Լրահոս
Օրվա լրահոսը

Ձեռք բերովի անօգնականության համախտանիշ

Նոյեմբեր 01,2024 18:11

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Երևի քչերը կվիճեն, եթե հասարակության վիճակը բնութագրեմ անօգնական բառով։ Այն հաճախ վերածվում է անտարբերությունից մինչև պարանոյայի հասնող վախի, և հասարակության մի ստվար խումբ վերածվում է հլու հնազանդ միաբջիջ բիոզանգվածի։ Եվ բազում գոյութաբանական պրոբլեմներ, սկսած կենցաղայինից և վերջացրած արտաքին անվտանգությամբ, որոնց վրա պարտավոր են ուշադրություն դարձնել նույնիսկ ելնելով ինքնապաշտպանության բնական բնազդից, անօգնականության զգացողության պատճառով մնում են կիզակետից հեռու։ Չտալով ոչ մի վիրավորական պիտակավորում, չնայած մեծ գայթակղությանը, փորձեմ բացատրել իմ պատկերացումները այս վիճակի մասին գոյություն ունեցող գիտական տվյալների հիման վրա։

Առաջին ռուս Նոբելյան մրցանակի դափնեկիր (1904 թ․), անվիճելիորեն հանճարեղ գիտնական, ֆիզիոլոգ Ի․ Պավլովի ձեռք բերովի բնազդների մասին աշխատությունները գոնե դպրոցական մակարդակով հայտնի են շատերին։ Նույնիսկ «Պավլովի շան պես» արտահայտությունը մտել է կենցաղային լեզվի մեջ և հաճախ էր կիրառվում։ Խոսքը շների վրա կատարած փորձերի մասին է։ Լուսային կամ ձայնային ազդանշանից հետո շներին միս են տալիս։ Շատ արագ, մի քանի փորձից հետո շների մոտ առաջանում է ձեռք բերովի բնազդ՝ անմիջապես ազդանշանից հետո նրանց մոտ սկսվում է ուժեղ թքարտադրություն, անկախ նրանից՝ միս կտան, թե չէ։

Մնալով պավլովյան փորձերի սխեմայի մեջ՝ սկսած անցած դարի 60-ականներից, Պենսիլվանիայի համալսարանում գիտափորձեր է անցկացրել Մարտին Սելիգմանը, որն այդ նույն համալսարանի «Պոզիտիվ հոգեբանության» կենտրոնի տնօրենն է առ այսօր։ Նշեմ, որ նա համարվում է վերջին տասնամյակների լավագույն 30 հոգեբաններից մեկը։ Մոտ 320000 հղում աշխատանքների վրա՝ ինքնին խոսուն թիվ է։

Համեմատելու համար ասեմ, որ մեր գիտությունների ակադեմիայում 15-20 հղումով ակադեմիկոսներ կան, քննարկելն անգամ ամոթ է։

Եթե պարզեցված բացատրեմ Սելիգմանի գիտափորձերը, լուսային կամ ձայնային ազդանշանից հետո շներին ոչ թե կերակուր են տալիս, այլ «հարվածում են» թույլ էլեկտրական հոսանքով։ Շները փակված են արգելքով, որը չեն կարող հաղթահարել։ Որոշ քանակի փորձերից հետո արգելքը դարձնում են ցածր, հեշտությամբ հաղթահարելի։ Ինչպես խոստովանում է Սելիգմանը, նա սպասում էր, որ այս դեպքում լսելով կամ տեսնելով ազդանշանը շները պետք է հաղթահարեն արգելքը և փախչեն։ Ավաղ, արդյունքը անսպասելի և դաժան էր։ Գիտափորձի մասնակից բոլոր շները ազդանշանից հետո պառկում են հատակին և վախեցած վնգստում։ Գիտափորձին չմասնակցած կամայական շուն հեշտությամբ հաղթահարում է այդ արգելքը և փախչում։ Այդ երևույթը հեղինակը անվանեց «ձեռք բերովի անօգնականության համախտանիշ (սինդրոմ)», հասկացություն, ինչը տեղ է գտել ժամանակակից ֆիզիոլոգիայի և հոգեբանության մեջ։ Ցանկացողները ավելի մանրամասն կարող են ծանոթանալ այս հղումով՝ (Martin E. P. Seligman, Learned helplessness)։

Փորձերը շարունակեցին մարդկանց վրա, պարզապես էլեկտրական «շոկը» փոխարինվեց ձայնային աղմուկով։ Արդյունքը նույնն էր, փոքրաթիվ փորձերից հետո մարդիկ դառնում էին անօգնական, ազդանշանից հետո նույնիսկ չէին փորձում դուրս գալ «դիսկոմֆորտ» վիճակից։

Ձեռք բերովի անօգնականության վիճակին հասած մեր հասարակության համար ձայնա-լուսային ազդանշանները, որոնք պարբերաբար «միացվում են», ավելի քան տեսանելի են։ «Վայ, նախկինները» – կարճ միացում, վնգստոց։ «Վայ, ալիև, պատերազմ» – կարճ միացում, վնգստոց։ «Մենք տկար ու խեղճ ենք» – պերմանենտ վնգստոց։

Հայաստանը հերթական անգամ փորձադաշտ սարքած արտաքին ուժերի քաղտեխնոլոգիան, մեր տհասները դժվար թե ինքնուրույն այդքան կարողանային, ակնհայտ արդյունք տվել է։ Երբ արդեն թողել են իրենց դրածոների ավտոնոմ կառավարմանը՝ ի հայտ են գալիս կիսագրագետ թափթփուկների անկիրթ լինելու արդյունքները։ Միակ բանը, որ կարող են անել, դա տառասխալով հայերեն շարադրություն գրելն է։

Հիմա էլ միաբջիջ զանգվածը շարադրություն է գրում «որտեղ հաց՝ այնտեղ կաց» ասացվածքի մոտիվներով։ Որ բոլոր ազգերը նմանատիպ ասացվածքներ ունեն՝ չեմ կասկածում։ Միայն ռուսական “где харчи там торчи” տառացիորեն նույն միտքը բավական է դրանց լռեցնելու համար։ Է՞, էս տհասներից ի՞նչ ուզես, նույնիսկ ռուսերեն չգիտեն։

Պրոբլեմը այս կենցաղային գաղափարախոսության հետևորդների թվի մեջ է՝ մնացածը տեխնիկայի հարց է։ Ամենուրեք էլ կան մարդիկ, ովքեր «ավելի լավ է կուշտ լինենք, քան սոված» ֆիզիոլոգիական հիմքեր ունեցող մտքից ավելի բարդ գաղափար ոչ կրում են, ոչ էլ կարող են գեներացնել։ Դժբախտությունը գալիս է, երբ նրանց թիվը հասարակության մեջ գերազանցում է այն սահմանը, երբ ինքնամաքրվելը անհնար է։ Եվ ամբողջ աշխարհի համար դժբախտության վերածված դեմոկրատիան իր անիմաստ մեթոդներով բերում է նրան, որ ախուրյանցիանոները և կուրթանեցիմեխակները ընտրում են իրենց նմանակին։

 

Սասուն ԳԵՎՈՐԳՅԱՆ

 

Նախկին Երֆի նախկին աշխատակից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930