հանրային շահերից է բխում, քան էն մյուս շահը»,-ասաց բանախոսը։
Վարդևան Հակոբյանը նշում է, որ 100 հազար բնակիչների շահերին վնաս կլինի Սուրեն Ջանոյանի կալանքի տակ մնալը։
Նա դիմում է «Սև Բերդի» շրջակա հողատարածքների օտարման ու սեփականաշնորհման քրեական վարույթը քննող քննիչին՝ առաջարկելով հաշվի առնել գյումրեցիների շահերը, անհապաղ վերացնել Սուրեն Ջանոյանի աշխատանքային իրավունքի կասեցումը, ինչպես նաև տնային կալանք խափանման միջոցը, փոխել այն ստորագրությամբ՝ երկրից չհեռանալու մասին, այսինքն թույլատրել նրան գալ աշխատանքի, որպեսզի Գյումրին չգնա կոլապսի։
«Մենք այս դեպքում կունենանք փոխքաղաքապետ, որը մինչ ավագանու լիազորությունների դադարեցումը, մինչև ընտրությունները, դա կտևի մեկ ամիս, 10 օր, թե երեք ամիս, մենք կունենանք օրգանիզմ, որը որ կկառավարվի, այսինքն՝ ստորագրություն դնող։
Ես ձեզ ասեմ, եթե ինքը գա, ինքը չի կարող ազատվել պաշտոնից, եկողը պիտի իրեն ազատի, ինքը գործող փոխքաղաքապետ է, որի պարտականությունները կասեցվել են։ Եվ ևս հորդորում եմ քննիչին՝ որպես գյումրեցի, որպես ավագանու անդամ, գնալ այդ քայլին։
Կարող է ասեն՝ ես պաշտպանում եմ Ջանոյան Սուրենին, բնավ այդպես չէ, ես գյումրեցիների շահն են պաշտպանում, և սա միակ ճիշտ լուծումն է, եթե քննիչը որոշում փոխի, վաղը Ջանոյան Սուրենը կբացի իր աշխատասենյակը և բոլոր ստորագրությունները կդրվեն, գործերն առաջ կգնան, չի կանգնի ֆինանսական գործունեությունը, քաղաքաշինականը, վարչականը, սա ի վերջո Հայաստանի երկրորդ քաղաքն է»,-ասում է Վարդևան Հակոբյանը։
Հարցին՝ եթե Սուրեն Ջանոյանը չհամաձայնի․ չէ՞ որ նա բալասանյանական է, որոնք թիմով են հեռացել, բանախոսն ասաց․ «Ես չեմ խոսել Ջանոյան Սուրենի հետ, նրա պաշտպանը չեմ, որ ուզեմ էլ, չեմ կարող խոսել, բայց համոզված եմ՝ նա պատասխանատվության մեծ զգացում ունի քաղաքի առջև, նա ժամ առաջ կգա ու կաշխատի, նա քաղաքը սիրող անձ է։
Շատերն են ասում, նույնիսկ «Քաղաքացիական պայմանագրի» ներկայացուցիչն ասաց՝ Բալասանյանենք սիրում են իրենց քաղաքը։ Ջանոյան Սուրենը իր քաղաքը սիրող մարդ է, ես հավատում եմ, որ նա կգա ու կաշխատի։
Քննիչը կարող է փոխել խափանման միջոցը։ Ջանոյան Սուրենը, որը, ինչքան տեղյակ եմ, կալանավորվել է հողակտորի գնման հետ կապված, մնա կալանքի տակ, դա տասնյակ անգամ ավելի շահերի վնաս է լինում, տասնյակ միլիոններ, քան այն մի հողակտորն է , որի համար կալանավորվել է։ Իսկ վնասը մենք հետո ևս զգալու ենք։ Քննիչը հնարավորություն ունի դա անելու՝ հաշվի առնելով այս հանգամանքը, Գյումրի քաղաքի շահը»,- ասում է Վարդևան Հակոբյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ