Լրահոս
Օրվա լրահոսը

Ամեն այսպիսի դեպքը մարսելուց հետո` ավելի լկտի է դառնում այս իշխանությունը. Մենուա Սողոմոնյան

Նոյեմբեր 01,2024 18:03

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Երեւանի պետական համալսարանից ինձ ապօրինաբար ազատելը վիճարկող հայցադիմումս, երկարատեւ արհեստական ձգձգումներից հետո, ի վերջո ընդունվել է դատական վարույթ։ Ես վերադառնալու եմ ԵՊՀ»,-ֆեյսբուքի իր էջում գրել է ԵՊՀ-ից քաղաքական հայացքների համար դասավանդելու հնարավորությունից զրկված՝ ԵՊՀ քաղաքագիտության ամբիոնի նախկին դոցենտ, «Հայաքվեի» նախաձեռնող խմբի անդամ Մենուա Սողոմոնյանը:

«Ես սեպտեմբերի վերջին դիմել էի դատարան՝ այն հայցով, որ հրամանը, որով ինձ ազատել են, ճանաչվի անվավեր, նաեւ դրա հիմքն էի չեղարկել, որովհետեւ կեղծ հիմքով էին ինձ աշխատանքից ազատել՝ ժամկետը լրանալու կապակցությամբ: Այսինքն՝ ժամկետը լրանալու կապակցությամբ այդ տրամաբանությամբ ազատելու էին ԵՊՀ շուրջ 1300 դասախոսի, որովհետեւ վերջին հինգ տարիների ընթացքում նոր-նոր են սկսել ընտրություններ անել, 5 տարվա ժամկետով հրամանագրելու համար: Ամենամյա հրամանագրում էին անում իրենք» ,-Aravot.am-ի հետ զրույցում նշեց Մենուա Սողոմոնյանը:

«Իմ հայցի բովանդակությունը նաեւ հետեւյալն է ներառում, որ ինձ ազատել են իմ քաղաքական գործունեությամբ պայմանավորված՝ խտրականության հիմքով: Հայցը վարույթ ընդունելու հետ կապված արհեստական ձգձգումներ էին տեղի ունենում: Ի վերջո, մոտ մեկ ամսվա դեգերումներից հետո դատարանը հայցս վերջապես վարույթ ընդունեց: Սա էր, որ տեղեկացրել էի հանրությանը ֆեյսբուքում»,- նշեց մեր զրուցակիցը:

ԵՊՀ քաղաքագիտության ամբիոնի դոցենտը քաղաքական հայացքների համար հեռացված իր բոլոր գործընկերներին կոչ արեց ձեռքի տակ եղած բոլոր հնարավոր միջոցներն օգտագործել նման անօրինությունների դեմն առնելու համար՝ առաջին հերթին իրավական գործընթացները. «Ես հասկանում եմ, որ մարդկանց վստահությունը շատ է նվազել՝ այդ թվում դատական համակարգի նկատմամբ, բայց ամեն ինչ պետք է օգտագործել: Առաջին ատյանում չստացվեց, պետք է դիմել վերաքննիչ, վերաքննիչում չստացվեց, պետք է դիմել վճռաբեկ, այդպես հարցը հասցնել հնարավոր բոլոր ատյանները:

Հասկանալի է, որ դա նյարդատար, ժամանակատար գործընթաց է, բայց այդ եթե մտավորականը չի պայքարում, ապա ումի՞ց ակնկալի, որ պետք է պայքարի առաջնորդը լինի: Այսօր բոլորին՝ եւ հասարակ գյուղացուն, եւ դասախոսին, եւ պաշտոնյային ու գործարարին, ով ինչ-որ ձեւով դիրքորոշում է արտահայտում, նեղացնում են: Հիմա այդ հարցը որոշակի սոցիալական խմբեր պետք է իրենց վրա վերցնեն: Մարդիկ, որոնք իրենց մտավորական են համարում, պետք է իրենց վրա վերցնեն պայքարի վճռականությունը եւ հետեւողականություն ցուցաբերեն»:

Մեր հարցին՝ եթե ներկայացնելու լինի այսօրվա համալսարանը, ԵՊՀ-ում տիրող իրավիճակը, ինչ բնորոշում կտա, Մենուա Սողոմոնյանն այսպես արձագանքեց. «Ցավոք սրտի, վախը եւ հարմարվողականությունը շատ են տարածվել, հատկապես վախը: Իմ բազմաթիվ գործընկերներ, որոնց տեսնում եմ փողոցում, ափսոսանք են հայտնում, բայց հանրային եւ բուհի ներսում հարցեր չեն բարձրացնում: Խոսքն իհարկե, բոլորի մասին չէ: Մարդիկ կան, որ իրենց դիրքորոշումը ցույց են տալիս: Ցավոք քչերն են այդպես վարվում, մարդիկ չեն ընկալում հարցը որպես ընդհանուր հարց, շատերը սա ընկալում են որպես իմ հարց, ինչը ճիշտ չէ, որովհետեւ ամեն այսպիսի դեպքը մարսելուց հետո այս իշխանությունն ավելի լկտի է դառնում:

Շատ ավելի համարձակություն ցուցաբերում են ուսանողները, բայց նրանց գործողությունների նկատմամբ եւս կա սեւեռուն ուշադրություն: Այնպես որ՝ ես այդ երեխաներին չեմ կարող մեղադրել ինչ-որ բաներ չանելու համար: Մթնոլորտն այսպիսին է: Վախ եւ հարմարվողականություն: Չէի ասի, որ համատարած է, որովհետեւ Մայր բուհը միշտ էլ համեմատաբար տարբերվել է իր ազատամտությամբ, բայց, ցավոք սրտի, անգամ Կոմկուսի կառավարման շրջանում շատ ավելի մեծ էր այդ ազատամտությունը, քան հիմա…»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930