Լրահոս
Օրվա լրահոսը

Հովհաննես Ավետիսյանը, լինելով օրինապահ քաղաքացի, կաջակցի անաչառ քննության իրականացմանը՝ ճշմարտության բացահայտման նպատակով. Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիա

Նոյեմբեր 01,2024 20:25

Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հակակոռուպցիոն կոալիցիան, ի դեմս Կոալիցիայի Կառավարման խորհրդի, խորը մտահոգություն է հայտնում վերջին շրջանում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների նկատմամբ ճնշումների ակնհայտ դրսևորումների կապակցությամբ:

2024թ. հոկտեմբերի 31-ին իրավապահ մարմինների կողմից ապօրինի զենք պահելու կասկածանքով մի խումբ անձանց հետ ձերբակալվել է նաև հայտնի հասարակական գործիչ, միջազգային փորձագետ, օրինապահ քաղաքացի Հովհաննես Ավետիսյանը: Հարկ ենք համարում նշել, որ Հովհաննես Ավետիսյանը բարձր որակավորում ունեցող մասնագետ է՝ Հարվարդի համալսարանի հանրային կառավարման մագիստրոսի կոչումով, կրթություն է ստացել նաև Թաֆթսի և Ջորջիայի համալսարաններում: Նա ճանաչված փորձագետ է հանրային ֆինանսների կառավարման ոլորտում, ունի երկարամյա փորձ պետական կառավարման համակարգում, միջազգային և տեղական կառույցներում, Դարոն Աճեմօղլուի «Ինչու են ձախողում պետությունները» գրքի հայերեն թարգմանության համահեղինակ է:

Հատկանշական է, որ Հովհաննես Ավետիսյանի ձերբակալությունը տեղի է ունեցել հենց այն ժամանակահատվածում, երբ նա հրապարակայնորեն սկսել էր քննադատել գործող իշխանությունների քաղաքականությունը և վերհանել համակարգային խնդիրները: Սա մտահոգիչ օրինաչափություն է դառնում, երբ իշխանությունների հանդեպ քննադատական դիրքորոշում ունեցող հասարակական գործիչները ենթարկվում են տարբեր ճնշումների և հետապնդումների:

Հովհաննես Ավետիսյանը հայտնի է որպես 2018 թվականի գարնանը տեղի ունեցած քաղաքական իրադարձությունների ակտիվ մասնակից, ով իր գործընկերների հետ միավորել էր «ԼՈՒՅՍ» հիմնադրամի միջոցով արտերկրի լավագույն համալսարանների շրջանավարտներին՝ ընդդեմ այդ ժամանակվա վարչապետի պաշտոնավարման: Նման քաղաքացիական նախաձեռնությամբ հանդես եկած անձի նկատմամբ ներկայիս իշխանությունների կողմից նմանատիպ վերաբերմունքը խորը մտահոգություն է առաջացնում ժողովրդավարական արժեքների պահպանման տեսանկյունից:

Մենք խորապես մտահոգված ենք մի շարք հանգամանքներով՝

  1. Իրավապահ մարմինները կիրառել են ձերբակալման ծայրահեղ միջոց՝ առանց նախապես զենքերի և դրանց փաստաթղթերի ստուգման գործընթաց իրականացնելու:
  2. Ձերբակալությունը կատարվել է երկու անչափահաս երեխաների հոր նկատմամբ՝ առանց հաշվի առնելու այս հանգամանքը:
  3. Խախտվել է անմեղության կանխավարկածի սկզբունքը:
  4. Այս գործողությունները լուրջ վնաս են հասցնում Հովհաննես Ավետիսյանի մասնագիտական հեղինակությանը և կարիերային:
  5. Նման գործելաոճը կարող է ունենալ խիստ բացասական հետևանքներ ողջ քաղաքացիական հասարակության համար՝ ստեղծելով ինքնագրաքննության և ինքնասահմանափակման մթնոլորտ:

Հատկանշական է, որ Հովհաննես Ավետիսյանը, իր փաստաբանի մասնագիտական աջակցությամբ, ազատ է արձակվել հոկտեմբերի 31-ի կեսգիշերից հետո, ինչը ևս մեկ անգամ հարցականի տակ է դնում ձերբակալման անհրաժեշտությունը և հիմնավորվածությունը:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ կոչ ենք անում՝

  1. Իրավապահ մարմիններին՝ հետագա քննչական գործողություններն իրականացնել բացառապես օրենքի շրջանակներում՝ առանց անհարկի կոշտ միջոցների կիրառման:
  2. Հակակոռուպցիոն մարմիններին՝ անհապաղ ուսումնասիրել այս գործով իրավապահ մարմինների գործողություններում հնարավոր կոռուպցիոն ռիսկերը և տալ համապատասխան գնահատական:
  3. Մարդու իրավունքների պաշտպանին՝ ուսումնասիրել տվյալ գործով Հովհաննես Ավետիսյանի իրավունքների հնարավոր խախտումները և ըստ այդմ միջոցներ ձեռք առնել նրա պատիվն ու արժանապատվությունը վերականգնելու, դրանց հասցված նյութական և բարոյական վնասները փոխհատուցելու ուղղությամբ:
  4. Միջազգային կառույցներին և դիվանագիտական ներկայացուցչություններին՝ ուշադրություն դարձնել Հայաստանում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների նկատմամբ աճող ճնշումների միտումներին:

Միաժամանակ վստահություն ենք հայտնում, որ Հովհաննես Ավետիսյանը, լինելով օրինապահ քաղաքացի, կաջակցի անաչառ քննության իրականացմանը՝ ճշմարտության բացահայտման նպատակով:

Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան հայտարարում է իր պատրաստակամությունը՝ մանրակրկիտ հետևելու գործի հետագա ընթացքին և անհրաժեշտության դեպքում նոր հայտարարություններով ու գործողություններով հանդես գալու մասին:

Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհուրդ

 

Ծանոթություն. Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան մասնագիտական քաղաքացիական հասարակության կառույց է, որը հիմնադրվել է 2014 թ. նոյեմբերի 28-ին Երևանում: Կոալիցիային ներկայումս անդամակցում են ավելի քան  50 քաղաքացիական հասարակության կազմակերպություններ, իսկ քարտուղարության գործառույթները իրականացնում է Իրավաբանների հայկական ասոցիացիան:

01.11.2024թ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930