Լրահոս
Օրվա լրահոսը

«Խցանման մեջ տաքսիի վարորդն ասաց՝ սաղ էս ղարաբաղցիք են, լցվեցին իրենց մեքենաներով և խցանումներ են ստեղծում, վատ զգացի, ասացի՝ կանգնեցրեք՝ ես իջնեմ»․ Քրիստին Բալայանը՝ արցախցիների նկատմամբ ատելության խոսքի մասին

Նոյեմբեր 01,2024 21:33

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Մեկ անգամ եմ անձամբ առնչվել ատելության խոսքին, երբ տաքսիի մեջ էի, խցանում էր, ու վարորդն ասաց՝ սաղ էս ղարաբաղցիք են, եկան, լցվեցին իրենց մեքենաներով և խցանումներ են ստեղծում։ Վատ զգացի, ասացի՝ կանգնեցրեք, ես դուրս կգամ, քանի որ ինքս արցախցի եմ ու միակ բանը, որ մենք կարողացանք Արցախից բերել, մեքենան է, որով եկանք։ Եթե մեր մեքենան ձեզ խանգարում է, ցավոք, Ձեզ ոչ մի բանով չեմ կարող օգնել, միգուցե Ձեր գործը փոխեք»,- Aravot.am-ի հետ զրույցում խոսելով արցախցիների նկատմամբ ատելության խոսքի տարածման մասին, նշեց հասարակական գործիչ, Արցախի նախագահի նախկին թեկնածու Քրիստին Բալայանը։

Նա նաև նշեց, որ իր շրջապատում ավելի կիրթ ու գրագետ մարդիկ են, որոնք հակառակը, միշտ արցախցիների կողքին են, օգնում են։

Նշենք, որ «Հմտությունների լաբ»-ում քարոզչության ոլորտի հետազոտող Կարեն Վրթանեսյանի հետ «Ատելության խոսքը մեդիայում և առօրյայում» թեմայով հանդիպման ընթացքում արցախցիները մտահոգություն հայտնեցին, որ սոցցանցերում, հանրային տրանսպորտում, կրթական հաստատություններում, գրեթե ամենուր իրենց նկատմամբ ատելության խոսք է տարածվում։

Հանդիպումը կազմակերպվեց «Սովորիր և վաստակիր․ Արցախ» նախաձեռնության շրջանակում։ «Լեռնային Ղարաբաղի փախստականների մարդասիրական օգնություն և ներգրավում» ծրագիրն իրականացնում է ՀԲԸՄ-ն (HEKS/EPER կազմակերպության ֆինանսավորմամբ, «Շեն» ԲՀԿ-ի և «Սյունիք-Զարգացում» համայնքային ՀԿ-ի հետ համատեղ)։

Քրիստին Բալայանը նշեց, որ արցախցիների նկատմամբ ատելության խոսք է տարածվում նաև մանկապարտեզների հետ կապված խնդրի պատճառով․ «Մանկապարտեզները քիչ են, ծնողները խնդրի առաջ են կանգնած, բայց դա ոչ միայն Արցախից տեղահանված մարդկանց, այլև հայաստանաբնակների համար է մեծ խնդիր։ Փոխանակ նոր մանկապարտեզներ կառուցեն, այսքան շենքեր ինչի՞ համար են սարքում, որ մարդիկ այդ գումարները չունեն, որ այդ տները գնենք։ Մանկապարտեզների հարցում առաջնահերթությունը տալիս են Արցախից տեղահանված մարդկանց, իսկ մարդիկ, որոնք տարիներով սպասում են, որ իրենց երեխան հաճախի մանկապարտեզ, ստիպված են տեղը զիջել, և ստիպված են ատել արցախցիներին, որովհետև իրենց երեխայի տեղը զբաղեցրին։ Այդ հարցին այլ կերպ պետք է լուծում տրվի՝ կարծես արհեստական ատելություն է առաջանում դրանից ելնելով։ Մտածում եմ, որ այդ ամենը կառավարության կողմից է, իրենք են տանում նրան, որ մարդկանց մեջ դա լինի։ Մյուս կողմից էլ, երբ լավ բանի մասին ես խոսում, այդքան արագ չի տարածվում, հենց մի վատ բանի մասին ես խոսում, դա միանգամից տարածվում է»։

Քրիստին Բալայանն ասաց, որ այժմ զբաղվում են հատուկ կարիքներով երեխաների հարցերով և նպատակ ունեն ներառական մսուր մանկապարտեզ ստեղծել հատուկ կարիքներով երեխաների համար։

Քննարկման ընթացքում մասնակիցներն իրենց ուղղված ատելության խոսքի տարբեր դրսևորումների մասին բարձրաձայնեցին։ Նրանցից մեկը պատմեց, որ հանրային տրանսպորտում ուսանող-տղաներ էին զրուցում, մեկն ասում էր՝ քանի՞սը կան դրանցից, մյուսը պատասխանում էր՝ մի քանի հոգի կան ղարաբաղցի։ Այնուհետև նշել էր, թե «էսօր բռնեցինք, տփեցինք ամբողջ կուրսով, բարբառը վրաս ազդում էր»։

Պատմողն ասաց, որ ցանկացել է միջամտել, սակայն վստահ է եղել, որ միջամտի՝ կռիվ է դառնալու։ Մասնակիցներից մեկ ուրիշն էլ ասաց, որ ինքն էլ հանրային տրանսպորտում ականատես է եղել նրան, որ տրանսպորտում նստած կինը նկատողություն է արել արցախցիների մասին վատ բան խոսողներին։

Արցախցի Լաուրա Գրիգորյանը լրագրող է, տասնյակ տարիներ աշխատել է «Ազատ Արցախ» թերթում՝ որպես ավագ խմբագիր։ Aravot.am-ի հետ զրույցում նշեց․ «Շատ ցավոտ թեմա է ատելության խոսքը։ Ատելությունը կարելի է հիմա հարաբերական հասկանալ։ Այնպես չէ, որ ՀՀ-ում բոլորը միանգամից ատում են արցախցիներին։ Մենք ատելությունն այնքան էլ  չենք զգացել՝ անձամբ իմ ընտանիքը։ Մեզ այստեղ իրենց հարկի տակ ընդունել են Հայաստանում՝ Բաղրամյան փողոցի վրա, Սիլվա Կապուտիկյանի տուն-թանգարանի շենքում։ Ինը ամիս բնակվել ենք այդ տանը՝ Սիլվա Կապուտիկյան 1 հասցեում։ Շենքի բնակիչների կողմից ևս հարգանք կար»։

Լաուրա Գրիգորյանն ասաց, որ ատելության խոսքը հատկապես տարածված է սոցցանցերում․ «Ես էլ շատ վատ եմ զգում, երբ վիրավորական մեկնաբանություն եմ ընթերցում արցախցիների հանդեպ։ Մի երկու անգամ մեղմ ձևով պատասխանել եմ, որ բոլորը չեն այդպես, որ ասում են՝ զինվորին մի բաժակ ջուր չտվեց, դա լրիվ սուտ է։ Մենք՝ արցախցիներս, շատ հյուրասեր ենք, անձամբ իմ ընտանիքը մեր տանը զինվորներ է ընդունել ծնողների հետ միասին, շաբաթներով պահել ենք, աջակցել ենք մեր զինվորներին։ Չկա այդպիսի արցախցի, որ զինվորին ջուր չտա։ Այդ սուտը, որ տարածել են, ատելությունը սկսվում է այդտեղից»։

Այն, որ ուսանողների շրջանում է երբեմն նկատվում արցախցիների նկատմամբ ատելության խոսք, ըստ Լաուրա Գրիգորյանի՝ ընտանիքից է գալիս․ «Երիտասարդների մոտ չպետք է նման խնդիրներ լինեն, դա նրանց դաստիարակությունից է գալիս, ուրեմն իրենց ընտանիքներում արցախցիների հանդեպ վատ զրույց, վերաբերմունք է երևի եղել»։

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930