Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանին անհանգստացնում է այն հանգամանքը, որ խաղաղության պայմանագրի բացակայության պարագայում Հայաստանը զինվում է․ ադրբեջանցի փորձագետը՝ Հարավային Կովկասի ապագային նվիրված պանելային քննարկմանը

Նոյեմբեր 01,2024 18:23

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ԱՊՐԻ Արմենիայի և գերմանական Ֆրիդրիխ Նաումանի «Հանուն ազատության» հիմնադրամի «Հարավային Կովկասի աշխարհաքաղաքական ապագան» համատեղ հետազոտության արդյունքների ներկայացմանը հաջորդած պանելային քննարկման ժամանակ Aravot.am-ը հետաքրքրվեց՝ միջազգային դերակատարները պնդում են, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքումը հասանելի հեռավորության վրա է, բայց խաղաղության պայմանագրի ստորագրման դեպքում, կարո՞ղ ենք դա իրական խաղաղություն անվանել, եթե Բաքվում շարունակելու են պատանդառված մնալ էթնիկ հայեր։

Հարցին պատասխանեց ԱՊՐԻ Արմենիայի ավագ գիտաշխատող, պանելային քննարկման մոդերատոր Բենիամին Պողոսյանը, որն ընդգծեց՝ հայ-ադրբեջանական բանակցությունները, հավանական է, միտված են շրջանակային պայմանագրի ստորագրմանը։

«Սա նշանակում է, որ բարդ խնդիրները, օրինակ՝ սահմանազատումն ու սահմանագծումը և կապուղիների հարցերը խաղաղության պայմանագրից զատ են քննարկվում․․․այսինքն, եթե նույնիսկ, ասենք՝ 13 կետից բաղկացած շրջանակային պայմանագիր կնքվի, դա ճանապարհի ավարտը չէ, քանի որ կմնան մի շարք բարդ հարցեր․․․ Հայաստանը կպահանջի Ադրբեջանին դուրս գալ հայկական ավելի քան 200 քկմ օկուպացված տարածքից, Ադրբեջանը կխոսի անկլավներից․․․the show must go on։ Բայց, այնուամենայնիվ, շրջանակային համաձայնության ձեռքբերումը կարող է նվազեցնել լայնամասշտաբ էսկալացիայի հնարավորությունը», – իր խոսքում նշեց Պողոսյանը։

COP 29-ը լավ հնարավորություն է Ահմադ Ալիլի

Պանելային քննարկմանը Բաքվից մասնակցում էր Կովկասյան քաղաքականության վերլուծական կենտրոնի տնօրեն Ահմադ Ալիլին։ Փորձագետը կարևոր համարեց Բաքվում կայանալիք COP 29-ին Երևանի բարձրաստիճան մասնակցությունը՝ վարչապետի, ԱԳ նախարարի կամ ԱԺ նախագահի մակարդակով։ Ալիլին COP 29-ը լավ հնարավորություն է համարում Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման հարցում առաջխաղացում գրանցելու համատեքստում։

Միևնույն ժամանակ, Ալիլին ընդգծեց, որ Ադրբեջանին անհանգստացնում է այն հանգամանքը, որ խաղաղության պայմանագրի բացակայության պայմաններում Հայաստանը զինվում է։

Լուրջ խնդիրներ վրաստանյան ընտրություններում Օլեսյա Վարդանյան

Վրաստանյան խորհրդարանական խնդրահարույց ընտրությանն էլ անդրադարձան Հարավային Կովկասի հարցերով հետազոտող Օլեսյա Վարդանյանն ու Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր Թոմաս Հեկերը։

Վարդանյանի խոսքով՝ «լուրջ խնդիրներ կան ընտրության որակի հետ կապված։ Ես կխուսափեմ «ընտրության արդյունքներ» ձևակերպումից, քանի որ լուրջ հարցականներ կան։ ԱՄՆ-ն և ԵՄ-ն ճնշում են իշխանությանը, որպեսզի վերանայվի հռչակված արդյունքների գոնե մի մասը։ Տպավորություն է, որ «Վրացական երազանքը» այլ մոլորակում է ապրում։ Ամեն դեպքում, գործընթացը դեռ ավարտված չէ, բայց Վրաստանը չի կարող միակուսակցական կառավարմամբ շարունակել»։

Նա նաև շեշտեց՝ եթե Վրաստանի վրա արևմտյան պատժամիջոցներ սահմանվեն, դա վատ կազդի նաև Հայաստանի վրա։ «Խոցելի Վրաստանը Հայաստանի համար նշանակում է Իրանի նման պատժամիջոցների տակ հայտնված հարևան նաև հյուսիսային ուղղությամբ», – ասաց նա։

Գերմանացի պատգամավորն էլ կարծիք հայտնեց, որ Թբիլիսին արագ տեմպերով շարժվում է դեպքի Մոսկվա՝ փաստարկելով դա նաև Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի Վրաստան կատարած այցով՝ «Վրացական երազանքի» հաղթանակը տոնելու առիթով։

 

Հոկտեմբերի 31-ին տեղի է ունեցել Հայաստանի կիրառական քաղաքականության հետազոտական անկախ վերլուծական կենտրոն ԱՊՐԻ Արմենիայի և գերմանական Ֆրիդրիխ Նաումանի «Հանուն ազատության» հիմնադրամի համատեղ միջոցառումը, որի ընթացքում ներկայացվել են երկու վերլուծական կենտրոնների իրականացրած «Հարավային Կովկասի աշխարհաքաղաքական ապագան» թեմայով հետազոտության արդյունքները։ Հետազոտությունն իրականացվել է հայ, վրացի և ադրբեջանցի մի շարք փորձագետների ներգրավվմամբ։

 

Արսեն ԱՅՎԱԶՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930