Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրիում պաշտոնապես վերջ դրվեց Բալասանյանների իշխանությանը․ հանձնաժողովը նիստ գումարեց

Նոյեմբեր 01,2024 20:12

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Թիվ 31 Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը քիչ առաջ նիստ գումարեց՝ ի գիտություն ընդունելով «Բալասանյան դաշինքի» 14 անդամների, այդ թվում քաղաքապետ Վարդգես Սամսոնյանի՝ մանդատից վաղաժամկետ հրաժարվելը։

Հանձնաժողովն այս քաղաքական ուժից մնացածը միակ մանդատը տրամադրեց հերթական թեկնածուին՝ Էմմա Հովհաննիսյանին, որը սակայն արտերկրում է, այլապես երևի թե նա էլ կհրաժարվեր «Բալասանյան դաշինքի» մանդատից։

Հանձնաժողովը հոկտեմբերի 28-ին է Գյումրու համայնքապետ Վարդգես Սամսոնյանից ստացել արձանագրություն․ քաղաքապետը ընդունել է «Բալասանյան դաշինքի» ավագանու 13 անդամների ու նաև իր՝ քաղաքապետի մանդատից հրաժարվելը։

Հատ-հատ ընթերցվեցին մանդատները վայր դնող ավագանու անդամների անուն-ազգանունները։

Երկուշաբթի հանձնաժողովը գրություն կուղարկի Գյումրու համայնքապետարանի միակ պաշտոնյային՝ աշխատակազմի քարտուղար Կարեն Բադալյանին և Շիրակի մարզպետին՝ տեղեկացնելով, որ «Բալասանյան դաշինքի» հերթական հաջորդ մանդատը տրվում է Էմմա Հովհաննիսյանին։ Նաև հավելեցին, որ այս նույն քաղաքական ուժի թվով 13 մանդատները մնում են թափուր։

Aravot.am-ը հանձնաժողովի նախագահ Տիգրան Ղազարյանից հետաքրքրվեց՝ մանդատից հրաժարվելու մասին դիմում գրելիս ու արձանագրությանը կից հանձնաժողովին ներկայացնելիս՝ Վարդգես Սամսոնյանը որևէ պատճառ չի՞ նշել։

Մենք հանձնաժողովի նախագահին ասացինք՝ գիտենք, որ պարտավորված չեն պատճառը ներկայացնել, բայց նրանք հանրությանը ոչինչ չասացին, ոչ մի բացատրություն չտվեցին՝ հեռանալիս, գուցե դիմումի մեջ մի ակնարկ արած լինեն։

«Հարգելի գործընկերներ, ոնց որ հանրությանը չեն ասել, ես էլ հանրության մի մասնիկ եմ, ինձ էլ չեն ասել։ Մենք հանձնաժողով ենք, որն աշխատում է փաստաթղթերի հետ, ասեկոսեների, ենթադրությունների դաշտ չեմ ուզում մտնել։ Մենք տեղյակ չենք, մարդիկ գրել են դիմում, հրաժարվել են, պարտավոր չեն, օրենքն էլ չի պարտադրում, որ նշեն պատճառը։

Ամեն ինչ ընթանում է օրենքի սահմաններում, հանձնաժողովի անդամները չգիտեն պատճառը»,-ասաց Տիգրան Ղազարյանը։

Մեր հարցին՝ Գյումրու տնային կալանքի ենթարկված փոխքաղաքապետ Սուրեն Ջանոյանը կկարողանա՞ շարունակել պաշտոնավարումը, Տիգրան Ղազարյանը պատասխանեց․ «Իմ տեղեկություններով, ինքն էլ է հրաժարվել։

Ես չգիտեմ, մենք ինֆորմացիա չունենք, քանի որ Սուրեն Ջանոյանի պաշտոնը հայեցողական պաշտոն է, քաղաքական պաշտոն չէ, ինչպես որ քաղաքապետ Վարդգես Սամսոնյանինն ու համայնքապետի առաջին տեղակալ Լուսինե Սանոյանինն էր։ Մեկ գալիս, ասում են՝ Ջանոյանը հրաժարական է գրել, ելել, մեկ գալիս, ասում են՝ դեռ չի գրել, ինֆորմացիա չունենք, մեզ էդպիսի ինֆորմացիա չեն տվել։

Հիմա էս պահին, ինչքան տեղյակ եմ՝ միակ պաշտոնյան, որ գործում է քաղաքապետարանում՝ աշխատակազմի քարտուղար Կարեն Բադալյանն է, գիտեք որ Սուրեն Ջանոյանը տնային կալանքի տակ է»։

Մեր հարցին՝ օրենքը ձեզ թույլ տալի՞ս էր այսօր ի գիտություն չընդունել «Բալասանյան դաշինքի» ավագանու անդամների հրաժարականի դիմումները, Տիգրան Ղազարյանը պատասխանեց․ «Ոչ, չէինք կարող, մենք ուղղակի դա արձանագրում ենք, մենք որոշում չենք կայացնում, նրանք դիմում ներկայացնում են համայնքապետին, ոչ թե Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովին, մենք արձանագրում ենք այն, ինչն ընդունել է համայնքի ղեկավարը։

Եթե ցուցակից դուրս գային, այդ դեպքում դիմում կներկայացնեին մեզ, մենք ենք ընդունում ու որոշում կայացնում ամեն մի դեպքի համար առանձին, բայց այս պարագայում մենք ուղղակի ի գիտություն ենք ընդունում ու օրենքի ուժով տալիս ենք մանդատ»,- ասաց Տիգրան Ղազարյանը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930