Լրահոս
Օրվա լրահոսը

«Իրավունք ունենք ԱՄՆ-ից ու Ֆրանսիայից պահանջել ավելին՝ Ադրբեջանին պետք է կանգնեցնել պատասխանատվության առաջ»․ Լիլիթ Գալստյան

Նոյեմբեր 01,2024 18:40

«Մենք այստեղ ենք ոչ միայն մեր երախտագիտության խոսքն ասելու մեր բարեկամ Ֆրանսիայի Հանրապետությանը, այլ պահանջում ենք ավելին՝ իբրեւ բարեկամ երկրի։ Պահանջում ենք, որպեսզի Հայաստան վերադառնան Արցախի բանտերում այսօր կեղեքվող հայ ռազմագերիները, Արցախի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարությունը։ Մյուս կարեւոր պահանջը, որ անպայման պահանջեն ու հասնեն նրան, որպեսզի Բաքվի բանտերում այցելեն խոշտանգվող ռազմագերիներին»,- Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան մոտ բողոքի ցույցի  ժամանակ ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը։

«Հոկտեմբերի 24-ին Եվրախորհրդարանն ընդունեց բանաձեւ՝  շատ կարեւոր հաստատումներով։ Եվ այդտեղ բացառիկ հայանպաստ գնահատականներ կային։ Խոսքը վերաբերում է այն գնահատականին, որ այն, ինչ ուղիղ մեկ տարի առաջ կատարվեց քաղաքակիրթ աշխարհի աչքի առջեւ, կոչվում է ցեղասպանություն եւ էթնիկ զտում։ Եվ ամենակարեւորը՝ գնահատականներ տրվեցին Ադրբեջանի ագրեսոր ու նվաճողական քաղաքականությանը, մի երկրի, որն այսօր շարունակում է արհամարհել միջազգային իրավունքը եւ պարտադիր կատարման ուժ ունեցող միջազգային դատարանների վճիռները։

Բայց այստեղ հայ հանրությունը շատ բնական հարց է բարձրացնում՝ արդյոք միջազգային հանրության աչքի առաջ, նրանց լռությամբ ու թողտվությամբ իրականություն չդարձավ 21-րդ դարում հայ ժողովրդի մի հատվածի ցեղասպանությունը։ Ես, ցավոք սրտի, պետք է ասեմ՝ այո, միջազգային հանրության լռության ու թողտվության պայմաններում նաեւ իրականություն դարձավ միջազգային հանցագործությունը՝ ցեղասպանությունը։ Եվ մենք իրավունք ունենք ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ Ֆրանսիայից պահանջել ավելին։ Նախ բոլոր կոչերից ու գնահատականներից մեկ քայլ առաջ պետք է գնալ, Ադրբեջանին պետք է կանգնեցնել պատասխանատվության առաջ»,- ասաց Լիլիթ Գալստյանը։

Պատգամավորը նաեւ նշեց, որ այսօր Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախում հայկական ինքնության ցեղասպանություն է իրականացվում, հայկական հետքի վերացում․ «Եվ մենք պահանջում ենք միջազգային հանրությունից, Ֆրանսիայից ձայն բարձրացնել՝ մշակութային ցեղասպանությունը կանխարգելելու համար»։

Լիլիթ Գալստյանը հայտարարեց, որ արժանապատիվ հայ ժողովրդի համար Արցախի էջը փակված չէ։ «Եվ մենք միջազգային հանրությունից ու հատկապես Ֆրանսիայից եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի կարգավորման մանդատ ունեցող երկրներից պահանջում պահանջում ենք հետամուտ լինել, քաղաքական կամք, պատասխանատվություն, միջազգային իրավունքի նորմերին համապատասխան կեցվածք դրսեւորել՝ նախ եւ առաջ կանգնեցնելու ռազմական հանցագործությունը, ուժի սպառնալիքով եւ պատերազմի սպառնալիքով Հայաստանից կորզվող կեղծ խաղաղության գործընթացը։ Եվ ամենակարեւորը՝ միջազգային երաշխիքների ապահովմամբ հասնել Արցախի հայության արդար դատին՝ արցախահայության վերադարձին իրենք երեքհազարամյա բնօրրան»,- հայտարարեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում

Հայաստանում ԱՄՆ դեսապանատան շենքի մոտ Լիլիթ Գալստյանը հայտարարեց․ «Հայությունն ԱՄՆ-ից ավելին պահանջելու բարոյական եւ քաղաքական բոլոր իրավունքներն ունի, որովհետեւ մենք գործ ունենք մի երկրի հետ, որը ժողովրդավարության, մարդու իրավունքների բացառիկ ստանդարտներ է փորձում հաստատել աշխարհում։ Այսօր հատկապես ԵԱՀԿ Մինսկի խմբի երկրների՝ ԱՄՆ, Ֆրանսիայի եւ Ռուսաստանի քաղաքական եւ բարոյական պատասխանատվության դաշտում է Արցախի չկարգավորված խնդրի արդար հանգուցալուծումը։ Ի վերջո միջազգգային իրավունքից չի ջնջվել ժողովուրդների ինքնորոշման իրավունքը։ Միջազգային հանրություն, ձեր աչքերը փակելով ագրեսիայի, մարդասպանության, ցեղասպանության ճանապարհով Արցախի խնդրի հանգուցալուծման առջեւ, ակամայից ցեղասպանությանը հանցակից եք դառնում եւ նաեւ լեգիտիմացնում եք ցեղասպանություն անշրջելի հանցագործությունը։ Մենք բարոյական եւ քաղաքական իրավունք ունենք, որպեսզի ԱՄՆ-ից ակնկալենք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի օրակարգում ունենալ արցախահայության վերադարձի իրավունքը»։

Նշենք, որ ՀՅԴ Հայաստանի ԳՄ նախաձեռնությամբ այսօր բողոքի ցույց անցկացվեց ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների դեսպանատների եւ ՀՀ ԱԳՆ շենքի մոտ՝ Բաքվի բանտերում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների, քաղաքացիական անձանց, այդ թվում՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ազատ արձակման պահանջով։

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930