«Ես կարծում եմ՝ այստեղ ոչ թե վատ կառավարման խնդիրն է, որ իբր կա ներքևից եկող փոխադարձ ատելություն, իբր կա բևեռացում, այլ սա հենց վերևից հրահրվող հատուկ քաղաքականություն է»,-Aravot.am-ի հարցին՝ արցախցիների նկատմամբ ատելության խոսքն ավելի շատ ներքևի՞ց եկող երևույթ է, թե՝ նաև վատ կառավարման արդյունք, իշխանության քաղաքականությունից բխող երևույթ, «Հմտությունների լաբ»-ում «Ատելության խոսքը մեդիայում և առօրյայում» թեմայով հանդիպումից հետո այսպես պատասխանեց քարոզչության ոլորտի հետազոտող Կարեն Վրթանեսյանը։
Ըստ նրա՝ երբ պետության բարձրաստիճան պաշտոնյաները, ենթադրենք, հանցագործությունների աճի մեջ մեղադրում են արցախցիներին, կոչեր են անում պատժել ցույցի գնացող մարդկանց, սա հենց վերևից հրահրվող ատելության խոսք է․ «Ավելի ցածր օղակներում էլ ատելության խոսքը մնում է անպատիժ։ Երբ ընդդիմադիրը քննադատում է իշխանությանը, նրա հանդեպ կոշտ միջոցներ են ձեռնարկվում՝ ընդհուպ մինչև ազատազրկում, բայց հակառակ դեպքում, երբ, օրինակ, արցախցիների հանդեպ ատելության խոսք է ուղղորդված գնում և որևէ քայլ չի արվում դա կասեցնելու համար, այդ դեպքում մենք գործ ունենք հստակ ուղղորդված, պլանավորված, մտածված քաղաքականության հետ՝ վերևից եկող»։
Մեր հարցին՝ ո՞րն է դրա նպատակը, Կարեն Վրթանեսյանը պատասխանեց․ «Սա ընդհանրապես բնորոշ է պոպուլիստական կամ բռնապետական ռեժիմներին․ ինչ-որ խմբեր առանձնացնել, դրանք դարձնել թիրախներ, բոլոր խնդիրներում մեղադրել այդ խմբերին։ ՀՀ-ում մի քանի այդպիսի խումբ կա։ Ամեն ինչում մեղադրում են այսպես ասած նախկիններին, արցախցիների հանդեպ կա ուղղորդված ատելություն, պահի տակ նաև հայտնվում կամ մոռացվում է «հինգերորդ շարասյուն» արտահայտությունը․ իբր օտար ուժերի դավադրություններ կան, որոնց մեջ ինչ-որ թվով մարդիկ են։ Այդ քարոզչական նարատիվներն ապահովելու համար աշխատում է ամբողջ պետական հիմնարկը։ Ցուցադրական ձերբակալություններ են անում՝ դրամատիկ երաժշտությամբ, ընդ որում, ակնհայտ է, որ երբ այդ մարդկանց ձերբակալում են՝ թևերը ոլորելով, այդ մարդիկ ոչ կատաղի դիմադրություն են ցույց տալիս, լինում են երկու աժդահա ոստիկան, ԱԱԾ աշխատող, մի նիհար տարիքով մարդու բռնում, թևերը ոլորում են, տանում, իբր մեծ բան են անում։ Էդ ամենում շեշտվում է՝ իրենց մեջ այսքան մարդ Արցախից էր, ՌԴ-ի հետ կապեր ուներ»։
Մեր հարցին՝ հիմնականում ո՞ր խմբերն են ավելի շատ ենթարկվում ատելության խոսքի, Կարեն Վրթանեսյանը պատասխանեց․ «Ցավոք, արդեն ամենուր է՝ սկսած դպրոցներից։ Շատ բողոքներ եմ լսել, երբ օրինակ, արցախցի երեխաներին նույնիսկ պատժում են Արցախի բարբառով խոսելու համար։ Սկսած այսպիսի երևույթներից՝ վերջացրած կենցաղով՝ մինչև այն, որ փողոցային առևտրականը գոռում է՝ ես ղարաբաղցիներին բան չեմ ծախսի։ Իմ աչքով տեսած երևույթ է։ Ցավոք, երբ վերևից կա ուղղորդված քարոզչություն և դրա դեմն առնող որևէ կազմակերպված դիմադրություն չկա, հետևանքն այսպիսին է լինում»։
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ