Լրահոս
Օրվա լրահոսը

Սուրիկ Խաչատրյանի փաստաբան. «Դեպքերը տեղի են ունեցել շատ վաղուց եւ եթե դրանց մասին տեղեկատվություն ստանալը բարդ է, պատկերացրեք, կոնկրետ ապացույց ձեռք բերելն ինչքան բարդ է»

Նոյեմբեր 01,2024 17:39

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Հակակոռուպցիոն դատարանում դատավոր Նարինե Ավագյանի նախագահությամբ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եւ մյուսների՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի վերաբերյալ դատական նիստում կողմերն այսօր ներկայացրին ապացույցները, արեցին միջնորդություններ:

Դատարանը ավելի վաղ ապացուցման պարտականությունը բաշխելու վերաբերյալ որոշում էր կայացրել եւ սահմանել էր ժամկետ, որպեսզի կողմերը ներկայացնեին ապացույցներ:

Սուրիկ Խաչատրյանի փաստաբանական թիմը ներկայացրել է ապացուցողական բավականին մեծ զանգված, որով, ըստ նրանց, հիմնավորվում է այն հանգամանքը, որ Սուրիկ Խաչատրյանն ունեցել է օրինական եկամուտներ եւ այդ օրինական եկամուտներն էլ հիմնավորում են իր գույքերի օրինական լինելը:

«Ներկայացվել են խնայդրամարկղի ավանդային գրքույկներ, ապացույցներ՝ արտերկրից գումարներ ստանալու վերաբերյալ, ինչպես նաեւ Սուրիկ Խաչատրյանի կողմից 1980-1990-ական թվականներին Ուկրաինայում գործունեություն ծավալելու, այնտեղ եկամուտ ստանալու եւ այդ եկամուտները Հայաստանի Հանրապետություն տեղափոխելու վերաբերյալ ապացույցներ, գյուղատնտեսությամբ զբաղվելու օրինակներ, դրանցով օրինական եկամուտներ ստանալու ապացույցներ: Մի ստվար զանգված ապացույցներ էլ ունենք ներկայացնելու հաջորդ դատական նիստերի ընթացքում»,-ասաց Սուրիկ Խաչատրյանի ներկայացուցիչ, փաստաբան Մարգարիտա Ղազարյանը:

Նա Aravot.am-ի հետ զրույցում հավելեց նաեւ, որ այս ժամանակահատվածում հնարավոր չի եղել ամբողջությամբ բացահայտել օբյեկտիվ իրականությունը, ամբողջությամբ ձեռք բերել անհրաժեշտ ապացույցները: «Դա պայմանավորված է եղել օբյեկտիվ հանգամանքներով: Նախ, Սուրիկ Խաչատրյանի առողջական վիճակով, հաջորդիվ արդեն այն պատճառով, որ դեպքերը, իրադարձությունները տեղի են ունեցել շատ վաղ եւ մենք փորձում ենք դեպքերի մասին տեղեկատվություն ստանալ: Եվ եթե դեպքերի մասին տեղեկատվություն ստանալը բարդ է, պատկերացրեք, դրա վերաբերյալ կոնկրետ ապացույց ձեռք բերելն ինչքան բարդ է»:

Դատախազության ներկայացուցիչ Գեւորգ Քոչարյանը միջնորդություն ներկայացրեց, որ մինչ այդ հայցին կից ներկայացված ապացույցները ճանաչվեն որպես գրավոր ապացույց: Դատարանը դրանց մի մասը թույլատրեց եւ կցեց գործին: Դրանք Սուրիկ Խաչատրյանի սնանկության վարույթին վերաբերող փաստաթղթերն են:

Դատախազը ներկայացրեց նաեւ բնակարանի խուզարկության ինչ-որ տեսագրություն, որը դատարանը չթույլատրեց ոչ վերաբերելի լինելու պատճառաբանությամբ: Դատախազությունը նաեւ փորձագետների դատարան հրավիրելու եւ նախազգուշացնելու վերաբերյալ միջնորդություն ներկայացրեց, ինչի դեմ պատասխանող կողմը առարկեց: Բայց դատարանը միջնորդությունը բավարարեց:

Մեր հետ զրույցում Մարգարիտա Ղազարյանը հավելեց. «Գրավոր ապացույց թույլատրելու վերաբերյալ միջնորդություն ենք ներկայացրել՝ կցելով բոլոր անհրաժեշտ ապացույցները, մի շարք անձանց հարցաքննելու վերաբերյալ միջնորդություն ներկայացրեցինք, որոնք հիմնավորում են Սուրիկ Խաչատրյանի մոտ օրինական եկամուտների առկայության եւ գույքերը օրինական եկամուտներով ձեռք բերված լինելու փաստերը: Մի շարք փորձաքննություններ նշանակելու վերաբերյալ միջնորդություններ են ներկայացվել՝ դատաֆինանսատնտեսական, դատահաշվապահական, գյուղատնտեսական, ապրանքագիտական: Դրանց քննարկումն, ըստ էության, հաջորդ դատական նիստում տեղի կունենա: Ներկայացվեցին ընթացիկ այլ միջնորդություններ, որոնք պարզապես այս դատական նիստով չքննարկվեցին:

Ամեն դեպքում ապացույցների ներկայացման վերջնաժամկետը երկարաձգվեց մինչեւ դեկտեմբերի 12-ը: Այսինքն, էլի ժամանակահատված տրվեց, որպեսզի ապացույցներ ներկայացվեն»,-ասաց փաստաբանը:

Aravot.am-ի ճշտող հարցին, թե դատական նիստում արձանագրվե՞ց, որ Սուրիկ Խաչատրյանը առողջական խնդիրներ ունի եւ այդ պատճառով ներկայումս գտնվում է հանրապետությունից դուրս, Մարգարիտա Ղազարյանը հաստատեց, որ իսկապես իր պաշտպանյալն առողջական խնդիրներ ունի եւ գտնվում է դրսում:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930